Լրահոս
Օրվա լրահոսը

8 ՀՈԳԱՆՈՑ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ 1 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ

Սեպտեմբեր 29,2010 00:00

\"\"Գյումրիում բնակարանների նոր շինարարության որակի հետ կապված՝ քաղաքաշինության նախարարը առավել քան հանգիստ է:

Աղետի գոտու շատ բնակիչներ, որոնք տարիներով ապրել են փտած վագոններում եւ հիմա վերջապես նորմալ բնակարան են ստացել, չեն ուզում հանձնել իրենց վագոնները եւ վերջնականապես տեղափոխվել նոր բնակարան: Բանն այն է, որ բնակարանները բաշխելիս հաշվի չեն առնվել, թե քանի հոգի են ապրում տվյալ վագոնում: Կան բազմանդամ շատ ընտանիքներ, որոնք 7-8 հոգով 1 վագոնում են գրանցված, ու նրանց հասել է ընդամենը 1 սենյականոց բնակարան, եւ կան միայնակ մարդիկ ու ամուսիններ, որոնք 1-2 հոգով մի քանի վագոնում են գրանցված ու մի քանի սենյականոց բնակարանի տեր են դարձել: Իրավաբանորեն՝ սա խնդրի ճիշտ լուծում է, բայց՝ անարդարացի: Մարդիկ չեն ուզում եւ չեն կարող իրենց վագոնը հանձնել, որովհետեւ 8 հոգով 1 սենյականոցում չեն տեղավորվում: Իսկ պետությունը վագոնը չհանձնելու դեպքում վկայական չի տալիս, ավելին՝ սպառնում է նոր բնակարանն այդ ընտանիքների ձեռքից վերցնել ու հանձնել այլ կարիքավորների:

Երեկ Գյումրիի բնակարանների բաշխման եւ շենքերի սեյսմակայունության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ այս առնչությամբ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը պարզաբանեց, որ այդ խնդիրն իսկապես կա, եւ պետք է նոր հաշվառում կատարեն ու պարզեն, թե քանի բազմանդամ ընտանիքների հետ են այդպես անարդարացի վարվել. «Նախատեսված էր, որ 2010-ին «Գլենդել Հիլզ» ընկերությունը պետք է շահագործման հանձնի 1300 բնակարան, 1 սենյականոց բնակարանները նախագծով նախատեսված էին 27 քմ ընդհանուր մակերեսով կառուցել, սակայն հիմա արդեն պայմանավորվել ենք, որ 1 սենյականոցները մեծացվեն մինչեւ 45 քմ, եւ բազմանդամ ընտանիքներին այդ բնակարանները տալ: Այդ է պատճառը, որ այս տարի շահագործման հանձնվեց ընդամենը 1056 բնակարան»:

Վերջին շրջանում «Շիրակ կենտրոն» հ/կ-ն պարբերաբար հայտարարություններ է տարածում, որ «Գլենդել Հիլզը» լավ չի աշխատում, սա այն դեպքում, երբ անգամ այդ հ/կ-ի կայքում օնլայն քվեարկության արդյունքներով աղետի գոտում «Գլենդել Հիլզի» աշխատանքները 56%-ով գնահատվում է բավարար, լավ եւ գերազանց: Չնայած դրան, հ/կ-ի հայտարարությունները խուճապի են մատնում երկրաշարժ տեսած բնակիչներին: Կազմակերպության նախագահ Վահան Թումասյանի խոսքերով՝ «Գլենդել Հիլզը» մտածում է, որ հեռավոր գյուղում է կառուցապատում անում, որ բնակիչները ձայն չեն հանի, ու թերացումներ է թույլ տալիս: Ճիշտ է, ասում են՝ նվեր տվածի ատամները չեն հաշվի, բայց սա այդ դեպքը չէ»:

Նախարարի խոսքերով՝ երբ նոր հանձնված բնակարանների կոյուղագծերը փորձարկել են՝ խողովակների միջից ցելոֆաններ ու շորեր են գտել, որը չի բացառվում, որ ինչ-որ մեկի դիտավորյալ արածն է. «Թե ո՞վ էր դա արել, պարզ է՝ նրանք, ովքեր ուզում էին «Գլենդել Հիլզի» աշխատանքները փնովել: Ես լսել եմ, որ Գյումրիի շինարարական կազմակերպություններն էին ուզում կատարել կառուցապատման աշխատանքները, ես ի սկզբանե դեմ էի նրանց: «Գլենդել Հիլզում» ովքե՞ր են գաջ քաշել, դուռ-պատուհան դրել՝ գյումրեցիները, հո Երեւանից աշխատող չե՞ն տարել: Եթե ինչ-որ բան այն չլինի՝ գյումրեցիներն են դրա հեղինակը: Թող տպավորություն չստեղծվի, որ ես ուզում եմ պաշտպանել այդ շինարարական կազմակերպությանը: Հիմա մենք ամեն ինչ անելու ենք, որ որակի առումով թերություններ չլինեն: Ավելի լավ է ժամկետից հետ ընկնենք, 1-2 ամիս ուշ հանձնենք բնակարանները, քան հետո խնդիրներ ունենանք: Սկզբնական շրջանում բացթողումներ ունեինք, հիմա էլ կան մանր-մունր թերացումներ, բայց մենք «Գլենդել Հիլզի» հետ պայմանագիր ենք կնքել, որ 1 տարվա ընթացքում եթե ինչ-որ թերություններ լինեն, նրանք իրենց միջոցներով դրանք լուծեն»: Այսինքն, կարելի է ասել, գյումրեցիներին հանձնվել են բնակարաններ՝ երաշխիքային սպասարկմամբ: Ինչ վերաբերում է սեյսմակայունությանը, եթե խորհրդային տարիներին ընդունված էր կառուցել 7 բալ սեյսմակայունությամբ բնակարաններ, Մուշ նորակառույց թաղամասի շենքերի սեյսմակայունությունը գնահատվում է 9 բալ:

Քննարկման ժամանակ Վահան Թումասյանը հարց բարձրացրեց, որ շատ ընտանիքների հաջողվում է «վերեւներում» կաշառք տալ ու բնակարանը ստանալուց հետո վագոն-տնակը իրեն պահել. «Չի՞ կարելի դա անել օրինական ճանապարհով եւ վագոնը, այդ տարածքը գրանցել այդ ընտանիքների անունով»: Սակայն նախարարը կտրականապես դեմ էր դրան. «Վագոնի սեփականաշնորհումը ո՞րն է, եթե այդ վագոնները պետք է մնան իրենց տեղում, էլ քանի՞ կոպեկ արժե մեր արածը: Ես ընդունում եմ, որ բազմանդամ ընտանիքներին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի, որովհետեւ օրինակներ կան, որ որդին կնոջ, երեխաների հետ տեղափոխվել է նոր բնակարան, միայնակ ծնողներին թողել վագոնում, եւ չգիտենք՝ ինչպես վարվել այդ մարդկանց հետ»:

Բնակարանների բաշխման ժամանակ այնպիսի խնդիրներ են ի հայտ եկել, որոնք նախապես հաշվի չեն առնվել: Օրինակ՝ շատ հաշմանդամների բնակարան են հատկացրել 4-րդ, 5-րդ հարկերում, ու հիմա նրանք չեն ուզում ապրել այդ բարձր հարկերում: Նախարարն ասաց, որ այդ խնդիրներն անխուսափելի են եւ պետք է ճշգրտվեն: Ինչ վերաբերում է շենքերի ամրությանն ու որակին, ամիսը մեկ անկախ մասնագետները ստուգումներ են անում ու վերահսկում կատարված աշխատանքները. «Նոր շինարարության հետ կապված ես առավել քան հանգիստ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել