Լրահոս
Օրվա լրահոսը

1,2 միլիոնանոց պատմություն

Դեկտեմբեր 02,2010 00:00

Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի գյուղապետը աշխատավարձը չի վճարում անձնական խնդիրների պատճառո՞վ

Մեր թերթի նոյեմբերի 16-ի համարում անդրադարձել էինք Սյունիքի մարզի 8 համայնքներում, այդ թվում՝ Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղում, աշխատավարձերի պարտքերի խնդրին: Տաշտունի գործող գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը մեզ հետ ունեցած զրույցում նշել էր, որ նախկին գյուղապետից «ժառանգած» աշխատավարձի պարտքը 1,2 միլիոն դրամ է, ինքն էլ այս պարտքը չի մարում, քանի որ նախկին գյուղապետի պաշտոնավարման ժամանակ ֆինանսական խախտումներ են եղել, իսկ ինքը չի պատրաստվում մարել այդ գումարը եւ հերթական խախտումներ անողի դերում լինել:
Հրապարակմանը արձագանքել են Տաշտունի գյուղապետարանի նախկին աշխատողները: Նրանք միաբերան պնդում են, որ ոչ մի ֆինանսական խախտում չի եղել, ներկայիս գյուղապետի՝ աշխատավարձի պարտքերը չմարելու հիմքում անձնական «հաշիվ» կա: Գյուղապետարանի նախկին հաշվապահ Սպարտակ Ղազարյանը հերքում է ներկայիս գյուղապետի ասածը եւ հավաստիացնում է, որ իրենք հանձնման-ընդունման ժամանակ հանձնել են նաեւ արձանագրությունների մատյանը: «1,2 միլիոն դրամի ապառքների տեղեկագիր ենք հանձնել, նա պարտավոր էր վճարել: Սկզբում գյուղապետը չվճարելու մասին ոչ մի խոսք չասաց, հետագայում, երբ լարվածություն եղավ, հայտարարեց, թե աշխատողների աշխատավարձ է կրճատում, ինքը գործ չունի աշխատավարձերի պարտքերի հետ եւ այլն: 2008թ.-ից մինչեւ էսօր պարտքը չի մարում: 2009թ.-ին գումար չի վճարել, 2010թ.-ի մայիս ամսվա համար 6 հազար դրամ տվեց, իսկ հունիս ամսվա համար՝ 30 հազար դրամ` առանց նախապես 20 տոկոս հավելավճարի (որը կառավարության ընդունած որոշումն էր հատուկ Մեղրու տարածաշրջանի համար), ավագանու որոշում է ընդունել, գումարների հաշվարկման հարցերում փոփոխություն արել: Ինքը իրավունք չունի, որ ստացող մարդու սահմանված աշխատավարձից գումար հետ պահի: Ասում է՝ արձանագրությունների գիրքը անհետացել է, դա արդեն իրենց մեղքով եղավ: Մենք դա հանձնել ենք, ու աշխատակազմի ղեկավարը ներկա էր: Հետո աշխատակազմի ղեկավարին հանեց գործից, իր զոքանչին դրեց գործի՝ առանց հանձնում-ընդունում անելու, թե էդ ընթացքում մատյանն ինչ եղավ՝ չեմ կարող ասել… Գցում է մեզ վրա: Ակտերը կան, որ մենք հանձնել ենք: Երկու անգամ մարզպետին դիմեցինք, մարզպետը հրահանգել էր վճարել, գյուղապետը ասել էր, որ բյուջեում նախատեսված է, կվճարենք, բայց չի վճարել: 10 օր էլ իր օրոք եմ աշխատել, դա էլ չի վճարել: Ներկայումս գյուղապետարանում աշխատող այն մարդիկ, ովքեր նախկինից պարտք ունեն եւ պահանջում են իրենց աշխատավարձը, գյուղապետի կողմից կամ անհիմն նկատողությունների են արժանանում, կամ էլ բողոքողների աշխատավարձն է ցածրացնում»,- հայտարարեց Տաշտունի նախկին հաշվապահը:
Փորձեցինք Սյունիքի մարզպետարանից պարզաբանում ստանալ: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի փոխանցմամբ, իրենք եղել են տեղում, ուսումնասիրել վիճակը եւ պարզել, որ խնդիրն ընդամենը նախկինում հաշվարկված աշխատավարձերում տեղ գտած որոշակի անհարթություններն են: «Նախկին գյուղապետը վերջին ամիսներին աշխատավարձի բարձրացում է արել, ներկան դրա հետ չի համաձայնվել: Քանի որ էդ արձանագրությունների մատյանը կորել էր, այսօրվա գյուղապետը վերցրել-վերահաշվարկ է կատարել, տարբերությունը 200 հազար դրամ է: Մենք առաջարկեցինք, քանի որ հանձնող կողմն այն ժամանակ մատյանի խնդիրը չի լուծել, որտեղ արձանագրված են աշխատավարձերի բարձրացումները, ղեկավարին առաջարկեցինք հետեւյալը՝ աշխատավարձի պարտքը վճարել նախկին դրույքաչափով: Առավել եւս, երբ համայնքի բյուջեն անհրաժեշտ գումարը ունի, քանի որ այս տարի լրացուցիչ վարձակալության պայմանագրեր են կնքվել եւ եկամուտներ մուտք արվել համայնքի բյուջե: Արձանագրությունների մատյանի չլինելը պարտքը չվճարելու հիմք չէ, քանի որ բոլոր որոշումները, բոլոր քաղվածքները ե՛ւ մարզպետարանում կան, ե՛ւ նորմատիվ որոշումները՝ արդարադատության նախարարությունում: Այստեղ հնարավոր է անձնական խնդիր լինի: Մենք կարող ենք միայն մեկ անգամ եւս գյուղապետին կանչել ու առաջարկել վճարել չվճարված աշխատավարձերը»,- ասաց Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանը:
Մինչ մարզպետարանը Տաշտունի գյուղապետին նորից կառաջարկի որպես իրավահաջորդ մարել պարտքը, նախկին աշխատողներից 3-ը փորձում են խնդրին լուծում տալ դատական եղանակով եւ արդեն հայց են ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասություն դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել