Լրահոս
Օրվա լրահոսը

ՑԱՐԱԿԱՆ ԳԱՄԲԻՏՈՒՄ ԶՈՀԱԲԵՐՎՈՂԸ

Սեպտեմբեր 18,2010 00:00

\"\"Լուժկովին լքում է հոտառությունը

Ռուսաստանի մայրաքաղաքում հասունանում է իրադարձություն, որը կարող է ցնցել ոչ միայն վերջին տասնամյակում այդքան խնամքով ձեւավորված պուտինյան «վերտիկալը», այլեւ խորը ազդեցություն ունենալ Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների զարգացման ուղղության եւ տրամաբանության վրա: Ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ պետական հեռուստատեսությունը, վերջին օրերին խաչակրաց արշավանք են սանձազերծել Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի դեմ:

18 տարի Մոսկվան կառավարած եւ այն անճանաչելի դարձրած Լուժկովը անսասան էր թվում դեռ մի քանի օր առաջ: Ամեն ինչ սկսվեց Խիմկի անտառի հետ կապված հայտնի պատմությամբ, երբ ի հեճուկս քաղաքապետի՝ էկո-ակտիվիստները դեմ կանգնեցին այդ փոքրիկ անտառը հատելու որոշմանը: Լուժկովը սկզբից անդրդվելի էր. ըստ հաստատված նախագծի՝ կառուցվող մայրուղին պետք է անցներ անտառի տարածքով: Գործը հասավ նրան, որ բողոքի ցույցի ժամանակ անհայտ անձանց կողմից կարճ ժամանակով գրավվեց Խիմկիի համայնքապետարանի շենքը, իսկ դրա կադրերը հայտնվեցին կայքերում:

Նախագահ Մեդվեդեւն արձագանքեց, թե կարելի է մայրուղին կառուցել առանց անտառը վնասելու՝ այն տանելով քիչ այլ տեղով: Դրանով Լուժկովը կանգնեց երկընտրանքի առջեւ. կորցնելով 18 տարվա դեմքը՝ հետ կանգնել որոշումից կամ կանգնել մինչեւ վերջ: Եվ այստեղ սկսվեց ռուսական «Մի կաթիլ մեղրը»:

Կրկին նախագահ դառնալու բուռն ցանկություն ունեցող Պուտինի եւ նախագահ մնալու բուռն ցանկություն ունեցող Մեդվեդեւի թիմերի միջեւ մրցակցությունը գնալով դառնում է ակնհայտ՝ հրապարակայնության որոշ տարրերով: Ընդ որում, սա Արեւմուտքի իմացած ինստիտուցիոնալ եւ թափանցիկ պայքարը չէ: Այն ընթանում է բյուզանդական եղանակով՝ ասեկոսեներ տարածելով, ռեբուսային ակնարկներով, «սիգնալներով» եւ «կոդերով», որտեղ խոսքերը ծառայում են ոչ թե միտքն արտահայտելու, այլ թաքցնելու համար: Սակայն սա ռաֆինացված Բյուզանդիա չէ՝ իր սակրալ պատկերացումներով առ բարձրագույն իշխանությունը, այստեղ մեծ է մոնղոլական ժառանգության չափաբաժինը. Մեծ խանից իշխելու «յառլիկ» ստացած տեղական խանը կարող է առանձնանալ առանձնահատուկ լկտիությամբ, մանավանդ, երբ «լուրեր կան», որ Մեծ խանը կարող է փոխվել: Իսկ եթե սրան գումարենք խորհրդային ժամանակների ապարատային խարդավանքների «բարձրագույն» դպրոցը եւ շախմատային անհասանելի նվաճումները, ապա կարող ենք ասել, որ այսքանը բավարար է, որպեսզի ռուսական բյուրոկրատիան եւ բիզնեսը տեւական անկանխատեսելիության հորձանուտը մտնեն:

Իսկ բազմափորձ քաղաքապետը որոշեց խաղալ պարզ պտուտախաղի օրենքներով. խաղադրույք կատարել մեկի վրա՝ ամբողջ «բանկը» տանելու հույսով: Նա մի թերթում նյութ պատվիրեց, որտեղ նախագահը համեմատվում էր Գոգոլի «Մեռած հոգիների» հերոսներից մեկի՝ Մանիլովի հետ, որը սիրում էր խոսել՝ հաճելի եւ անսկզբունք, միեւնույն ժամանակ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել «նորմալ աշխատել կառավարության եւ նրա ղեկավարի», իմա՝ Պուտինի հետ: Ակնարկն ավելի քան թափանցիկ էր, ինչը եւ լցրեց Կրեմլի համբերության բաժակը: Ուշագրավն այստեղ, սակայն, այն է, որ չնայած Լուժկովին հեռացնելը լիովին նախագահի լիազորության սահմաններում է, այնուամենայնիվ՝ դա տեղի չունեցավ: Տեղի ունեցավ միանգամայն այլ բան. պեղվեցին 90-ականների վերջերի «սեւ փիառի» տխրահռչակ դինոզավրերը, որոնք սկսեցին ՆՏՎ-ի եւ ՌՏՌ-ի միջոցով անխնա ձաղկել երկրի թիվ մեկ միլիարդատիրոջ ամուսին-քաղաքապետին՝ հիշելով ամենայն հինն ու նորը: Բազմաթիվ ռուս վերլուծաբաններ դա բացատրում են Պուտինի գործոնով, որին նախ պետք է հաղթահարել եւ միայն դրանից հետո Կրեմլում ձեռքը վերցնել գրիչը: Ուստի այսպիսի հեռուստատեսային «հաղթահարումը» դրանով իսկ միանգամայն տրամաբանական է թվում:

Քաղաքապետը այլեւս ձեռքերը գցել է փրփուրներին՝ դատի տալով միանգամից մի քանի հեռուստաընկերությունների, ինչով նա հազիվ կարողանա միայն դեմքի փրկության հարց լուծել, բայց ոչ ավելին: Արտաքուստ հանգիստ են «պուտինականները», նրանք կարծես չարձագանքեցին Լուժկովի «պատրաստակամությանը»: Եվ ինչո՞ւ արձագանքեն: Ընդդիմությանը ծեծելը, կնոջը միլիարդատեր դարձնելը, համակարգին դեմ գնալը, «տանդեմի մեջ սեպ խրելը» եւ այլ մեղքերը, իսկ վերջինիս պարագայում՝ մահացու մեղքը, դրական արձագանքը դարձնում է ներկա խաղում գործնականում անհնարին:

Ֆիգուրների ներկա դասավորությունը Պուտինին ստիպում է գնալ գամբիտի՝ զոհաբերելով Լուժկովին, իսկ Մեդվեդեւի «ճամբարը» փորձում է առավելագույնս կորզել այս մարտավարական, բայցեւ խիստ կարեւոր հաղթանակից, որը կարող է վաղը որոշիչ դառնալ: Չնայած վաղ է հաղթական փողեր փչելը: Լուժկովի փոխարեն թե ո՞ւմ կնշանակեն, եւ դրանից հետո կպահպանվի՞ արդյոք այդ հաղթական ադրենալինը, թե՞ մինչեւ 2012-ը Մեդվեդեւին կմնա «մոդեռնիզացիոն քարոզներ» կարդալ եւ այնուհետեւ հեռանալ՝ ցույց կտա ժամանակը:

Այնուամենայնիվ, երեւում է, որ «վերտիկալը» խորապես երկատված է, եւ ինչ-որ բան վաղուց այն չէ «Դանիական թագավորությունում», իսկ հետաքրքիր գամբիտային էտյուդները դեռ առջեւում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել