Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԻՐԱՆԻՆ ՉԵՆ ԶՍՊՈՒՄ

Սեպտեմբեր 08,2010 00:00

\"\"Իրանը, չնայած իր դեմ կիրառվող պատժամիջոցներին, շարունակում է միջուկային ծրագրի ընդլայնման աշխատանքները եւ ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ չի տալիս դիտարկումներ անել: Իրանն այս պահի դրությամբ արտադրել է 22 կգ բարձր հարստացված եւ շուրջ 2,8 տոննա ցածր հարստացված ուրան՝ այն դեպքում, երբ մայիսին ցածր հարստացված ուրանի ծավալը կազմում էր 2,4 տոննա: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին ասված է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացրած վերջին զեկույցում: Նաթանզ քաղաքում գործող ուրանի հարստացման գործարանում, ըստ փաստաթղթի, արձանագրվել է միջուկային նյութերով լցված բեռնամփոփների վրայից ՄԱԳԱՏԷ-ի պաշտպանական կապարակնիքը հանելու չորս դեպք: Իրանը հավաստիացնում է, թե դա տեղի է ունեցել պատահաբար, իսկ ՄԱԳԱՏԷ-ն խոստանում է այդ առնչությամբ հետաքննություն իրականացնել: «Այդ կապարակնիքներն անհրաժեշտ են միջուկային նյութերի օգտագործումը վերահսկելու համար: Եթե դրանք պոկված են, նշանակում է՝ ոչ մի վերահսկողություն էլ չկա»,- աղբյուրի մատուցմամբ, հայտարարել է հետաքննության ընթացքին քաջատեղյակ հետաքննիչներից մեկը:

Վաշինգտոնը Միջազգային գործակալության պատրաստած զեկույցը «անհանգստացնող» է որակել՝ շեշտելով, թե այս նոր զեկույցը վկայում է, որ Թեհրանը շարունակում է ատոմային արսենալի ստեղծման ուղղությամբ փորձերը: Մինչդեռ Թեհրանը, որը հերքում է Արեւմուտքի կողմից ատոմային զենք ստեղծելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքները, պնդում է, թե զեկույցը չափից ավելի միակողմանի է: Դիտորդների կարծիքով, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ութամյա դիմակայությունը կարող է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք եւ Մերձավոր Արեւելքում՝ լուրջ հակամարտություն հրահրել: «ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցելու Իրանի ցանկության բացակայությունը անհանգստացնում է բոլոր նրանց, ովքեր մտահոգված են զանգվածային ոչնչացման զենքի տարածման եւ գլոբալ անվտանգության խնդիրներով»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Թոմմի Վիտորը:

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան Ալի Ասքար Սոլթանեին, սակայն, հայտարարել է, թե նոր զեկույցը «վնաս է հասցրել գործակալության տեխնիկական վարկին» եւ նախորդ զեկույցի համեմատ միակողմանի է:

Անցած ամիս ՄԱԳԱՏԷ-ի բարձրաստիճան նախկին աշխատակիցը հայտարարել էր, թե Իրանը 1-2 ատոմային ռումբ ստեղծելու համար բավարար ծավալի ցածր հարստացված ուրան ունի՝ հավելելով միաժամանակ, թե միջուկային հումքի փոքր պաշար ունենալու պայմաններում նման ռումբ ստեղծելու նպատակահարմարությունն ինքը չի տեսնում: Արեւմուտքը հույս ունի, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցները, որոնք ենթադրում են նաեւ Իրանի նավթագազային հատվածում խիստ անհրաժեշտ ներդրումների արգելք, կստիպեն Իսլամական Հանրապետությանը զիջումների գնալ եւ դադարեցնել միջուկային հետազոտությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել