Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՏԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Դրանք ներկայացնում է ՀՀ ԱԳՆ նախկին պաշտոնյան

Սեպտեմբերի վերջից հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերադառնալու են տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում մարդասիրական իրավիճակը գնահատելու նպատակով: Այցի ընթացքում նրանց ուղեկցելու են «բարձր մակարդակի խորհրդատուներ ու փորձագետներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն ներկայացուցչի գրասենյակի մասնագետները»: Այլ կերպ ասած, հիշյալ տարածքներում դաշտային առաքելություն է իրականացվելու: Իշխանությունների ընդդիմախոսների պնդմամբ, այս առաքելությունը, որի նախաձեռնողը Ադրբեջանն է, վտանգավոր նպատակներ է հետապնդում: Սրան իշխանությունները, այդ թվում՝ ԼՂՀ-ում, փորձեցին հակադարձել՝ ասելով, թե նման առաքելություն իրականացվել է նաեւ 2005թ.-ին, եւ ի՞նչ: Գալիս են՝ թող գան, տեսնեն՝ գնան, ի՞նչ կա որ: Ոմանք էլ դրանից նույնիսկ ուրախացան՝ թյուրիմացաբար կարծելով, թե դաշտային առաքելությունը ԼՂ է մեկնում հրադադարի ռեժիմի խախտումների պատասխանատուին գտնելու առաքելությամբ: Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է ու իրապես վտանգավոր: Թե ինչով՝ «Առավոտը» փորձեց պարզել՝ զրուցելով Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, նախկինում ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանի հետ: Վերջինս միանգամից մի քանի բացահայտումներ արեց:

Նախ՝ նրա ասելով, ի տարբերություն 2005-ի, այս անգամ դաշտային առաքելության մանդատն է այլ եւ ժամկետն է աննախադեպ երկար: «Տարբերությունը նախեւառաջ առաքելությունների մանդատն է: Եթե 2005-ի առաքելությանը մանդատ էր տրված՝ ստուգելու, թե արդյոք ԼՂ հարակից տարածքներում վերաբնակեցման պետական ծրագիր իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպես պնդում էր Ադրբեջանը, ապա այս անգամ դաշտային առաքելության մանդատը շատ ավելի լայն է եւ վերաբերում է ոչ թե վերաբնակեցմանը, այլ հենց տեղում առկա իրավիճակին՝ սկսած բնակավայրերից, մշակութային արժեքներից ու կոթողներից մինչեւ մարդկանց ապրելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների պահպանության վիճակը, արձանագրելը, թե ինչ է եղել ժամանակին այդ տարածքում, որն այսօր ավերվել, ոչնչացվել է: Տարբերությունը նաեւ առաքելության կազմն է: Եթե նախկինում՝ 2005-ին, փաստահավաք խումբը կազմված էր ԵԱՀԿ մասնագետներից, ապա հիմա փորձագետների շրջանակը շատ ավելի լայն է: Այս անգամ ներառված են ոչ միայն ԵԱՀԿ համանախագահները, այլեւ ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աշխատակիցները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները: Այս երկու կազմակերպությունները գործում են հստակ մանդատի շրջանակներում: Զարգացման ծրագիր անունն ինքնին արդեն հուշում է, որ դա այդ տարածքների որոշակի զարգացմանն ուղղված կազմակերպություն է: Փախստականների գրասենյակը, որպես կանոն, զբաղվում է փախստականների վերադարձի համար անհրաժեշտ բոլոր պայմանների՝ տեղանքի, այնտեղ առկա ենթակառուցվածքների իրավիճակի եւ մնացած բոլոր հնարավոր գործոնների գնահատմամբ: Եվ որպես կանոն, այդ երկուսն էլ post- conflict manegment-ով՝ հետհակամարտության կարգավորման փուլում ակտիվ գործող միավորներ են, որոնք ինչ-ինչ պատճառներով փախստական դարձած մարդկանց իրենց նախկին բնակավայրեր վերադարձի, նրանց կյանքի համար պայմաններ ապահովելուն ուղղված ծրագրեր են իրականացնում: Դաշտային առաքելությանը այս ծրագրերի ներկայացուցիչների մասնակցությունը տպավորություն է ստեղծում, թե փախստականների վերադարձի հարցն արդեն վերջնականապես լուծված է, եւ հիմա խաղի մեջ են մտնում այն կազմակերպությունները, որոնք պետք է անհրաժեշտ պայմաններ ապահովեն փախստականների սահուն վերադարձի համար: Բացի այդ, դաշտային առաքելությունը բավականին երկար ժամանակով է գալու՝ 10 օր, ինչը բավականին երկար ժամանակ է որեւէ առաքելության համար: Դա նշանակում է, որ նրանք տեղում բավականին մանրակրկիտ կերպով են ուսումնասիրելու իրավիճակը»,- պարզաբանեց Մ. Այվազյանը: Արձանագրելով, որ այդ նախաձեռնությունը լիովին պատկանում է Ադրբեջանին, ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, թե Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ ՄԱԿ-ում բանաձեւեր շրջանառության մեջ դնել-հանելով հասնում է իր համար ցանկալի նպատակին: «Նույն վիճակն է եղել նաեւ 2005-ին, երբ Ադրբեջանն էլի մի բանաձեւ էր ներկայացրել, եւ այդ բանաձեւի շուրջ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել էին ԼՂ հարակից տարածքներում առաքելության իրականացման շուրջ: Ադրբեջանը հիմա էլ գործում է այդ նույն մեխանիզմով, բայց այս անգամ ավելի լայն մանդատի շրջանակներում եւ ավելի խորը հետազոտություններ անցկացնելու նպատակով»,- հակառակ իշխանությունների հերքումների՝ պնդեց մեր զրուցակիցը: Նա նաեւ հավելեց, թե իր այդ խաղով Ադրբեջանն իր համար օգտակար ժամանակ շահեց: «Եթե Ադրբեջանը բանաձեւը քվեարկության դներ, ինչը միանշանակորեն ընդունվելու էր, ապա կերկարեր այս դաշտային առաքելության իրականացման գործընթացի ժամկետը, որովհետեւ այդ դեպքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, համաձայն ընդունված բանաձեւի դրույթների, որոնցից մեկն էլ հենց դաշտային առաքելություն իրականացնելու պահանջն էր, հանձնարարականներ պետք է տար, ինչը կատարելը դեռ որոշ ժամանակ կխլեր: Հաջորդ անգամ, երբ նրանք բանաձեւ ներկայացնեն, իսկ դա ամենայն հավանականությամբ կանեն, կլինի նրանց հաջորդ քայլը. հիմնվելով առաքելության զեկույցի վրա՝ Ադրբեջանն արդեն այլ պահանջներ կներկայացնի: Ադրբեջանցիներն այս խաղը շատ խելոք խաղացին ու այդ հավելյալ քայլից կարողացան խուսափել՝ արագացնելով գործընթացը: Իմ տպավորությամբ, այս խաղը Ադրբեջանի եւ ԵԱՀԿ համանախագահների միջեւ որոշակիորեն համաձայնեցված էր»,- կարծիք հայտնեց Մ. Այվազյանը:

Եվ այնուամենայնիվ, առաքելության իրականացման վտանգները որո՞նք են, ի՞նչ կարող է արձանագրել առաքելությունը, որ կարող է անցանկալի լինել մեզ՝ հայկական կողմի համար: «Իրենք կարող են տեսնել հաստատումն այն մեղադրանքների, որոնք Ադրբեջանը տարիներ շարունակ մեզ ներկայացնում է: Այն է՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ԼՂ հարակից տարածքներում ոչնչացվել են մշակութային արժեքներ, բնակավայրեր, ենթակառուցվածքներ: Ընդ որում, մի բան է, երբ ավերածությունները եղել են պատերազմական գործողությունների արդյունքում, այլ բան, երբ դրանք ուղղակի նպատակային ոչնչացման են ենթարկվել»,- ի պատասխան մեր հարցադրմանը՝ փաստեց Մ. Այվազյանը՝ հավելելով, թե այս վերջին դեպքում միջազգային իրավունքի տեսանկյունից՝ համապատասխան կոնվենցիաներով, մշակութային արժեքների, գյուղերի, ենթակառուցվածքների, քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցներ, հիվանդանոցներ եւ այլն, ոչնչացումը դատապարտելի է եւ կարող է նյութական վնասի փոխհատուցման խնդիր առաջացնել: Որ՝ որպես այդ նախաձեռնության հեղինակ, Ադրբեջանն արդեն իսկ առաքելությանը ներկայացրած կլինի հսկայական թվով փաստաթղթային նյութեր, լուսանկարներ, որոնք ցույց կտան, որ այդ տարածքներում այսինչ տեղում եղել է այսինչ կառույցը, գյուղը, քաղաքատիպ ավանը՝ այսքան բնակչությամբ ու դպրոցներով, թանգարաններով, որտեղ եղել են ցուցադրված այսպիսի նմուշներ, եղել են այսքան մզկիթներ եւ այլն, ՀԱԿ ներկայացուցիչը չի էլ կասկածում: Հայկական կողմը կարո՞ղ է խուսափել այդ վտանգից: «Մենք կարող էինք խուսափել՝ չտալով կամ, գոնե, փորձելով չտալ առաքելության իրականացման համաձայնությունը: Դա պետք է աներ նախեւառաջ Ղարաբաղը, եւ Հայաստանի միջոցով դրա շուրջ բանակցություններ պետք է վարվեին: Բայց բանակցությունները պետք է վարվեին ժամանակին, իսկ այսօր այլեւս որեւէ բան փոխել կամ սկզբունքորեն փոխել հնարավոր չէ»,- եզրակացրեց Մարթա Այվազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել