Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԵՐԸ ԿՐԾԵԼՈՎ ՅՈԼԱ ԳՆԱ՞ՆՔ»

Սեպտեմբեր 16,2010 00:00

Գյումրիի նորակառույց Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած ընտանիքներից շատերին զրկում են ընտանեկան նպաստից:

\"\"

Այս անգամ մեղավորը ոչ թե սոցիալական ծառայություններում աշխատող տեսուչներն են, այլ, բնակիչների ձեւակերպմամբ՝ ոչ մարդասեր օրենքը: Այսպես է պահանջում կառավարության 1999թ. թիվ 350 որոշումը, համաձայն որի՝ անօթեւանը տուն ստանալուն պես կորցնում է 8 միավոր, ենթադրենք նրա աղքատության գնահատման միավորը 40 է, դառնում է 32: Սա, բնականաբար, գյումրեցիների տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ ինչպե՞ս կարող է 22 տարի տնակային անտանելի պայմաններում առողջությունն ու ունեցվածքը կորցրած մարդը, բնակարան ստանալով, հանկարծակի դառնալ հարուստ ու այլեւս փողի կարիք չունենալ: «Ի՞նչ անենք, պատերը կրծելով յոլա գնա՞նք, տուն տալով միլիարդատեր դարձա՞նք, կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչը փոխվեց մեր կյանքում»,- երեկ այսպիսի հարցադրումներով էին մեզ դիմավորում Գյումրիի նորակառույցներ տեղափոխված բնակիչները: Թեեւ նրանցից յուրաքանչյուրը իր ինքնատիպ պատմությունն ուներ՝ կապված սոցիալական ծառայությունների տեսուչների անբարեկիրթ վերաբերմունքի կամ ակնկալիքների հետ: Օրինակ՝ թիվ 24 շենքում բնակվող անժառանգ, միայնակ ծեր Անիչկա Ավդալյանը Գյումրիի թիվ 20 փոստից է տեղեկացել, որ շատերը նպաստից զրկվել են նոր տուն տեղափոխվելու պատճառով: «Իմ նպաստն էլ էին սեպտեմբերից կտրել, բայց փոստում նայեցին, իմը բնակարան ստանալու պատճառով չէր: Բնակարանում ապրելն ավելի ծախսատար է, թող բարի լինեն կառավարության մի քանի այրեր գան, պրակտիկորեն ցույց տան, թե ինչպե՞ս կարելի է 22 000 դրամ թոշակով ապրել ցրտաշունչ Գյումրիում, մենք էլ ձայներս կտրենք ու ապրենք»,- ասում էր միայնակ ծեր կինը: Թիվ 17 շենքի 35 բնակարանի գործազուրկ բնակիչ Թամարա Եղոյանն էլ, հեռուստատեսությամբ «նպաստազրկելու» գույժը լսելով, ընկել է ծանր մտածմունքների մեջ, նրա համար դեռեւս պարզ չէ՝ կշարունակե՞ն իր հաշմանդամ ամուսնուն աջակցություն տալ, թե՞ մյուսների նման հարուստի տեղ կդնեն ու բարի ճանապարհ կմաղթեն: Տիկինը ցնցված է կառավարության՝ «բնակիչների շահերը ոտնահարող» որոշումներով, ըստ նրա, բավական չէ կառավարության թիվ 432 որոշման պատճառով «կրակն են ընկել»՝ 9 հոգով երկու սենյականոց բնակարան են ստացել, հիմա էլ տուժելու են թիվ 350 որոշման պատճառով: Հիշեցնենք, որ կառավարության թիվ 432 որոշմամբ երկրաշարժից անօթեւան դարձածներին բնակարան հատկացնում են կորցրած սենյակների քանակով, այսինքն՝ հաշվի չեն առնում 22 տարվա ընթացքում տվյալ ընտանիքի բազմանալու փաստը: «Դոմիկներում միլիարդ անգամ հեշտ էր ապրելը, ավելի ճիշտ՝ ձմեռելը. ինչ գտնեինք, էն էլ կվառեինք- կտաքանայինք՝ փայտ, թուղթ, չուլ, նորակառույց բնակարաններում էդպիսի բան հնարավո՞ր է: Գիտեք, որ էստեղ գազ ենք վառելու, բայց ինչո՞վ, սա՞ է կառավարության՝ աղքատների ձմեռը թեթեւացնելու ծրագիրը: Օր օրի գազի գին են թանկացնում՝ բացարձակ անտեսելով Շիրակի մարզի ծանր վիճակը՝ համատարած գործազրկությունը, տարին վեց ամիս խստաշունչ ձմեռ ունենալը: Եթե նպաստն էլ չեղավ, էդ 13500 դրամն էլ կտրեն, ի՞նչ ենք անելու 25000 դրամ թոշակով, տղաս էլ բանակում է, ամեն ամիս մի բան ուղարկում ենք, նասկի, մայկա, էս է, էն է, բանակում հիգիենայի պարագաներով լավ չեն ապահովում, ստիպված ենք ծախսեր անել»,- ասում էր տիկին Եղոյանը՝ պահանջելով վերանայել կառավարության որոշումը: Նշենք, որ շատերը Թամարա Եղոյանի պես չգիտեին իրենց գլխի գալիքը, նրանց դեռ անհայտ է՝ լքելո՞ւ են, թե՞, այնուամենայնիվ, մնալու են նպաստառուների ցուցակում: Այս առնչությամբ «Առավոտին» հստակ պատասխան չունեին տալու Գյումրիի սոցիալական ծառայություններում: Գյումրիի թիվ 2 տարածքային սոցիալական ծառայության ղեկավար Էդիկ Բաղրամյանը տեղեկացրեց, որ դեռեւս վերջնական հաշվարկ կատարված չէ, այն պարզ կդառնա մի շաբաթից, սակայն միաժամանակ վստահեցրեց, որ նպաստից զրկվողների թիվը շատ չի լինի: Ըստ նրա, նորակառույց թաղամաս տեղափոխվողների մեծ մասը անչափահաս երեխաներ ունեն, իսկ աղքատության ամենաբարձր միավորներ ստանում են հենց այդ դեպքում, քանի որ առաջ է գալիս երեխայի պաշտպանվածության հարցը: Իսկ թե ո՞վ է պաշտպանելու տարբեր պատճառներով նպաստից զրկված միայնակ ծերերին, այդպես էլ անհայտ է մնում. նորակառույց թաղամասում դժգոհողների գերակշիռ մասը հենց նրանք են կազմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել