Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆԱՁՈՐԻ ԹԱՏՐՈՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Հոկտեմբեր 13,2010 00:00

Անհրապույր է դահլիճը, չկա ժամանակակից տեխնիկա

\"\"Վերջերս Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնում հանդիսականի դատին հանձնվեց Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունը՝ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ:

«Թող զարմանալի չհնչի, բայց ես երբեւէ չեմ մտածել «Լիր արքա» բեմադրելու մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վ. Շահվերդյանը:

«Ինձ հետ անսպասելի մի բան կատարվեց: Ես ուրիշ աչքերով կարողացա տեսնել շեքսպիրյան այս ողբերգությունը: Մինչ այդ ինձ թվում էր՝ եթե այն բեմադրեմ, կլինի հերթական ներկայացում, ինչն էլ իմ սկզբունքներին դեմ է: Ի դեպ, սովորություն չունեմ տող առ տող բեմադրելու պիեսը, այն ինձ նախ եւ առաջ պետք է դուր գա»,- ասաց Վ. Շահվերդյանը:

Վ. Շահվերդյանը ասաց նաեւ, որ բեմանկարչությունն էլ հենց ինքն է արել. «Կարելի է ասել՝ սա բեմանկարչական երկրորդ փորձս է: Առաջին անգամ դա արեցի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ «Բեռնարդա Ալբայի տունը» բեմադրելիս: Անկեղծ ասած, թատրոնը սուղ պայմաններում հայտնվեց: Մշակույթի նախարարությունը սպասված գումարից հատկացրեց ուղիղ կեսը: Արդյունքում ստիպված եղանք բավարարվել նրանով, ինչ ունեինք: Փորձեցի օրիգինալ լուծում տալ բեմին՝ ազատվեցի կուլիսներից, ինչի հետեւանքով բեմը փոխվեց ու տպավորություն ստեղծվեց, թե հսկայական տարածք է ավելացել»:

Վ. Շահվերդյանին հարցրինք՝ հատկապես ում աշխատանքից է գոհ «Լիր արքա» ներկայացման մեջ:

«Շատ հետաքրքիր աշխատանք է արել եւ դեռ ընթացքի մեջ է Հակոբ Ազիզյանը, ով հանդես է գալիս Լիր արքայի դերում: Դերասանի համար վերջին տարիները եղել են լռության տարիներ: Նրա ստեղծագործական կենսագրությունը կապված է եղել իմ ստեղծագործությունների հետ: Վանաձորի թատրոնից իմ հեռանալուց հետո Հ. Ազիզյանի կյանքում լռություն է տիրել: «Լիր արքան», կարելի ասել, նրա համար վերածնունդ էր: 10 տարվա լռությունը դերասանի համար վտանգավոր է: Նույնքան հետաքրքիր աշխատանք է արել նաեւ դերասան Արա Մխիթարյանը: Նա հանդես է գալիս խեղկատակի դերում: Հաջողված են երիտասարդ դերասանների աշխատանքները»,- փաստեց Վ. Շահվերդյանն ու ավելացրեց, որ Հ. Աբելյանի անվան թատրոնը այսօր համալրվել է երիտասարդ կադրերով: Ըստ Վ. Շահվերդյանի, դրանք հիմնականում Վանաձորի թատերական ինստիտուտի մասնաճյուղի դերասանական բաժնի ուսանողներն են:

«Լիր արքա» ներկայացման մեջ երիտասարդ դերասանները, Վ. Շահվերդյանի խոսքով, գրանցեցին իրենց ստեղծագործական կենսագրության մեջ հաջող դերեր: «Ու թեպետ դերասանների աշխատավարձները ցածր են, այստեղ դերասանները չունեն այլ գործով զբաղվելու հնարավորություն, գուցե դա մի կողմից լավ է՝ ամբողջ ուշքն ու միտքը թատրոնն է»,- մեջբերում է զրուցակիցս:

Հարցրինք՝ ի՞նչ արձագանքներ է լսել «Լիր արքայի» առաջնախաղից հետո:

«Բացի երկու փակ դիտումներից, մենք երկու անգամ էլ հանդիսատեսի համար ենք խաղացել: Մեզ շատ լավ ընդունեցին: Դահլիճը լեփ-լեցուն էր ոչ միայն վանաձորցիներով, այլեւ երեւանցիներով, ինչը շատ ուրախալի փաստ էր ինձ համար»,- ասաց պարոն Շահվերդյանը, հավելելով, որ «Լիր արքա» ներկայացման առաջիկա երկու ներկայացումների տոմսերն արդեն սպառված են: «Կարծում եմ, «Լիր արքայի» առաջնախաղը գրանցեց իր առաջին հաղթանակը: Մյուս կարեւոր իրադարձությունը թատրոնի համար այն է, որ մենք գտնվում ենք հոբելյանական թատերաշրջանի նախաշեմին: 2011-ին լրանում է Հ. Աբելյանի անվան թատրոնի հիմնադրման 80-ամյակը: Պլանավորված են մի շարք միջոցառումներ, ստեղծագործական երեկոներ, ցուցահանդեսի բացում, գրքի շնորհանդես: Վերջերս էլ Հովհաննես Աբելյանի արձանը, որ թատրոնից հեռու էր գտնվում, բերվեց եւ դրվեց մուտքի մոտ: Աբելյանը վերադարձավ իր տուն»,- ընդգծեց Վ. Շահվերդյանը:

Հետաքրքրվեցինք, թե խաղացանկում ի՞նչ ունի այժմ Հ. Աբելյանի անվան թատրոնը: Վ. Շահվերդյանի պատասխանը հետեւյալն էր. «Խաղացանկում հիմա կան Հ. Մաթեւոսյանի «Աշնան արեւը», այն, ի դեպ, արդեն 10 տարի չի իջնում բեմից, Օստրովսկու «Ամպրոպը», Ցագարելու «Խանուման», Ա. Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ», Ն. Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» պիեսները: Հավանաբար առաջիկայում կվերականգնենք «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը»:

Վ. Շահվերդյանը ցավով նշեց, որ Հ. Աբելյանի անվան թատրոնը վերանորոգման կարիք ունի: Նրա փոխանցմամբ՝ բավական անհրապույր տեսք ունի հանդիսասրահը, աթոռները մաշված են, բացակայում են լուսավորող սարքերը: «Վերջերս ստիպված եղանք 80.000 դրամով թատրոնի համար գնել ընդամենը մեկ լուսարձակ, որի կարիքը թատրոնում շատ էր զգացվում: Այստեղ ընդհանրապես ամեն ինչ հին է»,- եզրափակեց Վ. Շահվերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել