Լրահոս
Օրվա լրահոսը

74-ԱՄՅԱ ՄԻ ԽԵՂՃ ՄԱՐԴ ԱՃՈՒՐԴՈՎ ՕԲՅԵ՞ԿՏ Է ԳՆԵԼ

Դեկտեմբեր 15,2010 00:00

Գործարարը վստահեցնում է, որ բանկը ձեւական աճուրդ է արել ու իր օբյեկտը ձեռքից խլել

Ամեն տարի վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մեր երկրում փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու մասին, սակայն, ըստ էության, որեւէ քայլ չի ձեռնարկվում ՓՄՁ-ներին աջակցելու համար: Ձեռնարկված բոլոր միջոցառումներից, վերջին հաշվով, օգտվում են խոշոր բիզնեսներն ու նրանց տերերը: Անգամ արտոնյալ վարկերը, որոնք նախատեսվում են մանր ու միջին բիզնեսը զարգացնելու համար, ի վերջո գլխացավանք են դառնում թիկունք չունեցող գործարարների համար: Հեռուստատեսությամբ գովազդում են, որ աշխատանքային խղճուկ պայմանների փոխարեն կարելի է հեշտությամբ ունենալ ավելի քաղաքակիրթ ու բարենպաստ պայմաններ, որ տոնավաճառում հաճախորդին զգեստը փոխելու համար մի հատ քրջի կտորից սարքած վարագույր պահելու փոխարեն կարելի է բանկից վարկ վերցնել ու նորմալ հանդերձարան ունենալ: Այս ամենը շատ գայթակղիչ է ցանկացած գործարարի համար, որն ուզում է քիչ-քիչ ներդրումներ անել ու գլուխը կախ իր օրվա հացը վաստակել: Սակայն իրականում վարկ վերցնելը գործարարի համար այնքան էլ հեշտ բան չէ: Բացի այն, որ բանկերը մեկ օր տոկոսներն ուշացնելու դեպքում հսկայական տույժ ու տուգանքներ են ջարդում տնտեսվարող վարկառուի գլխին, ընդամենը մի անզգույշ մոտեցման դեպքում մարդուն զրկում են իր ողջ ունեցվածքից:

Գործարար Ասլան Դիլբարյանը մայրաքաղաքի բավականին գրավիչ մի հատվածում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անմիջապես դիմաց մի օբյեկտ է ունեցել: Իր բիզնեսը զարգացնելու համար նա գրավադրել է 251 քմ ընդհանուր մակերեսով այդ տարածքը «Հայբիզնեսբանկում» եւ Արզումանյան 32 շենքի թիվ 6 բնակարանը՝ «Արդշինինվեստբանկում»: Ասլան Դիլբարյանի պատմելով՝ «Ես ամիսներ շարունակ պարտաճանաչ վճարում էի, բայց հանկարծ սրտի ինֆարկտ ստացա, բոլոր բժշկական փաստաթղթերն ունեմ, որ հիվանդանոցում եմ եղել: Ապաքինվելուց հետո ինձ մեծ ու տհաճ անակնկալ էր սպասվում. պարզվեց, որ արդեն օբյեկտը իմը չէ, ընդ որում, այդ տարածքը, որի շուկայական արժեքը, ըստ մասնագետների, գնահատվում էր 800 մլն դրամ, իբր 2010-ի նոյեմբերի 20-ին աճուրդի է դրվել, եւ «Հայբիզնեսբանկը» վաճառել է ընդամենը 38 մլն դրամով»: Ա. Դիլբարյանը հետաքրքրվել է ու պարզել, որ օբյեկտի նոր տերը, որը գնել է այդ տարածքը բանկից՝ աճուրդով, Թադեւոսյան Բաբկենն է՝ 74 տարեկան մի խեղճ մարդ, որը, ըստ պարոն Դիլբարյանի, անգամ իր կոմունալ վճարումները չի կարողանում ժամանակին անել, մշտապես պարտքեր է կուտակում. «Ինձ համար միանշանակ պարզ է, որ այդ աճուրդը ձեւական է եղել»:

Նշենք, որ բանկերում հաճախ են նման դեպքեր լինում, երբ գրավ դրված տարածքները, բնակարանները ջրի գնով օտարվում են տարբեր քաղաքացիների անուններով, հետո պարզվում է, որ դրանց իրական տերը կամ բանկի աշխատակից է, կամ որեւէ պաշտոնյա, որը հովանավորում է այդ բանկի գործունեությունը:

Ասլան Դիլբարյանի պատմելով, հիմա էլ ամեն ինչ արվում է նույն սկզբունքով տունը ձեռքից խլելու համար. «Մի գիշեր, կիրակի օրով ինձ զանգահարեցին ու հրավիրեցին սնանկության գործերով կառավարչի՝ Մայիս Հայրապետյանի մոտ՝ ինչ-որ խնդիրներ քննարկելու համար: Ուշագրավն այն է, որ թե՛ «Հայբիզնեսբանկի», թե՛ «Արդշինինվեստբանկի» սնանկության գործերով կառավարիչը նույն Մայիս Հայրապետյանն է: Ինձ խիստ զգուշացրեցին, որ այլեւս որեւէ տուգանքի մուծում կամ պարտքի մարում չանեմ, ուղղակի գնամ իրենց մոտ: Ես հաջորդ օրն իսկ ապահովության համար ողջ պարտքերս մուծեցի ու կտրոններով ներկայացա բանկ: Հետո հասկացա, որ այդ կտրոնները խափանել են նրանց ծրագրերը»: Գործարարը խմբագրություն էր բերել նաեւ սնանկության գործերով կառավարչի հաշվեհամարին 1 մլն դրամի եւ 8,3 մլն դրամի փոխանցման կտրոնները, որոնց միջոցով պետք է մարվեին բնակարանի գրավադրման ողջ տոկոսներն ու պարտքը: Սակայն մինչ օրս այդ գումարը, այսպես ասած, տեղ չի հասնում: Սնանկության գործերով կառավարիչը չի շտապում գումարը փոխանցել «Արդշինինվեստբանկին». «Ստացվում է, որ չնայած ես պարտքը մարել եմ, ընդ որում՝ մի բան էլ ավելի եմ մուծել, բայց հարց է՝ իմ տունը ինձ կվերադարձնե՞ն, թե՞ ոչ»:

Նշենք, որ «Արդշինինվեստբանկը» ԱՁ Ասլան Ղիլբարյանի սնանկության գործով իրականացրած աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել