Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵ՞ՏՆ Է ԱՆԶՈՐ, ԹԵ՞ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԵՆ ԱՂՔԱՏ

Սեպտեմբեր 24,2010 00:00

Մի քանի տարի է՝ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղը ռեկորդակիր է սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշով:

108 բնակիչ ունեցող Վարդաղբյուր գյուղը հայտնվել է Շիրակի մարզպետարանի սեւ ցուցակում: Մարզխորհրդի նիստերին մասնակցած ցանկացած մեկը կհիշի, թե ինչպես էր Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը ամեն անգամ ծույլ աշակերտի պես ոտքի կանգնեցնում գյուղապետ Հրաչիկ Բալոյանին ու ցածր ցուցանիշների համար անխնա «թուքումուր տալիս»:

Լինելով Աշոցքի տարածաշրջանի ամենաբերրի, հողառատ վայրը, Վարդաղբյուրը Շիրակի մարզի 119 համայնքների մեջ սեփական եկամուտների հավաքագրմամբ ամենավերջին տեղումն է: Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության հաղորդած ամենաթարմ տվյալներով, այստեղ 8 ամսվա կտրվածքով պլանավորել էին սեփական եկամուտների կատարումը հասցնել 7,5 միլիոն դրամի, սակայն փաստացի հավաքագրել են 548 հազար դրամ, այսինքն հավաքագրումը կատարել են 11%-ով, իսկ հողահարկը պլանավորել էին 2 միլիոն դրամ, սակայն հավաքագրել են 330 հազար դրամ՝ կատարել են 15%-ով: Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը բնությունից հարուստ գյուղի այդքան աղքատ մնալու մի քանի պատճառ է թվարկում՝ ամենից առաջ մեղադրելով համայնքի ղեկավարին: «Այստեղ միշտ ամենավատ, ամենացածր ցուցանիշն է արձանագրվում, մարզում նման թիվ չկա, իսկ պատճառները սուբյեկտիվ են. գյուղապետի վատ աշխատանքը, ազգակցական կապերը, համայնքի փոքր լինելը: Գյուղապետը երկու անգամ էլ ընտրվում է՝ գյուղում մեծ ազգ ու բարեկամ ունենալու պատճառով, սակայն ամենաանպարտաճանաչն է: Վարդաղբյուրը հսկայական հողատարածքներ ունի, անգամ պահուստային հողերով է ապահովված, այստեղ վարձակալներ շատ կան, բայց խուսափում են վճարները մուծելուց, մի խոսքով՝ գյուղապետը լավ չի աշխատում, անգործունակ է: Գյուղապետն ու աշխատակազմը իրենց բարձրության վրա չեն: Իհարկե, նախորդ գյուղապետից ժառանգած պարտքեր եւս կան այս գյուղում, սակայն դա ցածր ցուցանիշների ապահովման համար լուրջ պատճառաբանություն չէ»,- ասում է մարզպետարանի պաշտոնյան՝ որպես օրինակ մեջբերելով Շիրակի մարզի պարտքերի մեջ թաղված համայնքներից մեկի՝ Ախուրիկի փորձը: Ախուրիկի նախկին գյուղապետ Դրաստամատ Բադեյանը, տարիներ շարունակ հսկայական պարտքերի մեջ գցելով համայնքը, երկու տարի առաջ փախել է, սակայն նորընտիր գյուղապետ Վարդիթեր Գասպարյանին հաջողվել էր կարճ ժամանակահատվածում գյուղը ոտքի հանել: «Դուք գիտեք, որ ավելի խայտառակ վիճակում գտնվող գյուղ, քան Ախուրիկն էր, մենք չունեինք, երբ նկատողություն անեիր նախկին գյուղապետ Դրաստամատ Բադեյանին, կասեր՝ ժողովրդի ձեռքին չկա, ինչպես հավաքագրեմ, բայց տեսեք, որ նոր գյուղապետը 300%-ով է բյուջեն կատարել, էդ ինչ հրաշք տեղի ունեցավ, ժողովուրդը հանկարծ հարստացա՞վ: Տեսեք, որ համայնքի ղեկավարից շատ բան է կախված, նկատի ունեցեք, որ նոր գյուղապետն էլ կին է: Ասեմ, որ մենք ամբարտավան գյուղապետեր չունենք, մենք ունենք անկարող ու անզոր գյուղապետեր, որոնք չէին ուզենա, որ իրենց «թուքումուր» տան, բայց չի ստացվում»,- ասում է մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը: Նրա խոսքով, իրենք Վարդաղբյուրի գյուղապետին բազմիցս են առաջարկել իրենց օգնությունը, մասնավորապես պայմանավորվել են մարզպետարան ներկայացնել այն խոշոր հարկատուների ցուցակը, «ում վրա գյուղապետը չի կարողանում»: Գյուղապետը անցած տարի ներկայացրել էր ընդամենը մեկի՝ ոստիկան Սարգիս Բալոյանի տվյալները, որի պարտքը կազմում էր 1,2 մլն դրամ, սակայն վերջինս հրաժարվում էր վճարել: Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանն էլ գյուղապետին հանձնարարել էր գրություն ուղարկել ՀՀ ոստիկանապետին: («Առավոտ», 21.11.2009՝ «Ոստիկանը պարտք է համայնքին 1,2 միլիոն դրամ»): Իհարկե, բանը դրան չհասավ, ահաբեկված ոստիկանը ժամանակացույց կազմեց ու հլու-հնազանդ իր պարտքը փակեց, այժմ էլ, գյուղապետի փաստելով, ընդամենը 50000 դրամ պարտք ունի, շուտով դա էլ կվճարի:

«Առավոտը» լսեց նաեւ Վարդաղբյուրի գյուղապետի պարզաբանումները: Գյուղապետ Բալոյանն ընդունեց, որ համայնքին պարտքեր ունեցող ոստիկան Բալոյանը իր ազգականն է: Մեր այն հարցին, թե համամի՞տ եք Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանի՝ ձեր հասցեին հնչեցրած քննադատությանը, գյուղապետն ասաց. «Եթե մեկս մյուսիս հետ ենք աշխատում, պետք է համամիտ լինենք, տոկոսներս ցածր են, դա ճիշտ է, բայց եթե մարդը անվճարունակ է, գյուղացու ձեռքը փող չկա, ինչպե՞ս վճարի իր հարկերը, սա ես որպես գյուղացի եմ ասում, ոչ գյուղապետ: Գյուղում մարդիկ կան, որոնք ալյուրի փող չունեն, ես ինչպե՞ս նրանցից գումար գանձեմ: Իսկ ինչ վերաբերում է իմ անգործունակ լինելուն, ասեմ, որ ես նախորդ գյուղապետից 14 միլիոն դրամի պարտք եմ ժառանգել, որից ընդամենը 3 միլիոն է մնացել, 8 միլիոն դրամ աշխատավարձի պարտք եմ փակել, մի՞թե վատ աշխատող գյուղապետը կկարողանար այդքան պարտքը փակել: Ես էլ ուզում եմ իմ համայնքի համար մի լավ գործ կատարել, չէ՞: Մեր տոկոսները բարձրանում են հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, վստահ եմ, որ շուտով մեր ցուցանիշները այդքան ցածր չեն լինի: Էս 2-3 տարին է էսպես, միշտ բարձր են եղել: Ես գիտեմ, որ չտվող չկա, բայց դե էդքան պարտք փակելն էլ հեշտ չէ, դա անգործություն չէ: Եվ եթե ասում են, որ գյուղում ես մեծ բարեկամական կապեր ունեմ, վստահեցնում եմ, որ ավելի շուտ ես բարեկամներից եմ հարկերը գանձում»,- ասաց գյուղապետը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել