Լրահոս
Օրվա լրահոսը

260 նկարիչ՝ մեկ ներկապնակում

Հոկտեմբեր 26,2010 00:00

\"\"Հնագետ Ստեփան Եսայանի մշակութային ժառանգությունը

Անվանի գիտնական, հնագետ, 30 մենագրության եւ 180 գիտական հոդվածների հեղինակ Ստեփան Եսայանին ներկայացնելու հարկ չկա, իսկ գեղագետ ու արվեստասեր մարդու մասին արժե եւս մեկ անգամ հիշեցնել: Ս. Եսայանն ունի 260 աշխատանք՝ ծովաքարերի վրա, այսինքն՝ բոլոր ճանաչված նկարիչներին նրա հավաքածուն ներկայացնում է մեկ ներկապնակով: Հավաքածուի ներկայիս տերը գիտնականի որդին է՝ Հայկ Եսայանը: Մինչ ծովաքար- նկարների մասին խոսելը, խնդրեցինք դրվագներ պատմել հորից: «83-ի մարտին զանգեց հորս վրացի կոլեգան՝ Ռուսթավիի արշավախմբի ղեկավար Կոնստանտին Պիցխելաուրին ու ասաց, որ Հայաստանում է՝ Բոննի հնագիտական թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ: Քանի որ հայ-վրացական հարաբերություններում՝ արվեստում, սպորտում կար հյուրասիրելու եւ հյուրընկալելու յուրատեսակ սովորույթ, հայրս նրանց մեր տուն հրավիրեց: Բոննի թանգարան-ինստիտուտի տնօրենն ասաց, որ երկու գիրք է ուզում հայրս գրի, մեկը՝ Հայաստանի բրոնզեդարյան գոտիների մասին, որոնք մայիսի 10-ին պատրաստի վիճակում պետք է լինեն Գերմանիայում: Երբ գիշերը ժամը 2-ին հյուրերին ճանապարհելուց հետո տուն վերադարձա, հայրս արդեն փակվել էր սենյակում՝ գրքերի վրա աշխատելու համար: Նա այնտեղից դուրս եկավ ապրիլի 28-ին, մի քանի օրից գրքերն արդեն ուղարկվել էին տպագրության: Նա աստվածաշնորհ աշխատասիրություն ուներ: Իսկ իր մուտքը հնագիտություն՝ 1949թ. եղավ. երբ պատմության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր, հանդիպեց Պիատրովսկու հետ ու այդտեղից սկիզբ առավ նրանց բարեկամությունը: Հայրս երբեք չէր համակերպվում այն մտածելակերպի հետ, թե Հայաստանը միայն հայերինն է, որ հայերը պիտի լինեն միայն Հայաստանում ու խոսեն միայն հայերեն: Ասում էր՝ Տիգրանյանի «Անուշը» երբեք չէր գրվի, իսկ Տիգրանյանը Սպենդիարովի աշակերտն էր, եթե Սպենդիարովը Վերդիի հետ ծանոթ չլիներ: Հայրս գտնում էր, որ ռուսական հնագիտական դպրոցը կարեւոր է հայկականի կայացման համար, ինքը դեմ էր պարփակվելուն: Հայրս տեսել է Օրբելուն, Օրբելին պեղել է Անին, Վանի ուրարտական ամրոցը, հետո աշխատել է ոչ ավել, ոչ պակաս՝ Էրմիտաժի տնօրեն…»,- հիշում է Հայկ Եսայանն ու հավելում, որ հայրը ցանկացած երկրում այցելում էր թանգարաններ ու մշակութային այլ օջախներ, սիրում ընկերների հետ քննարկել այն հարցը, դիցուք, տվյալ օպերային ներկայացման տենորը ինչու է թույլ: Շատ սիրում էր գեղարվեստական գրականություն ու երբ տեսնում էր, որ որդին կարդում է, էլ չէր հետաքրքրվում՝ դաս սովորե՞լ է, թե՞ ոչ: Ստ. Եսայանը հայերենագիտության ոլորտի 4-րդ դոկտորն է, վաղ հնագիտության՝ երկրորդը: Նրա «Հին Հայաստանի քանդակը» ցնցող տպավորություն է թողել արվեստագետների վրա, որոնցից շատերը Եսայան ընտանիքի մշտական հյուրերն էին՝ Ռուդոլֆ Խաչատրյան, Արտո Չաքմաքչյան, Արմինե Կալենց եւ այլք… Ստ. Եսայանի կինը՝ Աիդա Բաբայանը աշխատել է Երեւանի պատմության թանգարանում: Ստ. Եսայանն էլ հրատարակել է Երեւանի պատմության թանգարանի հնագիտական իրերի կատոլոգը:
Դառնալով ծովաքարերին, մեր զրուցակիցը նշեց, որ դրանց գաղափարը մորն է պատկանել, հետո ամուսիններով զարգացրել են: «1978 թվականին հայրս մորս հետ հանգստանում էր Նովի Աֆոնում: Օգոստոս ամիսն էր՝ զանգեց ու ասաց, որ դիմավորեմ, անպայման մեքենայով գամ: Երկու մեծ, ահավոր ծանր ճամպրուկ դրեցինք մեքենայի մեջ, բայց չասաց՝ ինչ է: Հետո դրանցում եղած ծովաքարերը սկսեց բաժանել նկարիչներին, նույնիսկ մի տեսակ մրցակցություն էր սկսվել… Հայրս էլ հարգված անձնավորություն էր, իրեն չէին մերժում…»: Ծովաքարերը 265-ն են, մի քանիսը կրկնօրինակներ են: Դրանց առաջին ցուցադրությունը կայացել է 1980-ին՝ Երեւանի պատմության թանգարանում, մեկ տարի անց՝ Դիլիջանի երկրագիտականում, այնուհետեւ ամեն ինչ մոռացության գիրկն է անցել: «Տեսեք, ի՜նչ գանձեր ունեմ»,- պատահական արկղից նկարված ծովաքարեր է հանում Հայկ Եսայանը՝ թվարկելով աշխատանքների հեղինակներին՝ Վանիկ Շարամբեյան, Դիանա Ուկլեբա, Բաբկեն Քոլոզյան, Լեւոն Թոքմաջյան, Աշոտ Բայանդուր, Վարուժան Վարդանյան, Գայանե Խաչատրյան, Սեյրան Խաթլամաջյան, Արմինե Կալենց: Էլիբեկյաններ: Ցավոք, ծովաքարերն առայժմ պահված են արկղերում: «Շատ կուզենամ լավ որակի, արվեստագիտական լուրջ վերլուծություններով կատալոգ հրատարակել եւ ցուցադրել այս աշխատանքները, հովանավորների խնդիր ունենք: Շատ կուզենամ, որ ծովաքարերը Սփյուռք գնան, վստահ եմ՝ հովանավորը կատալոգի վաճառքից հաստատ իր գումարը հետ կստանա, ախր 200 հայ նկարիչ՝ մեկ կոլեկցիայի մեջ, բացառիկ երեւույթ է… Մեկ-մեկ էլ մտածում եմ՝ չվերցնե՞մ կամ ռուս եղբայրների մոտ գնամ, կամ էլ ամերիկացիների…»,- շարունակում է նա: Զրուցակիցս վստահ է, որ հրապարակումը անարձագանք չի մնա, եւ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան մոռացությունից փրկել հնագետ Ստեփան Եսայանի մշակութային ժառանգությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել