Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳՆ-Ն ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԻԶՆԵՍ է ԴՐԵԼ»

Նոյեմբեր 09,2010 00:00

\"\" Նախարարությունն էլ ուրիշի վրա է մեղքը բարդում

ՀՀ ԿԳ նախարարությունն ուսումնական այս տարեսկզբից հանրապետության դպրոցներում շրջանառության մեջ է դրել հանրակրթական դպրոցի, աշակերտի ու ծնողի միջեւ կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը: Այս փաստաթուղթը ենթադրում է պայմանագիրը կնքող կողմերին ծանոթացնել իրենց իրավունքներին ու պարտականություններին: Ծնողն ու կրթական հաստատությունը պարտավորվում են, ի շահ սովորողի, բարեխղճորեն եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց իրականացնել իրենց պարտականությունները: Իրականում այս պայմանագիրը ո՛չ ծնողի, ո՛չ դպրոցի եւ ո՛չ էլ աշակերտի համար նոր բացահայտումներ չի անում: Այն, որ դպրոց կարող են ընդունվել միայն 6 տարին լրացած երեխաները, ու ավելի փոքր տարիք ունեցող երեխաների ընդունելությունն արգելվում է, կամ էլ դպրոցներում դասընթացն իրականանում է խմբային եղանակով՝ գիտեն ե՛ւ աշակերտները, ե՛ւ ծնողները, ե՛ւ դպրոցների տնօրենները: Այս եւ մի շարք այլ պրիմիտիվ հարցերի մասին ծանոթացնող 12 էջանոց պայմանագիրն էլ անվճար չէ, ծնողը պարտավոր է 150 դրամ վճարել այն ձեռք բերելու համար (արժեքը գրված է պայմանագրի վրա): Նույնքան էլ կրթական հաստատությունն է պարտավորված վճարել իր հասանելիք օրինակը ձեռք բերելու համար: Տնօրինությունն էլ, օգտվելով առիթից, որ նշված չէ, թե ով պետք է իրենց պայմանագրի օրինակի համար վճարի, վճարման բեռը թողնում է ծնողի ուսերին:
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի միակ միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ծնողների շրջանում պայմանագրերը դժգոհության մեծ ալիք են բարձրացրել. «Դե, ասում են, որ դա ավելորդություն է, կամ նույն դպրոց հաճախող 4 երեխայի մայրը զայրանում է՝ ինչու պետք է ստիպված 4 երեխայի համար էլ առանձին-առանձին պայմանագիր ստորագրի ու առանձին վճարի: Կարելի է, չէ՞, մի պայմանագրով վերջացնել»: Քարահունջի շատ ծնողներ էլ մեզ հետ զրույցում դժգոհում էին, որ այս պայմանագրերով դպրոցի տնօրինությունը իրենց ստիպում է համաձայնություն տալ, որ երեխային այլ դպրոց չեն տեղափոխի: Պարոն Մկրտչյանն էլ պարզաբանեց. «Չէ, չէ, ոնց կարող ենք նման բան պարտադրել: Դրանով ծնողը իր համաձայնությունն է հայտնում, որ երեխան շարունակելու է ուսումն այդ դպրոցում: Ես էլ եմ ծնողներին անընդհատ ասում, որ ցանկացած ժամանակ կարող են իրենց երեխային այլ դպրոց տեղափոխել: Եվ ընդհանրապես իմաստ չկար վճարովի եղանակով պայմանագիր հրամցնել, գոնե մի քիչ էժան լիներ»: Գորիսի թիվ 2 դպրոցի տնօրեն Սիրուշ Ակլունցն էլ «Առավոտի» հետ զրույցում բացատրեց, թե իրենց դպրոցում ինչու է ծնողը ստիպված պայմանագրի համար 300 դրամ վճարում. «Դպրոցի բյուջեն ինչքա՞ն է, որ մենք ամեն երեխայի համար էդքան վճարումներ թույլ տանք: Ես անունն ի՞նչ դնեմ, որ էդ 150 դրամը տամ: Աշակերտների գրանցամատյանից սկսած մինչեւ մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան՝ ամեն ինչ փոխել են: Էս տարի մենակ 30 000 դրամ էդ թղթերին եմ տվել, դե թող նախարարությունը բարի լիներ մեզ հարցներ՝ դուք կարո՞ղ եք մնացած 150 դրամները տալ: Ով որ այդ պայմանագրերը մեզ տվել է, ասել է, որ 300 դրամն էլ ծնողը պետք է վճարի: Ամբողջ ամառ մենք ազատ էինք, դե թող կրթության նախարարությունը բարի լիներ մի խորհրդակցություն կազմակերպեր, մեզ հավաքեր ու տեղեկացներ, որ նման բան են նախատեսել, թե չէ՝ սեպտեմբերին մեկ էլ Երեւանից նախարարության ինչ-որ հատուկ հանձնաժողովի անդամներ եկան, ու էդ պայմանագրերն էլ իրենց հետեւից 2 րոպեում տեղ հասան: Այնպիսի արագությամբ բերեցին ու բաժանեցին, որ ո՛չ ծնողին, ո՛չ էլ դպրոցին այլընտրանք չմնաց: Դրա եղածն ի՞նչ է, որ 150 կամ 300 դրամ էլ գին են դրել, կարող էին, չէ՞, էլեկտրոնային տարբերակով ուղարկել: Փառք Աստծո, մենք համակարգիչ էլ ունենք, դրանից օգտվելու ձեւերն էլ լավ գիտենք: Ուղղակի այն, ինչ նախարարությունը մեզնից պահանջում է, դրա 80%-ը ավելորդություն է, բիզնես անելու ձեւ: Ծնողն իր պարտավորությունների մասին էդ պայմանագրո՞վ է ծանոթանալու, որտեղ սխալներով երկու տառ են գրել»:
Թե ո՞ւր են գնում պայմանագրի համար վճարվող գումարները՝ «Առավոտը» հետաքրքրվեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից. «Բնականաբար՝ հրատարակչին, բա էդ մարդը բան է տպում ու մինիմալ գինն է դրել, դեռ գրախանութներ էլ է տարել-հասցրել: ԿԳ նախարարության միջամտությունը եղել է միայն այն, որ հրատարակիչները հնարավոր ցածր գին սահմանեն: Մենք ծնողին չենք ստիպում, որ անպայման պայմանագիրը գնի, ինքը կարող է դրա օրինակը վերցնել ու պատճենահանել: Նույնիսկ կայք ենք դրել, որ ծնողը կայքից վերցնի ու լրացնի»: Տիկին Հովհաննիսյանը զարմացավ, թե այդ նախարարության որ հանձնաժողովի անդամներն են մարզ հասել ու դպրոցներում բաժանել պայմանագրեր. «Չէ, հնարավոր է, հրատարակիչը տանի բաժանի ու վաճառի, նախարարությունից ոչ ոք մարզ չի հասել»: Ըստ Ն. Հովհաննիսյանի, թեեւ պայմանագրում նշված չէ, որ դպրոցն էլ պայմանագրի իր օրինակի համար է պարտավոր վճարել, բայց. «Տրամաբանորեն հասկանալի է, որ դպրոցը պետք է իր խնդիրը լուծի, ծնողն էլ՝ իր: Դպրոցն ինչ միջոցներով ուզում է թող այդ հարցը լուծի՝ բյուջե էլ ունի, արտաբյուջե էլ, թող ոնց ուզում է՝ հոգա իր ծախսերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել