Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ ԷԼ՝ ԿԻՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Է»

Օգոստոս 26,2010 00:00

Կամ՝ ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանի «Թագուհին» ստեղծագործությունը

\"\"
Վահրամ Հարությունյանը՝ սեփական «թագուհու» հետ:

«Շախմատային խաղում բոլոր պարտիաների հանգուցալուծումը կախված է թագուհուց, որքան էլ կառավարման ղեկը գտնվի թագավորի ձեռքում: Այսպես է եղել բոլոր դարերում, երբ, օրինակ, ոչ թե Կեսարը կամ Մարկ Անտոնիոն, այլ հենց Կլեոպատրան է լուծել կարեւորագույն հարցերը: Կամ էլ Արշակ Երկրորդի օրոք առանցքային է համարվել թագուհի Փառանձեմի որոշումը: Պատմությունը գլորվելով հասել է մինչեւ 20-րդ դար: Դարձյալ նույն պատկերը: ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահի որոշումների կայացման գործում դերակատարում է ունեցել առաջին տիկին Ռաիսա Մաքսիմովնան… Մեր օրերում էլ ինքնօրինակ թագուհիներ են որոշ պաշտոնյաների կանայք: Այսպիսով, չնայած թագուհին գլխավորը չէ կառավարման համակարգում, սակայն առաջինն է՝ որոշումներ կայացնելիս»,- այսպես «Առավոտի» զրուցակիցը՝ ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ) ներկայացրեց իր մոդեռն աշխատանքը, որը «Թագուհի» է անվանել: Այս ստեղծագործությունը 80 երկրից հրավիրված շուրջ 300 նկարիչների աշխատանքների կողքին կներկայացվի սեպտեմբերի 20-ից՝ Պեկինում մեկնարկող Beijing International Art Bienale-ին:
Սեւի եւ սպիտակի համադրությամբ շախմատային տախտակ հիշեցնող 6 վանդականոց կտավում մեկ թագավոր է՝ առյուծի կերպարով եւ երկու թագուհի, մեկը՝ կնոջ, մյուսը՝ դարձյալ առյուծի տեսքով ու երեք սպիտակ վանդակ: Դրանց իմաստը նկարիչը բացատրեց հետեւյալ կերպ. «Կերպարից դատարկ վանդակին անցնելիս թվում է, թե նա աչքերով ուղեկցում է քեզ: Այն պահին, երբ ուղեկցող հայացքը հանգչում է, դիտողը կտավի սպիտակ հատվածում, անկախ իրենից տեսնում է իր պատկերացրածը»: Այնուամենայնիվ, ինչո՞ւ է թագուհին իշխում աշխատանքում եւ վստա՞հ է, որ այն կընկալվի պեկինյան բիենալեում, Վ. Հարությունյանը պատասխանում է. «Մեր օրերում էլ կան առաջնորդ կանայք, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ այլք: Երկար կարող ենք թվարկել տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում իրենց առանձնահատկությամբ, հատկապես ինտելեկտով աչքի ընկած կանանց… Ի վերջո, կինը առանց պաշտոնի էլ կառավարում է, իսկ տղամարդիկ, միեւնույն է՝ ընդունեն թե չէ, հանդես են գալիս կատարողի դերում»:
Կեսկատակ-կեսլուրջ էլ նկարիչը ավելացրեց. «Յուրաքանչյուր կին կարող է տեսնել իրեն, մանավանդ որ՝ նկարում թագուհին դիմակով է, իսկ դիտող տղամարդն էլ կտեսնի «իր» կնոջը»: Դիտարկմանն էլ՝ փաստորեն, նկարի ողջ «ծանրությունը» ընկած է թագուհու վրա, նկարիչն ասաց. «Այդպես էլ պետք է լիներ, այո, ողջ ծանրությունը նրա հմայքի վրա է: Միայն մի ցանկություն ունեմ՝ որ կինը ծանրությունն ուսերին վերցնելով, չկորցնի կանացի ամենամեծ հարստությունը՝ հմայքը»:
Հարցին, թե ինչո՞ւ իր աշխատանքում թագուհու կերպարը չի պատկերել որեւէ հանրաճանաչ կնոջ տեսքով, Վ. Հարությունյանի պատասխանը կարճ էր. «Հենց կանխամտածված էլ թագուհուն պատկերել եմ դիմակով, որ բոլոր կանայք էլ «տեղավորվեն» դրա ետեւում՝ անկախ հասարակության մեջ գրաված դիրքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել