Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Նոյեմբեր 09,2010 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

\"\"Վերջերս ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը, մասնավոր զրույցի ժամանակ, ոգեւորությա՞մբ, թե՞ չարախնդությամբ ասաց. «Տեսա՞ր, թե ոնց պայթեց 88-ի փուչիկը»: Ես եւ զրույցին մասնակցող գործընկերս տարակուսած նայեցինք իրար՝ չհասկանալով, թե մեր զրուցակիցը այդ ասելիս մեզ համախո՞հ է համարում, թե՞ առնվազն պարտված հակառակորդ: Դառը բառերը եկան-շարվեցին կոկորդիս, բայց պատգամավորը մեր՝ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր, եւ ես նրան փորձեցի պատմել Ղարաբաղի մասին, որտեղից նոր էի վերադարձել եւ ուր ավարտվել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած 5-օրյա տեւողությամբ Համահայկական լրագրողական
5-րդ համաժողովը: Ղարաբաղն այնքան իրական էր եւ այլ խորհրդածությունների, նաեւ՝ մտահոգությունների տեղիք էր տալիս:
Այդ իրական Ղարաբաղը արդյունք է 88-ի ղարաբաղյան Շարժման, որը ձեւավորեց այն հասարակական արժեքները եւ քաղաքական սկզբունքները, որոնք դեռ ապրում են եւ կենսունակ են՝ չնայած սարկազմին ու ծանակումներին, կասկածներին ու վհատությանը, չնայած ոտնձգություններին ու հալածանքներին:

1.
«Վերադառնում ենք Ստեփանակերտ, բայց ինձ թվում է, որ ես ոչ թե վերադառնում եմ, այլ փախչում: Փախչում եմ պատերազմից, մահերից, արկերի պայթյուններից, «Աղդամի պոլկի» տղաների հրաժեշտի լռությունից, փախչում եմ պատերազմի փոշուց, պատերազմի օրենքներից, կեսգիշերին այրվող խոտի դեզից, որի կրակը աշխարհն է պատել»:
«Պատերազմում, ինչպես պատերազմում», «Հայք», 15.10.1993թ.

Երեւանից Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսների շարասյունը տեղափոխում է աշխարհի 26 երկրներից ժամանած շուրջ 200 լրագրողների, որոնց մի մասն առաջին անգամ է անցնում այդ ճանապարհով: Ես Ղարաբաղ էի մեկնում չորրորդ անգամ: Վերջին անգամ՝ 1997-ի օգոստոսին էր՝ Մամուլի ազգային ակումբի կազմավորումից երկու ամիս անց մեր առաջին ուղեւորությունը Ղարաբաղ էր (դրանից հետո մեր առջեւ փակվեցին դրամաշնորհների բոլոր ճանապարհները, եւ ՀՀ-ում հավատարմագրված արեւմտյան որոշ դիվանագետներ մեզ մեղադրեցին քաղաքականությամբ զբաղվելու մեջ):
Երեւանից դուրս գալիս մեկուկես ժամ անց, անմիջապես կողքիդ երեւում է Արարատը: Սփյուռքահայ գործընկերներս արագ-արագ լուսանկարում են: Ես չեմ լուսանկարում, պարզապես կանգնում եմ ավտոբուսի իմ նստարանի նեղլիկ մասում, որ ավելի լավ տեսնեմ Արարատը: Լուսանկարների պարբերական չխկչխկոցները մեծացնում են ավտոբուսի աղմուկը: Աշնանային արեւոտ ու անամպ օրվա մեջ երեւացող Արարատը չի մորմոքում սիրտս. դրա համար նա շատ էր մոտ, գեղեցիկ ու հարազատ: Երեւանից հնչող դստերս հեռախոսազանգը ցրում է իմ՝ առանց այն էլ ցաքուցրիվ մտքերը:
Մի քանի ժամ անց մեր ավտոբուսը, թվում է, կախվել է երկնքի ու երկրի միջեւ: Գործընկերներիս մի մասը վախենում է դուրս նայել. ավտոբուսն ընթանում է Սատանայի կամրջի վրայով: Նայում են պատուհանից դուրս եւ հստակ տեսնում՝ յուրաքանչյուր կեռմանից թեքվելիս ավտոբուսի ետեւի մասը մնում է օդում: Բնության եւ մարդու արարումների այդ երկու հրաշքները՝ Տաթեւի ձորը եւ վանքը տեսնելու համար պիտի անցնես կյանքի ու մահվան այդ եզրագծով: (Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհի վերջին հատվածը նույնքան գեղեցիկ է, սակայն անհամեմատ անվտանգ: Գործընկերներիցս Հրայր Զորյանը՝ «Արմենպրեսի» տնօրենը, փորձում է պարզել. Տաթեւ՞ն է ավելի գեղեցիկ, թե՞ Գանձասարը՝ «Եթե ստիպված լինեիք ընտրել, ո՞րը կընտրեիք»: Մտածում եմ՝ գուցե Տաթեւը, բայց հետո հրաժարվում եմ այդ մտքից. մի՞թե հնարավոր է ընտրել հայրենիքի եւ հայրենիքի միջեւ):
Արդեն իրակնամուտին հասնում ենք Ղարաբաղի սահմանին: Փորձում եմ հասկանալ, թե ի՞նչ եմ զգում սահմանը հատելիս: Պարզապես Բերձորով Ղարաբաղ ենք մտնում, ուր շարունակվում է Հայաստանը: Դիվանագիտության սառը կանոններն այս ճանապարհին չեն գործում: ԼՂՀ անկախությունը ճանաչելու կոչերն ու պահանջներն անիմաստ եւ անօգուտ են թվում: Ղարաբաղը Հայաստանի շարունակությունն է ոչ միայն աշխարհագրորեն: Բայց եւ՝ աշխարհագրորեն: Հայրենիքը կենսական տարածք է, սակայն այդ տարածքը հայրենիք է դառնում այնտեղ ապրող բնակիչներով: Հասնում ենք Ստեփանակերտ, մտնում եմ հյուրանոցի ժամանակակից եւ ճաշակով կահավորված իմ համարը, բացում պատուհանը. Ստեփանակերտի տների լույսերը վառվում են միմյանց ետեւից: Դրսում խաղաղությունն է ու հաղթանակը՝ իրական ու շոշափելի: Եվ դրանք վիճարկելը դեմ է ոչ միայն հասարակական, տրամաբանական, այլեւ բնության օրենքներին:
2.
«Աղդամի պոլկի» զինվորների հետ նստած ենք սեղանի շուրջը: Այդ նրանք են լռեցրել Աղդամի կրակակետերը: Ուզում եմ հաշվել, թե քանի՞սն են «պոլկի» տղաները, բայց հաջորդ պահին հրաժարվում եմ այդ մտքից, քանի որ նախապաշարվածությունը գլուխ է բարձրացնում մեջս: Հրամանատար Ռոման մի մեծ բաժակ է դնում առջեւս: Ես ատում եմ աշխարհի բոլոր բաժակաճառերը, որոնք բարձրացվում են պատերազմի ու հաղթանակի մասին, բայց այդ պահին բազմաթիվ աչքեր հառնում են ինձ: Ամեն օր մահվան աչքերին նայող այս զինվորների համար ես հայտնվել եմ այն կյանքից, որը նրանց համար անորոշ ժամանակով կանգ է առել եւ ամեն րոպե յուրաքանչյուրի համար կարող է ավարտվել: Ես թեթեւակի բարձրացնում եմ բաժակս, նրանց նայել չեմ կարողանում, ու աչքերս հառնում են երկինք. «Թող Աստված տա, որ այս պատերազմը շուտով ավարտվի եւ թող բոլորդ տեսնեք խաղաղությունն ու հաղթանակը»:
Հոկտեմբերի 13-ին Համահայկական լրագրողական համաժողովի մեկնարկից առաջ ծաղիկներ ենք դնում ղարաբաղյան պատերազմի զոհերի շիրմաքարերին: Առաջին շարքի բոլոր զոհերի մահվան տարեթիվը գրեթե նույնն է՝ 1994: Անցնում եմ շիրմաքարերի շարքերի միջով: Ինքս ինձ վախենում եմ խոստովանել, որ շիրմանկարների մեջ ահով ծանոթ դեմքեր եմ փնտրում: Փնտրում եմ «Աղդամի պոլկի» տղաներին, բայց անմիջապես հասկանում եմ, որ նրանց դեմքերը չեմ հիշում: Ցավը սեղմում է կոկորդս. շիրմանկարներից ինձ են նայում 20-25 տարեկան տղաները: Նրանց դեմքերը խաղաղ են թվում, մահվան պատկերը մի պահ անհետանում է, քանի որ շիրմատան լռությունը խախտվել է՝ 200 մարդ միանգամից այցելել են այստեղ: Ամաչում եմ Երեւանում ժամանակ առ ժամանակ թեժացող բանավեճերից, թե ինչպես վերադարձնել ազատագրված տարածքները՝ փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակով, մադրիդյա՞ն, թե՞ փարիզյան սկզբունքներով: Ամաչում եմ նրանց փոխարեն, ովքեր Երեւանում տարին 2-3 անգամ այցելում են Եռաբլուր, սակայն հետո երկյուղում են ասել, որ ցանկացած պատերազմ լուծում է նաեւ վիճահարույց տարածքների հարցեր: (ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արդեն հաջորդ օրը, ի պատասխան իմ հարցին, թե ո՞րն է փոխզիջումների այն սահմանը, որից այն կողմ չի անցնի Ստեփանակերտը, խորհուրդ է տալիս չխոսել փոխզիջումների մասին, քանի դեռ դրանց մասին չի խոսել Ադրբեջանը): Ես քմծիծաղ եմ տալիս միմյանց փոխարինող ԵԱՀԿ համանախագահների վրա, որոնք տարիներ շարունակ լուրջ եւ մտազբաղ դեմքերով փորձում են լուծել Ղարաբաղի խնդիրը, որն այստեղ բոլորը վաղուց լուծված են համարում: Թեպետ Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը մտահոգված է. պատերազմը դեռ չի ավարտվել՝ «մենք դիրքային պատերազմի» մեջ ենք: Ես ռազմական գործիչ չեմ, քաղաքական գործիչ չեմ, բայց ինձ պատերազմի սպառնալիքը չափազանցված է թվում: Մի քանի գործոններ հաշվի առնելով.
– Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին խարխուլ կյանքը,
– միջազգային կառույցների ուշադրությունը տարածաշրջանի հանդեպ,
– տարածաշրջանում հաղորդակցության ուղիների եւ ճանապարհների անվտանգությամբ մտահոգված երկրների տնտեսական եւ քաղաքական շահերը,
– կողմերի՝ միմյանց ռազմական միջոցների մասին անբավարար տեղեկատվությունը,
– ռազմական գործողություններ վերսկսվելու դեպքում դրանց աշխարհագրության ընդլայնման անթույլատրելիությունը միջազգային հանրության համար,
– ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր միջամտությունը եւ դրա անհամատեղելիությունը տարածաշրջանի երկրների շահերին,
– պատերազմի վերսկսմամբ շահագրգիռ Ադրբեջանի համար պատերազմի հնարավոր հետեւանքների անկանխատեսելիությունը:
Միաժամանակ, պատերազմի սպառնալիքի պարբերական հիշատակումը էապես նվազեցնում են առաջադեմ եւ ժողովրդավարական պետություն կայացնելու կողմերի հնարավորությունները՝ իրավունք տալով նրանց խոչընդոտել հասարակական-քաղաքական գործընթացների աշխուժացմանը, հանդուրժել կամ խրախուսել հասարակական եւ պետական կյանքի արատավոր երեւույթները: Համաժողովի առաջին օրը Մովսես Հակոբյանին հարցրեցի, թե ե՞րբ է ազդարարվելու պատերազմի ավարտը, ռազմական կոնկրե՞տ գործողության, թե՞ կոնկրետ փաստաթղթի ստորագրման հետեւանքով: Նախարարի պատասխանն այս էր՝ երբ Բաքուն Ղարաբաղի հետ փաստաթուղթ կստորագրի պատերազմի ավարտի եւ Ղարաբաղը ճանաչելու մասին: Ես դյուրահավատ չեմ. ինչպես Երեւանում երբեւէ չի լինի այնպիսի իշխանություն, որը կստորագրի Ղարաբաղը հանձնելու փաստաթղթի տակ, այնպես էլ Բաքվում որեւէ իշխանություն փաստաթղթով չի հրաժարվի Ղարաբաղից: Ուրեմն, եթե այդպես է, եկեք օրը 24 ժամ խոսենք պատերազմի սպառնալիքից, եւ մոռանանք, որ այն կանխելու ճանապարհն անցնում է առողջ հասարակական հարաբերությունների, արդարության եւ օրինականության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ եւ արդար ընտրությունների, արտագաղթի կանխման, կենսունակ քաղաքական համակարգի կայացման միջով:
3.
«Աղդամի փողոցներում մարդու շունչ չկա, ամենուր այրված տներ են: Բոլոր տների առջեւ երկաթյա բարձր, գեղեցիկ դարպասներ են: Դրանցից մեկի առջեւ կանգ է առնում մեր մեքենան: Բացում ենք դարպասը, մտնում բակ: Տան պատերն ամբողջովին սեւացած են ծխից, միայն տեղ-տեղ երեւում է, որ տունը սպիտակ քարից է եղել: Դարպասները կենդանության պատրանք էին ստեղծում, մինչդեռ դրանցից այն կողմ… պատերազմ էր: Մտնում ենք այգին, աշխարհի բոլոր մրգերը, թվում է, այստեղ են: Նստում եմ ծառի տակ, չեմ ուզում մտածել պատերազմի մասին, մանավանդ որ ուղեկիցներս ախորժակով վայելում են մրգերը: Ոչ շատ հեռվում արկ է պայթում: Տղաներն առանց շրջվելու, անվրդով ասում են՝ մեր դիրքերից են խփում: Մի՞թե իսկապես հնարավոր է վարժվել պատերազմին, մի՞թե իսկապես միեւնույն է, արկը 10 մետրի վրա՞ է պայթում, թե՞ 100»:
Ես մտաբերում եմ իմ առաջին ուղեւորությունը պատերազմող Ղարաբաղ 1993-ի օգոստոսին՝ Աղդամի ազատագրումից անմիջապես հետո: 2010թ. հոկտեմբերին հայ լրագրողներով մեր ավտոբուսն անցնում է Ստեփանակերտից Աղդամ այն նույն ճանապարհով, որով 17 տարի առաջ անցնում էր ԼՂՀ նախարարների խորհրդի «Ռաֆը»՝ պատուհանից դուրս պարզված ավտոմատներով, ցորենի մոխրացած արտերով, ականապատված ճանապարհներով գնում էինք Աղդամի ալրաղաց գործարան, Աղդամի, որը, ինչպես ղարաբաղցիներն էին պատմում, ծծում էր Ղարաբաղի արյունը:
«Այգուց դուրս գալիս, բակում հանկարծ նկատում եմ մետաղյա պարանին կախված մի զույգ մանկական կարմիր գուլպա: Շուրջս միայն մոխրացած ամայություն էր, իսկ այդ գուլպաները աշխարհին ու պատերազմին անհաղորդ կախված էին պարանին: Ո՛չ, պատերազմը չարիք է, նույնիսկ՝ սրբազան պատերազմն է չարիք: Մեքենայում մի տեսակ կծկվում եմ: Դիմացի սարերից պայթյուններ են լսվում: Երկու ձեռքերով ամուր գրկել եմ պայուսակս, որը ուղեկիցներս լցրել են մրգով: Պայուսակս ինձ թվում է շնչող, ապրող, կենդանի էակ, եւ կարծում եմ, որ գրկիս ոչ թե պայուսակս է, այլ կարմիր գուլպաների տեր երեխան: Այդ պահին միայն մի բան եմ հասկանում՝ ես ուզում եմ արկերի պայթյուններից, պատերազմի արհավիրքներից հեռու տանել կարմիր գուլպաներով երեխային: Եվ կարեւոր չէ, թե ինչ ազգություն ունի նա»:
Ստեփանակերտից Աղդամ ճանապարհին մի հատվածում կանգ են առնում համաժողովի մասնակիցների ավտոբուսները: Չնայած «Մուտքը խստիվ արգելված է» ցուցանակին՝ ավտոբուսները մուտք են գործում N զորամասի տարածք: Մոռացած մասնագիտական գործունեությունը՝ լրագրողներս անվերջ լուսանկարվում ենք: Զորակոչիկները ներողամտորեն նայում են զորամասն աղմուկ-աղաղակով լցրած լրագրողներին: Փորձում եմ զրուցել, սակայն զինվորները քչախոս են: Չեմ կարողանում տարբերակել, թե ադրբեջանական դիրքերը ո՞ր կողմում են: Զինվորներից մեկը հայացքով անձայն ցույց է տալիս դիմացի սարը: Փաստորեն, առաջին գծում ենք: 1993 թ. հայկական դիրքերն ու զորամասերը բոլորովին այլ տեսք ունեին: Նույն հողն է, նույն տարածքը, բայց 93-ին այն պատերազմական տարածք էր, այժմ՝ խաղաղության: Թեպետ պատերազմի նպատակն էլ, ի վերջո, խաղաղությունն է:
«Հանկարծ չորս հարազատ դեմքեր շրջվում են դեպի ինձ: «Մենք մեղավոր չենք, մենք չենք սկսել այս պատերազմը»,-Շուրիկն է, թեպետ ես ոչ մի բառ չեմ արտաբերել: «Մենք ուզում ենք, որ մեր երեխաները ապրեն մեր հողում»: «Մենք իսկապես մեղավոր չենք,-Կոլյան է,-մենք Սումգայիթը չենք կարող մոռանալ, մենք Մարտակերտ ենք տեսել: Եթե դու տեսնեիր, թե ինչպես էին խաշում մեր երեխաներին, ողջ-ողջ թաղում նրանց…»: Ես նայում եմ չորս տղամարդկանց խանձված, արեւահար դեմքերին, որոնք չգիտես ինչու, մի տեսակ խեղճացած են թվում: Ես հասկանում եմ, որ նրանց գտած ճշմարտությունը անհասանելի է ինձ, քանի որ այն թրծվել է 70 տարի շարունակ…»:
Աղդամը բնակեցված չէ: Այժմ էլ նրա միայն երեսուն տոկոսն է ականազերծված: Տեղ-տեղ երեւացող նռնենիները մի տեսակ լքված են թվում: Ղարաբաղի վերաբնակեցման խնդիրն ավելի քան հրատապ է: Երեւանում անվերջ մտահոգվում են, որ այս տարածքներում դիտարկում անցկացնող միջազգային կառույցները Ղարաբաղին չմեղադրեն այդ տարածքները վերաբնակեցնելու մեջ: Վաղուց արդեն ժամանակն է թոթափել այս կեղծ, արհեստական մտահոգությունը եւ կենդանություն հաղորդել ազատագրված բոլոր տարածքներին: Այս գործելակերպը բնավ էլ պատերազմ չէ միջազգային հանրության դեմ, այլ՝ խաղաղության ձգտման լավագույն ապացույց: Այդ տարածքները պահպանելու, շենացնելու ճանապարհը դրանց վերաբնակեցումն է: ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը սկզբունքորեն համաձայն է իմ այդ դիտարկմանը, սակայն թվարկում է դրա խոչընդոտները: «Չեն գալիս, Հայաստանից չեն գալիս այստեղ ապրելու»: «Դուք էլ թույլ չտայիք Ղարաբաղից գային Երեւան»: Թովմասյանն ակնարկս հասկանում է՝ «Երկու-երեք մարդ են եկել»: «Այո, բայց քաղաքական եւ ռազմական իշխանությունն է եկել»: Իսկ դա նշանակում է փոխել գետի հունը անցանկալի ուղղությամբ:
4.
«Հետո վեր ենք կենում: Նրանք, ովքեր պիտի գնան, գնում են, ովքեր պիտի մնան, մնում են: Ես նայում եմ նրանց դեմքերին, որոնք անչափ ծեր են թվում, նույնիսկ 20-ամյա Դավթի դեմքն է ծերացած թվում: Նրանք պատմում էին պատերազմի մասին, հաղթանակների, պարտությունների, իրենց փոքրիկ ուրախությունների մասին: Ու նրանցից եւ ոչ մեկը իրեն հերոս չեր համարում, հերոս չէր էլ զգում: Նրանց համար այս կռիվը պարտք էր, ղարաբաղցու, հայ մարդու պարտքը իր հողին, իր տանը, իր ժողովրդին, իր զոհված ընկերներին: Նրանց կռիվը սրբազան էր, ու նրանք պիտի ավարտին հասցնեին այս պատերազմը, քանի որ խաղաղություն նրանք ինձնից հազարապատիկ ավելի էին ցանկանում: Նրանք հերոսներ չէին, որովհետեւ «հերոս» ու «հերոսություն» բառերը չեն կարող ամփոփել այն ամենը, ինչը ապրում եւ ինչի համար պայքարում էին «Աղդամի պոլկի» տղաները: Նրանք այլեւս ֆիդայիներ չէին, այլ զինվորներ էին, պատերազմող հայ զինվորներ»:
 Ղարաբաղում ես չհադիպեցի այն բացասական վերաբերմունքին, որ սովորաբար Երեւանում լսում ենք, թե հայաստանցիներին վատ են վերաբերվում: Ընդհակառակը: Հարգալից եւ բարյացակամ էին, եւ ոչ միայն պաշտոնական Ստեփանակերտը: Ինչ վերաբերում է ստեփանակերտցիների խնդիրներին, ապա նրանց հիմնականում մտահոգում է գործազրկությունը: Մի հակիրճ, բայց խիստ դիտարկում էլ լսեցի համաժողովի ընթացքում. ղարաբաղյան հ/կ-ներից մեկի երիտասարդ ներկայացուցիչը, քննարկման ընթացքում, ի պատասխան անվերջ հնչող դիտարկումներին, թե պետք է միավորել ուժերը տեղեկատվական ճակատում արտաքին թշնամու դեմ պայքարում, նկատեց՝ իսկ ո՞վ է պայքարելու ներքին թշնամու դեմ, անարդարության, սոցիալական բեւեռացման, կոռուպցիայի. այդ թշնամին պակաս վտանգավոր չէ: Երիտասարդի ճիչը շատ էր անկեղծ, որպեսզի չհավատայի նրան: Ղարաբաղում, ինչպես Հայաստանում:
 Սակայն սրանից ոչ պակաս մեկ այլ մտահոգիչ երեւույթի մասին: Երեւանում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են մի շարք պատճառներով.
– դա անում են միջազգային հանրության համար,
– համոզված են, որ Ղարաբաղի ինքնորոշումն անկախությունն է,
– ձգտում են, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ,
– վստահ են, որ Ղարաբաղի անվտանգությունը նրա անկախության ճանաչումն է,
– քաղաքական պարզամտության եւ սխալ հաշվարկների հետեւանքով,
– ի ցույց դնելու, որ պաշտոնական Երեւանին Ղարաբաղը չի հուզում,
– վստահ են, որ Ղարաբաղը չի միանա Հայաստանին:
Մինչեւ Ղարաբաղ մեկնելը այս վերջին պատճառն ամենաանհավանականը եւ անհեթեթն էր թվում: Պաշտոնական Ստեփանակերտի հետ հանդիպումներում զգում էի,  որ այդ պատճառը բնավ էլ անհավանական չէ: ԼՂՀ ԱԺ դահլիճում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, փոխնախագահ Արթուր Թովմասյանի եւ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հասկացա, որ պաշտոնական Ստեփանակերտը վերանայում է Հայաստանին միանալու իր մոտեցումները: Աշոտ Ղուլյանն այդ հանդիպմանը սկզբում այնքան խոսեց ԼՂՀ անկախության ճանաչման մասին, որ նրան հարցրեցի՝ արդյո՞ք Ղարաբաղի քաղաքական իշխանությունը վերանայել է Հայաստանի հետ վերամիավորվելու իր մոտեցումը: Ես հատուկ ընդգծեցի՝ «քաղաքական իշխանությունը», քանի որ այն կարծիքին չեմ, որ հասարակությունն էլ է նույնն ուզում: Պաշտոնական Ստեփանակերտն իրական իշխանություն է ուզում, եւ այն չի ուզում կիսել Երեւանի հետ: Ղարաբաղն իշխանության մարմիններ ունի՝ նախագահ, խորհրդարան, կառավարություն, դատարաններ: Եվ թեպետ Ղուլյանը պատասխանելիս նշեց, որ այդ հարցը իրեն շատ են տալիս ուսանողները, սակայն ակնհայտ էր, որ հարցս նրան հանկարծակիի բերեց: Նա վերհիշեց, թե ինչպես առաջացավ «Միացում» կարգախոսը, հիշեց ՀԽՍՀ ԳԽ դեկտեմբերի 1-ի որոշումը, Ղարաբաղի անկախության հանրաքվեն, եւ Ղարաբաղի անկախության ձգտումը պատճառաբանեց միջազգային կառույցներում հայկական պատվիրակության երկու ձայնի առավելությամբ, եւ վերջում ասաց, եթե իրավիճակը թելադրի, այլ՝ Հայաստանի հետ վերամիավորվելու որոշում կընդունեն:
 Եթե Ղարաբաղի՝ Հայաստանին վերամիավորվելու մասին Ստեփանակերտում առանձնապես չեն ուզում հիշել, ապա այդ դեպքում ի՞նչ մնաց Հայաստանին՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա՞նը: Հայաստանը պետք է Ղարաբաղին նույնքան, որքան Ղարաբաղը՝ Հայաստանին: Դրանք նույն օրգանիզմի մասերն են՝ ապրող, շնչող, կենդանի: Մնացածը՝ քաղաքական սեթեւեթանքներն են՝ գործողումների, ընտրական քվեների, քաղաքական ազդեցության եւ իշխանության համար: Վկան՝ Երեւան-Ստեփանակերտ ճանապարհը, որը շուրջ ութժամյա տեւողությունից հետո էլ ոչ թե հոգնություն է բերում, այլ հանգիստ եւ վստահություն: Այն, ինչ միավորել են «Աղդամի պոլկի» տղաները, չի կարող բաժանել իշխանությունը: Այն, ինչ միավորել է ժողովուրդը, չեն կարող բաժանել իշխանությունները: Այն, ինչ միավորել են ժողովուրդը եւ իշխանությունը, չի կարող բաժանել աշխարհը:
Երեւան վերադարձի ճանապարհին, Գորիսում համաժողովի մասնակիցները, ըստ ծրագրի, պետք է հանդիպեին Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից առաջ տեղեկանում ենք՝ նա միայն սփյուռքահայ լրագրողների հետ է հանդիպելու: Ցուցակով: Սակայն ցուցակում նաեւ հայաստանցիների ազգանուններ կան: Չկան Սյունիքի մարզի տեղական ԶԼՄ-ների անունները, որոնց ղեկավարները եւս մասնակցում էին համաժողովին: Չկան համաժողովը լուսաբանող լրագրողների ազգանունները, որոնք մի քանի օր շարունակ, երբ մենք վայելում էինք չլուսաբանելու մեր ազատությունը, նրանք փորձում էին ապահովել լրատվությունը համաժողովից: Իմ ազգանունն էլ չկար, թեպետ ես համաժողովին հրավիրված էի որպես մասնակից՝ ելույթի առաջարկով: Փաստորեն՝ հարցադրումս ձախողվեց: Սակայն ամենակարեւորը՝ համաժողովի նպատակը՝ Հայաստանի եւ Սփյուռքի լրագրողական միասնականության ապահովումը, լրագրողներին բաժանելիս՝ հօդս ցնդեց: Միասնականության ապահովումը նույնքան անարժեք էր, որքան անցանկալի էր անկանխատեսելիությունը: Պաշտոնական Երեւանը դարձյալ ամեն ինչ փչացրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել