Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեն՝ որ դասագիրքն է պահանջվում

Սեպտեմբեր 30,2010 00:00

Հայոց պատմություն առարկայի դասագրքային բազմազանությունը ծնողներին շփոթության մեջ է գցել

«Առավոտը» օրերս նամակ ստացավ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ, ծնող Արտակ Գզոյանից: Նա «հազարավոր աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների կողմից» հարցնում է, թե հայոց պատմություն առարկայի ո՞ր դասագրքերն են հանձնարարվելու 2012-ի դիմորդներին: Ծնողը խճճվել է, քանի որ հանրակրթական դպրոցներում հայոց պատմություն առարկան դասավանդվում է երեք խումբ դասագրքերով: Նամակագիրը փաստում է, որ միջին դպրոցի համար նախատեսված է 6-9-րդ դասարանների դասագրքեր, ավագ դպրոցի հումանիտար հոսքի համար՝ 10-12-րդ դասարանների դասագրքեր (12-րդ դասարանի դասագիրքը դեռեւս պատրաստ չէ): Նամակագիրը նաեւ նշում է, որ դասագրքերի վերոհիշյալ խմբերի միջեւ առկա են ոչ միայն ծավալաբովանդակային մեծ տարբերություններ, այլեւ լուրջ հակասություններ: Ա. Գզոյանը նամակում գրում է. «Որեւէ պատասխան, թե դասագրքերի խմբերից որն է հանձնարարվելու 2012 թվականի դիմորդին, հնարավոր չեղավ ստանալ: Կրթության ազգային ինստիտուտը եւ ԳԹԿ-ն իմ հարցումին պատասխանել են, թե այդ հարցը դուրս է իրենց իրավասությունների շրջանակից, իսկ կրթության եւ գիտության նախարարն ու նախարարությունը համառորեն լռում են»:
Պարոն Գզոյանը բարձրացնում է նաեւ հետեւյալ խնդիրը. «Անվիճելի է, որ դպրոցի տված գիտելիքներով հնարավոր չէ նույնիսկ միջին միավորներ ստանալ, ուստի անհրաժեշտ է լրացուցիչ (ինքնուրույն կամ կրկնուսույցի օգնությամբ) պարապել, որի համար 1,5-2 տարին հազիվ բավականացնի»:
«Առավոտը» ծնողի բարձրացրած խնդիրների մասին պարզաբանումներ ստացավ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից: Նա ասաց, որ ծնողին իրենք պատասխանել են. ԿԳՆ-ն նրա նամակն ուղարկել է Կրթության ազգային ինստիտուտ, որտեղից պատասխանել են, թե դեկտեմբերի 1-ից հետո միայն պարզ կլինի, թե 2012-ի շրջանավարտներից եւ դիմորդներից ինչ ծրագրեր են պահանջվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել