Լրահոս
Օրվա լրահոսը

44. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Օգոստոս 20,2010 00:00

\"\"
Քաղաքային զուգարանը՝ Կրիվոյում:

\"\"
Կրիվոյի վերջին մոհիկանը՝ Վարդգես Զմոյանը:

\"\"
Եկեղեցին՝ Կրիվոյի փողոցից:

\"\"
Նպարավաճառ Անուշ Օհանյանը:

Վարդանանց փողոցով անցնելիս հայտնվեցի Ոսկու շուկայի առջեւ։ Այստեղ բացակայում էր սովորական եռուզեռը։ Մի վաճառողուհի, որը ճանաչում էր ինձ, հայտնեց, որ մի քանի օրից փակում են շուկան, քանի որ Մետաքսի թաղում նոր շուկա է բացվում։ Ես պետք է Գրիգոր Լուսավորչի եկեղեցի մտնեի, սակայն շուկայի ու եկեղեցու արանքում ետնախորշերի թաղամաս նկատեցի, որը հին Կրիվոյի ու Նարիմանովի փողոցներն էր հիշեցնում։ Ոչ մի ցուցանակ չկար, իսկ մի ավտոտնակի դարպասի վրա գրված էր՝ «Կրիվո»։ Մի տարեց ու նիհար մարդ դեպի ձախ թեքվեց, ու քայլեցի նրա ետեւից։

– Բարեւ ձեզ,- ասացի ես,- այս փողոցը հին Կրիվոյն է հիշեցնում։

– Հենց Կրիվոյն է, որ կա,- պատասխանեց նա,- էս մի կտորն է մնացել։

– Կրիվոյի հին բնակիչ կա՞ այս հատվածում։

– Հին բնակիչներից միայն ես եմ մնացել, մնացած բոլորը Հայաստանի տարբեր շրջաններից են եկել ու գրանցում չունեն։ Կոմունալ հարմարություններ չկան, զուգարան, բաղնիք չունեն տները։ Կարիքի դեպքում խորհրդային տարիներից մի զուգարան է մնացել, ոչ ջուր կա, ոչ էլ որեւէ սպասարկում, ներս մտնել չի լինում։ Մարդիկ սպասում են, որ գիշերը գա՝ պատերի տակ… Կրիվոյի հին բնակիչներից ինձնից մեծը Դաբաղյան Ոստանիկն է, 80- ն անց է, բայց նա պետական տանն է ապրում։ Պատերազմի մասնակից է։ Էնքան մեդալներ ուներ, որ դոշին տեղ չկար կախելու։

– Կարո՞ղ եմ տեսնել նրան։

– Հիվանդ է, անտեր ու անկողնուն գամված։

– Մի տեղ նստենք, զրուցենք,- առաջարկեցի ես։

Աթոռ բերեց, նստեցինք աղբյուրի մոտ։

– Գառնիի ջուրն է, ամենալավ բանը, որը մնացել է հին Կրիվոյից։

Աղբյուրի մոտ հին «Երազի» ժանգոտած թափք էր մնացել։

Փողոցի մյուս կողմում արկղերի մեջ բանջարեղեն՝ սմբուկ, պղպեղ, կանաչիների փնջեր, լոլիկ էր շարված։ Վաճառողուհին անգործ նստած զրուցում էր փողոցի եզակի անցորդների հետ։ Դիմեցի զրուցակցիս.

– Պատմի՛ր քո մասին։

– Վարդգես Զմոյան, ծնված 1935 թվականին։ 44 տարի վարորդություն եմ արել, որի դիմաց 32 հազար դրամ թոշակ եմ ստանում։ Մեր փողոցում հիմնականում արհեստավորներ էին ապրում։ Բայց շրջկոմի քարտուղար էլ է ապրել, հանրապետության դատախազ էլ։ Անունները չգիտեմ, իհարկե, անունով տղերք էլ կային, որոնք հարգված էին քաղաքում, օրենքով գողեր էլ կային։ Փողոցի 13 տներում մեզանից բացի ոչ ոք քաղաքի գրանցում չունի։ Ասում են՝ շուկան տեղափոխում են, տեղում այլ շինություն են հիմնելու։

– Կքանդե՞ն փողոցը։

– Եթե Ոսկու շուկայի շենքը քանդեն ու նոր շենք կառուցեն՝ Կրիվոյի վերջին հատվածն էլ կքանդեն։

– Ու նոր տո՞ւն կստանաք։

– Հիմա կնոջս հետ այս ավտոտնակում եմ ապրում։ Ամռանը ահավոր շոգ է, ձմռանը՝ ցուրտ։ Տես, տախտակ եմ դրել, որ կարիճներն ու միջատները տուն չմտնեն։ Բայց կարիճները շատ են խորամանկ, միշտ մի ճեղք գտնում են։ Տե՛ս, դարպասի տակ քեչա եմ խցկել, որ կարիճները չմտնեն։

– Բայց 75 տարի այստեղ եք ապրել, չէ՞։

– Քիչ այն կողմ մեր տունն է՝ կոմունալ հարմարություններով։ Ուղղակի հզոր մարդիկ եկան եւ ուժով մեզ դուրս արեցին տնից, հետո այն վաճառեցին ուրիշների, տնային գիրքը խլեցին, գրանցեցին անօրեն բնակիչներին, չնայած 1970 թվից գրանցումը այս փողոցում արգելված է։ Հիմա ուզում են ինձ գրանցումից հանեն։ Դատարանում է գործը։

– Ովքե՞ր են այդ ուժեղները։

– Ոսկու շուկայի տերերը։

– Ինչ որ առիթ եղե՞լ է, որ խլել են տունը։

– Կրիվոյի 48 համարի տունն էր մերը։ Հետո իմացանք, տղաս որ փող էր պարտք արել, առեւտուր արել, տակ էր տվել։ Եկան ու դուրս արեցին իմ տնից,- մի պահ լռեց, ապա դիմեց կացարանի վերածված ավտոտնակում գտնվող ինչ- որ մեկին,- Հրա՛ծին, սուրճ բեր հյուրի համար։

– Շնորհակալություն, ես Գառնիի սառը ջուրը գերադասում եմ սուրճից։

Տնակի դռան տեղում կախած փեղկը ետ քաշվեց, հայտնվեց Հրածինը՝ կինը։

– Բաժակ բեր, որ ջուր խմի հյուրը։

– Ձեռքի ափով եմ խմում, շատ համով սառը ջուր է,- ասացի ես,- առողջությունդ ինչպե՞ս է։

– Լեղապարկս է հիվանդ,- ասաց Վարդգեսը,- բժիշկները դեղեր են նշանակել՝ 40 հազար դրամ, 38 հազար… ուրիշ դեղատուն եմ գնում, որ էժան լինի, տեսնում եմ նույն դեղը՝ 45 հազար դրամ։ Իմ թոշակով ո՞նց գնեմ։ Տղաներս չեն աշխատում, վարձով են ապրում։ Թոռներիս համար մի բան եմ առնում, մենք էլ մի կերպ… հա, մի կարեւոր բան էլ ունեմ ասելու. մեր փողոցում թափառող շներ կան, գիշերը անցնել չի լինում, վրա են տալիս։ Ո՞ւմ դիմեմ, չգիտեմ։

– Եթե վճարովի շարժական զուգարան դնեն, ժողովուրդը կօգտվի՞։

– Է՜, իմ դարդն էնքան խորն է…,- ասաց հին Կրիվոյի «վերջին մոհիկանը»։

Նեղ ու ծուռումուռ փողոցով դեպի ցած քայլեցի։

50 մ հեռու կրկին բանջարեղենով լեցուն արկղեր են շարված։

– Այսքան մոտիկ նույն ապրանքն եք վաճառում,- վաճառողուհուն՝ Անուշ Օհանյանին դիմեցի ես,- իրար չե՞ք խանգարում։

– Է՜, բա ինչ ենք անում, բայց ի՞նչ անենք, ապրելու ուրիշ միջոց ասա, անեմ։

– Որտեղի՞ց եք եկել Կրիվոյ փողոցը։

– Սիսիանից։ Երեխաներս սովորում են, եկել ենք օգնենք։ Բայց ես ծնունդով Մարտակերտից եմ։ Սիսիան հարս եմ գնացել։ Ինձ էլ նկարի, որ «Առավոտում» տեսնեն:

Կացարանի վերածած ավտոտնակներ ու վագոն- տնակներ կային փողոցի ձախ կողմում, որոնք փակ էին։

Կրիվոյի հարեւանությամբ՝ բարձր դիրքով վեհորեն բազմել է հայոց պաշտամունքային կառույցների մեջ խոշորագույն տաճարը՝ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին։ Ասում են, որ եկեղեցիները հատուկ էներգետիկ դաշտերում են կառուցում։ Մարդիկ մի այնպիսի գործիք չեն կարողացել ստեղծել, որ չափի, թե տիեզերական ի՞նչ զորության էներգետիկ ուժ է կենտրոնացված տվյալ վայրում։ Խոսքը ոգեղեն էներգիայի մասին է։ Ըստ էության, Երկիր մոլորակը բացարձակ դիրք ունի Տիեզերքում։ Հավանաբար, միջաստղային էներգիան հավասարաչափ չի բաշխվում երկրի վրա։ Ինչ- որ սկզբունքով հեթանոս քուրմերը կարողանում էին ճանաչել ու գտնել էներգետիկ կուտակումներով վայրերն ու այդ վայրերում էլ մեհյաններ էին կառուցում։ Քրիստոնյա հայրերն էլ ընդունում եւ գնահատում էին նրանց այդ կարողությունները ու նրանց ընտրած վայրերում ավերված մեհյանի փոխարեն եկեղեցի կամ վանք հիմնում։ Եթե այս տաճարը նման տիեզերական էներգակիր դաշտում է կառուցվել, ուրեմն նախկինում, երբ նման տաճար կառուցելու մտահղացում էլ չկար, Կրիվոյի ու Նարիմանովի ետնախորշային փողոցների բնակիչները տիեզերական ուշադրության կենտրոնո՞ւմ էին գոյատեւում։ Ու Կրիվոյի իմ զրուցակիցը՝ 75- ամյա Վարդգեսը իր հիվանդ լեղապարկով կամ անկողնուն գամված 89- ամյա Ոստանիկը իրենց ողջ կյանքում վայելել են տիեզերքի՝ Երկիր ուղարկած էներգիան։

Ներս մտա ու տեղ գրավեցի եկեղեցու վերջին նստարանին։ Հսկա սրահում ոչ մի կերպ չի լինում կապվել Երկնայինի հետ։ Հայերս սովոր ենք փոքրիկ մատուռներում, առանց միջնորդի, միայնակ կապվել ու խոսել Աստծո հետ։ Ինձնից առաջ նստարաններին իրանցի մի զույգ էր նստել։ Սեւ փարաջայի մեջ փաթաթված աղջիկը ետ էր շրջվել դեպի երիտասարդը։ Նրանց ձեռքերի թեթեւակի հպումից հասկացա, որ սիրահարներ են։ Մահմեդականների՝ քրիստոնեական տաճար գալը ամենեւին էլ չզարմացրեց ինձ, քանի որ Նոր Ջուղայում (Սպահան) տեսել էի, թե ամեն օր ինչքան մահմեդական ուսանողուհիներ են գալիս Ամենափրկիչ վանքի կաթողիկեն։ Տեղի թեմի առաջնորդը բացատրեց, որ պարսկուհիները գալիս են տեսնելու կաթողիկեի պատերին կիսամերկ Քրիստոսի կամ այլ մարդկանց որմնանկարները։ Քանի որ մահմեդականների շրջանում արգելված է Ալլահին կամ, ընդհանրապես, մարդ պատկերելը, աղջիկների՝ տղամարդու մարմնի հետ առաջին ծանոթացումը տեղի է ունենում ուշ միջնադարի հայ գեղանկարիչներ Մինասի, Հովհաննես Մրքուզի, Բոգդան Սալթանովի հրաշագեղ որմնանկարներում։

Պարսկական զույգը սկսեց շրջել տաճարում։ Երեք աղջիկներ մի անկյունում տեղադրեցին յոթ ծաղկեպսակ, ապա հարսանեկան երեք զամբյուղները ձեռքներին՝ հարսնահանդես էին պատրաստում։ Տաճարի ջահերը պայծառացան, տաճարը հեղեղվեց առատ լույսով։ Նախշազարդ գլխաշորով մի կին տաճարի սյան տակ ծնկաչոք, գլուխը հպել էր սյանը, աղոթք էր մրմնջում։ Իսկ 16- ամյա աղջիկը դեմքով փարվել էր Ավետարանին, չնայած ընկերուհիների թախանձանքներին, ոչ մի կերպ չէր ուզում պոկվել Սուրբ գրքից։ Շուտով հայտնվեցին նորապսակները, որոնք մոմեր բռնած երեխաների ու եկեղեցականի ուղեկցությամբ քայլեցին դեպի բեմ։

Իմ առջեւ փոքրամարմին մի աղջիկ հայտնվեց։

– Աղջիկ ջան, դու հավատացյա՞լ ես, թե՝ հենց էնպես, հետաքրքրությունից դրդված ես եկեղեցի եկել,- դիմեցի ես։

– Ես հավատում եմ Աստծուն ու եկել եմ աղոթելու։

– Հետաքրքիր է. ի՞նչ ես խնդրելու Աստծուց։

– Վաղը Պետհամալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում իմ վերջին քննությունն է։ Անգլերեն եմ հանձնելու։ Ես անգլերենը ամենաշատն եմ սիրում։

– Հայերենից առավե՞լ։

– Այո, հայերենը չեմ սիրում։

– Քո մայրենի լեզուն չե՞ս սիրում։ Երեւի ժամանակակից հայ գրողներին էլ չեք ճանաչում։

– Իրոք, դպրոցում այդ գրողների մասին ոչինչ չեն ասում։ Ծրագրերում էլ չկա։

– Ուրեմն գրականության ու հայերենի վատ ուսուցիչներ ես ունեցել։ Ո՞ր դպրոցն ես ավարտել։

– Նորքի 2- րդ զանգվածում է, Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցը։

– Հա, գիտեմ, ես այդ դպրոցի մասին քննադատական նյութ էի գրել «Առավոտում» («Հայոց պետականության ապագան՝ վտանգի տակ», 25.12.2004թ.), ու երկրի դպրոցական համակարգի աշխատողները հետեւում էին՝ ես իմ հոդվածներով կարո՞ղ եմ հաղթել կոռուպցիոն ու բյուրոկրատական համակարգին։

– Հաղթեցի՞ք։

– Ես գիտեի, որ չեմ հաղթելու, քանի որ հաղթելու համար քաղաքացիական հասարակություն պետք է ունենալ։ Բայց եթե լրագրողներս կաթիլ առ կաթիլ գաղափարներ մտցնենք մարդկանց ուղեղները…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել