Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵ՞Լ Է ՎՃՌԱԿԱՆ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"Ղարաբաղի հարցով երեկ Աստանայում ընդունվեց ոչ մեկին ոչ մի բան չպարտավորեցնող հայտարարություն

Երեկ Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովում ղարաբաղյան հարցը իր «պատվավոր տեղն» ուներ բոլոր հիմնական ելույթ ունեցողների ճառերում։ «Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, լի է վճռականությամբ՝ աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Շառլ Արման Ֆիոնը: «ԵԱՀԿ-ն կարող է հույս դնել ՄԱԿ-ի վրա ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: ԵԱՀԿ տարածքը նույնպես ձգձգված հակամարտությունների վայր է, որոնք անհապաղ խաղաղ կարգավորման կարիք ունեն՝ բանակցությունների հիման վրա: Բոլոր նրանք, ովքեր ապրում են այդ տարածաշրջաններում, արդարացիորեն այդ լուծումներն ակնկալում են մեզանից: Որպես տարածաշրջանային կազմակերպություն՝ ԵԱՀԿ-ն ընթանում է առաջին շարքերում, այստեղ դուք կարող եք հույս դնել ՄԱԿ-ի վրա՝ որպես հուսալի գործընկերոջ»,- իր հերթին հավաստիացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւն իր հերթին հայտարարել է, որ վերջին մեկ տարում ձգձգված հակամարտությունների շուրջ անցկացրած բանակցությունների արդյունքները «զգուշավոր լավատեսության հիմք են տալիս՝ չնայած խնդիրների ողջ բարդությանն ու տեւական բնույթին»: «Եվրամիության համար ԵԱՀԿ գլխավոր գերակայությունն ինչպես նոր, այնպես էլ հին տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումն է»,- գագաթաժողովում հայտարարել է Եվրամիության նախագահ Խերման Վան Ռոմպեյը: «Մենք պետք է վերսկսենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված մեր ջանքերը, որը կհիմնվի Մինսկի խմբի հովանու ներքո մշակված հիմնական սկզբունքների վրա: Ես ցանկանում եմ ընդգծել, որ ցանկացած արդար եւ տեւական խաղաղության հիմքը պետք է լինեն Հելսինկյան սկզբունքները, ինչպես նաեւ նախագահներ Մեդվեդեւի (Ռուսաստան), Սարկոզիի (Ֆրանսիա) եւ Օբամայի (ԱՄՆ) կողմից 2010 հուլիսի 10-ին մշակված վեց տարրերը: Առաջարկված այդ տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն, եւ ինչ-որ տարրեր ընտրելու ցանկացած փորձ, մի կողմ թողնելով մյուսները, թույլ չի տա հասնելու հակամարտության կարգավորման»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Հնարավոր է, ամենակարեւորը հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքների մշակումն է, եւ դրանց հարկավոր է հետեւել ոչ թե ինչ-որ ընտրովի դեպքերում, այլ բոլոր ճգնաժամային իրավիճակներում: Կրկնեմ, որ նման հարցերի կարգավորումն իրոք պետք է լինի բացարձակապես խաղաղ: Ռազմական ուժի կիրառումը, ինչպես 2008 թվականի օգոստոսին դա փորձեց անել Վրաստանի ղեկավարությունը Հարավային Օսիայի նկատմամբ, բացարձակապես անթույլատրելի է»,- հայտարարել է ՌԴ նախագահը՝ շեշտելով, որ այդ սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը, կողմերի միջեւ համաձայնության ձեռք բերումը, հարգանքը համաձայնեցված բանակցային եւ խաղաղապահ ձեւաչափերի նկատմամբ, հակամարտության գոտում հայտնված քաղաքացիական բնակչության իրավունքների ապահովումը:
Ի վերջո, այս կարգի ելույթների տրամաբանական վերջնագիծը երեկ ընդունված հնգակողմ հայտարարությունն էր, որի հեղինակներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Պիյոնը եւ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայտարարության մեջ նշված է, որ եկել է ժամանակը վճռական ջանքեր գործադրելու՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար: Հայտարարության հեղինակները վկայակոչել են 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում եւ 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հանդիպումից հետո արված հայտարարությունները ու համաձայնություն հայտնել, որ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը կբերի կայունություն եւ անվտանգություն, եւ դա միակ միջոցն է տարածաշրջանում ժողովուրդների միջեւ բարեկամություն հաստատելու համար: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորմանը հասնելու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի ու սկզբունքների, ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան Եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ 2009-ի հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում, այնուհետեւ՝ 2010-ի հունիսի 26-ին Մուսկոկոյում արված երեք երկրների նախագահների (Մեդվեդեւ, Սարկոզի, Օբամա) հայտարարության վրա: ԵԱՀԿ միջնորդ երկրները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հակամարտության վերջնական լուծման համար անհրաժեշտ որոշման կայացման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել