Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉՄՏԱԾԻ»

Օգոստոս 19,2010 00:00

\"\"Ըստ Վարդան Բոստանջյանի՝ խորհրդարանում կհայտնվեն նույն ուժերը

– Քաղաքական կրքերը կարծես ավելի հանդարտ են, թեպետ, թվում է, այս գնաբարձրացման պայմաններում պետք է որ մարդիկ դժգոհեին, որոշակի տրամադրություններ արտահայտեին, չէ՞ որ գները բարձրանում են, բայց աշխատավարձերը մնում են նույնը, գոնե ձեւի համար ընդվզեին, սակայն, մեր հասարակությունը զարմանալիորեն հանդարտ է ամեն ինչի հանդեպ, ինչո՞ւ է այդպես:
– Իհարկե, չափագրությունների առումով չեմ համարձակվի շատ հստակ ասել, որ ձեր թվարկած բոլոր պահերի հետ կապված որն ավելի ուրիշ տեսակարար կշիռ ունի, բայց մի բան ակնհայտ է, որ տեղի է ունենում շատ ցածրորակ կառավարում, բայց, եկեք դա ոչ թե պայմանավորենք միայն կառավարմամբ, այլ՝ որոշ չափով նաեւ թողտվությամբ, որի պարագայում, ամենայն հավանականությամբ, բոլոր նրանք, ովքեր կանգած են որոշակի ղեկերի մոտ, երեւի արդեն հասկանում են, որ կարելի է անել այն, ինչ ուզում են անել: Հակառակ պարագայում՝ գնաճի այսպիսի մակարդակը, իսկապես, շատ ցավալի կամ անհասկանալի երեւույթ է:
Ինչ վերաբերում է քաղաքական, այսպես կոչված, հանդարտությանը, դա միայն արտաքին դրսեւորում է: Թվում է՝ քաղաքական մարմիններն ամբողջ ուժով չեն աշխատում, բայց, իրականում, բոլորը, այո, պատրաստվում են 2012 թվականին եւ մեծ պայքար են մղում: Ու այս պայքարն արդեն այսքան սուր սկսելը խոսում է այն մասին, որ քաղաքական ուժերը եւ, այսպես կոչված, «քաղաքական ուժերը», բոլորը մտածում են տարբեր բաների մասին: Ընդհուպ ես կուզեի մտածել, որ նրանք ոչ թե մտածում են անպայման խորհրդարանում հանգրվանելու մասին, այլ մտածում են խորհրդարանի համար պայքարի արանքում որոշակի դիվիդենտներ հավաքագրել: Ինքներդ էլ գիտեք, որ կան քաղաքական ուժեր, ես ուզում եմ մինչեւ անգամ չկասկածել, որ նրանց մեծ մասը ուղղորդված է, որոնք, հասկանալով, որ երբեք չեն հավաքելու անհրաժեշտ ձայներ, իմիտացիա են անում, որ կարծես պայքարում են ինչ-որ բանի համար: Բնականաբար, հասարակությանն ապակողմնորոշելու համար կարող են ամենատարբեր հրապարակային ներկայացումների միջոցով ինչ-որ բաներ ասել: Բայց դա ստեղծում է բազմաբեւեռ, խուճուճ մի վիճակ, որի պարագայում մշուշն ավելի շատ է:
– Խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի պատկերը արդյո՞ք էականորեն է փոխվելու, թե էլի նույն դեմքերն ու նույն ուժերն են հայտնվելու խորհրդարանում:
– Ոչ, էականի մասին մի խոսեք: Եթե Աստված ուրիշ բան չմտածի, ուրիշ բան չկամենա, նույն ուժերն են լինելու:
– Ի՞նչ պետք է մտածի կամ ի՞նչ պետք է կամենա Աստված:
– Պետք է մտածի, որ արդեն բավարար են բոլոր այն դժվարությունները, որ կրել է հայ ժողովուրդը:
– Իսկ ինչպիսի՞ ընդդիմություն կունենանք 2012-ի խորհրդարանում:
– Ողորմելի:
– Սա գրելո՞ւ եմ:
– Ինչու՝ ոչ:
– Այսօր մի քանի ձեւի, մի քանի տեսակի ընդդիմություն կա, եւ բոլորն էլ այնպես են ներկայացնում, որ անպայման անցնելու են խորհրդարան: Ես նկատի ունեմ դաշնակցությանը, նկատի ունեմ «Ժառանգությանը», նկատի ունեմ ՀԱԿ-ին, էլի մի շարք ուժեր: Իսկ դուք ընդդիմության ո՞ր տեսակը նկատի ունեք:
– Թույլ տվեք, որ ես անվանումներ չտամ, բայց հասկանում եմ, որ սրանք հրահանգավորված կամ չհրահանգավորված, իմիտացիա ներկայացնող ուժեր են, որոնք քաղաքական պայքարում, արդեն ակնհայտ երեւում է, որ չեն կարող դուրս գալ առաջին պլան: Սա գրեթե հավասարապես վերաբերում է բոլորին, այն ուժերին, որոնց մենք իբր տեսնում ենք կամ լսում ենք: Իսկ ինչ վերաբերում է իսկական ընդդիմությանը, իսկական ընդդիմությունը հասարակությունն է, մեր բնակչությունն է, որն ունի, կարծում եմ, հայ մենտալիտետից բխող մի գիծ: Բացատրեմ: Մենք երեւի շատ լավն ենք, բայց այդ առումով մենք զիջում ենք անգամ Ղրղըզստանին: Այսինքն, այս ընդդիմադիր հասարակությունը չի սիրում առճակատումներ, չի սիրում առճակատումների մեջ մտնել եւ դժվար վիճակում մտածում է թողնել երկիրը: Եվ եթե, տեսականորեն, հանկարծ սա այսպես շարունակվի, մի օր մենք կհայտնաբերենք, որ Հայաստանի Հանրապետության տերիտորիան դատարկվել է:
– Ընդդիմության առաքելությունը պայքարն է, ոչ թե հեռանալը:
– Այո, բայց դա լինում է այն ժամանակ, երբ այդ ընդդիմությունն ուժ ունի:
– Ուզում եք ասել՝ մեր հասարակությունը ուժ չունի՞:
– Ստացվում է այդպես:
– Դուք փաստորեն ոչ մի լավ բանի չեք հավատում եւ մտածում եք, որ ոչինչ չի փոխվելու:
– Դրանք սին խոսքեր են: Ես չեմ էլ տարվում հարցումներով, ես տեսնում եմ իրականությունը, ես ամեն քայլափոխի տեսնում եմ այն, որ ամեն մեկը, ունի այդ հնարավորությունը, թե չունի, ուզում է օտարվել:
– Դուք ելք տեսնո՞ւմ եք, ի՞նչ անել, որ հասարակությունը չօտարվի, որ մարդիկ չմտածեն գնալու մասին, կարելի է, չէ՞, ինչ-որ բան անել, թե՝ անհնարին եք համարում:
– Ոչ, ի՞նչ եք ասում, անհնարին ոչինչ չկա, ամեն ինչ հնարավոր է: Եվ, փառք Աստծո, հայ մարդը, անկախ նրանից, որ հիմա տառապում է փողի մոլուցքով, բայց, բոլոր դեպքերում, առողջ շիթեր բավականչափ ունի իր մեջ, եւ, ինքնաբավության մակարդակը հաշվի առնելով, կարելի է մտածել, որ իրենք հաստատ մեծ բաներ չեն ուզելու: Նկատի ունեմ, եթե մարդիկ աշխատանք ունենան, հեռանկարի հույս ունենան, մեծ բաներ չեն ուզելու, եւ դա ոչ միայն հայ ժողովրդին է վերաբերում, դա բոլորին է վերաբերում: Մարդիկ հուսալքվում են միմիայն այն դեպքում, երբ չեն կարողանում իրենց ստեղծած ընտանիքը, երեխաներին պահել, տալ կրթության, ունենալ եկամուտներ: Իսկ մեր հազարամյակների պատմությունը ցույց է տվել, որ միշտ մի լույս բացվել է: Հիմա ես դժվարանում եմ ասել, թե դա ինչպես տեղի կունենա, բայց մենք ինքնաբավ ենք: Մարդկության մի 10 տոկոսն է հիվանդ, որն ուզում է բաներ, որոնց համար չունի ոչ մի վաստակ, ոչ մի հիմք, իսկ մնացածը շատ իրատես է: Համապատասխան, ոչ մեծ, եկամուտների եւ աշխատանքի առկայության պայմաններում մարդիկ երբեք որեւէ բողոքի ալիք որեւէ տեղ չեն ներկայացնի:
– ՀԱԿ-ի ներկայացուցիչներից մեկը՝ Գառնիկ Մարգարյանը, օրերս հայտարարեց, թե սեպտեմբերի 17-ին, երբ կսկսվեն ՀԱԿ-ի հանրահավաքները, դա կլինի իշխանափոխության սկիզբը: Որքանո՞վ է դա իրատեսական:
– Ես շատ մշուշոտ եմ նայում, բոլոր դեպքերում չեմ բացառում մի բան:
 Մի ֆիլմ կա, Չարլի Չապլինը շատ տխուր վիճակում փոքր դրոշակը պտտելով մենակ գնում է, եւ կամաց-կամաց հետեւից մի ամբողջ հսկայական զանգված է գալիս, եւ ինքը դառնում է, այդպես ասած՝ հեղափոխության լիդեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել