Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՅԵՔ ՁԵՐ ԲՈՅԻՆ ՈՒ ԾԽԱԽՈՏԻ ԲՈՅԻՆ»

Նոյեմբեր 09,2010 00:00

Առաջիկայում առողջապահության նախարարությունն ամեն ինչ անելու է, որ մարդկանց «թասիբի գցի» չծխել

Ծխելու դեմ պայքարի 2010-2015 թթ. ծրագրի համաձայն, մեր երկրում ծխողների թիվը տարեկան պետք է 1,5-2%-ով նվազի: Ավելին՝ այս տարի նախարարությունում պետք է ծխելու դեմ պայքարի գործողությունները համակարգող հանձնաժողով ստեղծվեր, որը պետք է հետեւեր ծրագրի աշխատանքներին: Հաշված օրեր են մնացել այս տարվա ավարտին, սակայն դեռ հանձնաժողովը ստեղծված չէ, իսկ այս տարի թե քանի հոգի են թողել ծխելը՝ պարզ չէ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց առողջապահության նախարարության «Ծխախոտի դեմ պայքարի» պետական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը՝ դա կերեւա 2012-ին, երբ հետազոտություն արվի: Բայց առանց հետազոտության էլ պարոն Բազարչյանը վստահեցնում է, որ ծխողների թիվը մեր երկրում գնալով նվազում է: Չնայած շատ դպրոցներում աղջիկների զուգարաններ՝ ծխից մտնել չի լինում, դպրոցական տղաներն արդեն ազատ ծխում են իրենց դպրոցի բակում կամ միջանցքներում, ռեստորաններում ծխողների սրահներն ավելի լիքն են, քան չծխողներինը, բազմաթիվ կանայք ամենուրեք ազատ ծխում են, իսկ չծխող տղամարդկանց ավելի հեշտ է հաշվել, քան ծխողներին, այնուամենայնիվ, դա ոչինչ չի նշանակում: Պարոն Բազարչյանի խոսքերով՝ «Մարդիկ սիրում են ասել, որ ծխողների թիվը շատացել է, բայց դա այդպես չէ: Վերջին 5 տարիներին բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ մեր երկրում ծխախոտի օգտագործումը նվազել է: Շրջապատում շատ կարելի է հանդիպել ծխող կանանց ու տպավորություն է ստեղծվում, որ նրանց թիվը գնալով ավելանում է, մինչդեռ այդ կանայք միշտ ծխել են, պարզապես՝ եթե առաջ թաքուն էին ծխում, հիմա նրանք սրճարաններում, ռեստորաններում բացահայտ ծխում են, մարդիկ նկատում են, բայց մենք աճ չունենք: Նախկինում տղամարդկանց 10-ից 6-ն էր ծխող, հիմա՝ 10-ից 5-ը, այդ տարբերությունը մարդիկ չեն տեսնում: Իրականում մենք ունենք բավականին լայն զանգված, որոնք թողել են ծխելը: Այլ հարց է, որ, ցավոք, դա այն տարիքային խումբն է՝ 45-55 տարեկան, որոնք, ենթադրում ենք՝ լուրջ առողջական խնդիրներից հետո են որոշել թողնել ծխելը»:
Ինչ վերաբերում է դեռահասներին, հետազոտությունները ցույց են տվել, որ ներկայումս 13-15 տարեկան երեխաների շրջանում ծխողների թիվը շատ մեծ է: Տղաների 7-8 %-ն է ծխում, աղջիկների՝ 1-2 %-ը: Սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է, հատկապես, որ իրական պատկերն ավելի վատը կլինի:
Ինչպես գիտենք, ծխախոտային արտադրանքի բիզնեսն ամբողջ աշխարհում շատ ուժեղ է, ուժեղ են նաեւ այդ բիզնեսմենները, դրա համար էլ հասարակությունը թերահավատորեն է վերաբերվում, որ այդ բիզնեսի դեմ պայքարը դրական արդյունք կունենա: Հաշվի առնելով, որ միջազգային կազմակերպությունների կողմից շատ մեծ գումարներ են ներդրվում հակածխախոտային քաղաքականության համար, մտավախություն կա, որ այդ փողերը փոշիացվում են: Սակայն պարոն Բազարչյանը հավաստիացնում է, որ ծխախոտի դեմ պայքարը նշանակում է նպաստել ծխախոտի արտադրանքի քիչ սպառմանը. «Մենք պայքարում ենք, որ այդ կորպորատիվ շահերը չազդեն մարդկանց առողջության վրա, թե չէ՝ ծխախոտ արտադրողները թաքնված գովազդների միջոցով մարդկանց անընդհատ շահագրգռում են ծխել»:
Մեր բնակչության շրջանում մահացության հիմնական պատճառները 4-ն են՝  սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ (առավելապես՝ թոքի), շաքարային դիաբետ, լյարդի ցիրոզ: Հետազոտությունները ցույց են տվել, որ, օրինակ, թոքի քաղցկեղից տարեկան 1000 տղամարդ է մահանում, իսկ դա անմիջականորեն կապված է ծխախոտի օգտագործման հետ: Ալեքսանդր Բազարչյանի խոսքերով՝ «Այն, որ Հայաստանում կանայք ավելի քիչ են ծխում՝ ապացուցվում է նաեւ թոքի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշով, ըստ որի՝ կանանց թիվը տարեկան 200-ի չի հասնում: Որովհետեւ ծխող կանանց թիվն այն աստիճան առասպելական չէ, ինչպես ասում են»:
Թե աշխարհում մեր երկիրը ծխելու տարածվածությամբ ո՞ր տեղում է՝ մասնագետը դժվարացավ հստակ պատասխանել, միայն նշեց, որ Ռուսաստանից ու Ուկրաինայից ավելի լավ վիճակում ենք, Եվրամիության երկրներից՝ ավելի վատ վիճակում:
Պետական ծրագրի համաձայն, մինչեւ 2015-ը մեր երկրում ծխողների թիվը 8-10%-ով պետք է նվազի: Թե ինչպես են հասնելու այդ ցուցանիշին, ըստ ծրագրի ղեկավարի՝ «Կարող է այս տարի 1% էլ չնվազեցնենք, բայց մյուս տարի 2-3%-ով նվազեցնենք, հիմա մենք լուրջ խնդիր ունենք նաեւ երկրորդական ծխի ազդեցության դեմ պայքարելու գործում: Մեր մոնիտորինգները ցույց են տալիս, որ երեխաների 70%-ը, ում ծնողները ծխող են՝ ենթարկվում են ծխախոտի ծխի ազդեցությանը՝ իրենց բնակարաններում, շատ ծնողներ տանը ծխում են՝ գիտակցելով, որ վնասում են երեխայի առողջությանը, բայց դա օրենքով հնարավոր չէ կարգավորել»:
Նշենք, որ եթե հիմա ծխախոտի տուփի վրա ծխողներին վախեցնելու համար գրում են, որ ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ եւ այլն, առաջիկա տարիներին այդ տողերն ավելի սուր են լինելու: Պետք է արվի ամեն ինչ՝ ծխախոտից մարդկանց հեռու պահելու համար: Չի բացառվում, որ 2015-ին, ասենք, մեր ծխախոտների տուփերի վրա հայտնաբերենք այսպիսի տողեր՝ «Ապա նայեք ձեր բոյին եւ նայեք յուրաքանչյուր ծխախոտի բոյին։ Մի՞թե ձեզանից այդքան փոքր գլանակը ընդունակ է ստիպել ձեզ սիրել իրեն, կապված ու հավատարիմ մնալ, մեծ փողեր ծախսել ու առողջություն վատնել դրա վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել