Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ՆՈՐԱԹՈՒԽ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Հունվար 12,2011 00:00

«Դասընթաց» բառը նրանց վախեցրել է

Կրեդիտային համակարգը «հյուրընկալվեց» նաեւ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճան՝ ասպիրանտուրա: Նորամուծությունը կտարածվի այս տարի ասպիրանտուրա ընդունված անձանց վրա: «Առավոտի» հարցախույզը նորաթուխ ասպիրանտների շրջանում ցույց տվեց, որ նրանց մեծամասնությունն այնքան էլ ոգեւորված չէ կրեդիտային համակարգի ներդրմամբ: Ասպիրանտներին վախեցրել ու հիասթափեցրել է այն, որ ասպիրանտական կրթության ընթացքում եւս նրանք պետք է հաճախեն դասընթացների: Այս կապակցությամբ նրանցից մեկը նշեց. «Փաստորեն՝ ասպիրանտուրայում կրթությունը նմանվելու է մագիստրատուրային, երբ մեր ժամանակը կորցնում էինք այնպիսի առարկաներից դասընթացներ լսելով, որոնք մեզ պետք չեն: Հիմա էլ ուզում են նույնը կրկնել ասպիրանտուրայո՞ւմ: Այսպես թե այնպես, անգլերեն, փիլիսոփայություն եւ համակարգիչ առարկաներից դասընթացների մասնակցում էինք, էլ լրացուցիչ առարկաներ ինչո՞ւ են ուզում մտցնել: Այդպիսով, ինքնուրույն, հետազոտական աշխատանքի ժամանակ էլ չի մնա»:

Ի հեճուկս մտահոգված ասպիրանտների՝ արդեն կա նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ կրեդիտային համակարգի կիրառման մասին հրամանը: Իսկ դասընթացները բուհերի մեծամասնությունում մեկնարկել են երկրորդ կիսամյակից: Ըստ նորամուծության՝ ասպիրանտական ծրագրում ուժեղացվել է կրթական բաղադրիչը: Ասպիրանտը ուսումնառության տարիների ընթացքում պետք է ստանա առավելագույնը 180 կրեդիտ, որոնք ձեւավորվելու են հումանիտար, ընդհանուր, մասնագիտական պատրաստվածություն կրթամասերի, պրակտիկաների, հետազոտական աշխատանքների արդյունքում: Ասպիրանտներն իրենց ղեկավարների հետ կազմելու են իրենց անձնական դասացուցակը, որում լինելու են մանկավարժություն եւ հոգեբանություն, գիտական էթիկա, ակադեմիական գրագրություն օտար լեզուներով, գործարար գրագրություն եւ հաղորդակցման կարողություններ, ուսուցման նոր տեխնոլոգիաներ, նախագծերի մշակում եւ կառավարում, կարիերայի կառավարում ու աշխատանքի որոնման մեթոդներ եւ այլ առարկաներ: ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն այս կապակցությամբ նշեց. «Այսպիսով՝ կրթական բաղադրիչն ավելի էական է դարձել, չնայած նախկինում էլ դա եղել է: Պարզապես այժմ այդ ամենը հաշվառվում է, եւ բացի նախկինում կազմակերպվող երեք դասընթացներից, այժմ ասպիրանտներին առաջարկվում են մի քանի այլ ընտրովի եւ մասնագիտական դասընթացներ: Սա ավելի վերահսկելի է դարձնում ասպիրանտական գործընթացը: Նախկինում ղեկավարն էր ասում, թե ասպիրանտն ինչ է արել՝ հոդված տպագրե՞լ է, պրակտիկա անցե՞լ է: Բայց դա ոչ ոք չէր ստուգում: Իսկ այժմ ամեն ինչ ավելի տեսանելի է»:

Ասպիրանտների մտահոգության մասին էլ պրոռեկտորն ասաց. «Ինչպե՞ս կարող են նրանք դժգոհել կամ մտահոգվել, եթե դեռ չեն մասնակցել դասընթացների: Ի վերջո, կյանքն առաջ է գնում՝ եթե նախկինում բուհն ավարտելով մարդիկ իրենց կրթությունն ավարտված էին համարում, ապա այժմ այդպես չէ: Եթե ասպիրանտները հիմա վախենում են մի քանի դասընթաց լսելուց, ապա կյանքում նրանք հաջողություն չեն ունենա»: «Առավոտի» տեղեկություններով՝ ժամանակի ընթացքում մինիմումներ՝ որպես այդպիսին ասպիրանտներն այլեւս չեն հանձնի: Պարոն Գեւորգյանը, այնուամենայնիվ, կարեւորեց մինիմումների հանձնումը՝ համարելով, որ դրանք ստուգում են ասպիրանտների ընդհանուր զարգացածությունը: ԿԳՆ հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետ Մարգարիտա Գրիգորյանն էլ մինիմումների «լինել-չլինելու» մասին ասաց. «Նման բան առայժմ չկա: Ավելին, այսուհետեւ ասպիրանտների դիպլոմներում ավելի մանրամասն է գրվելու, թե նա ինչ կրթություն է ստացել ասպիրանտուրայում, քանի որ մասնագիտությունից երկու որակավորման քննություն են հանձնելու»: Ասպիրանտների ըմբոստության մասին բաժնի պետն ասաց. «Ցանկացած նորություն ըմբոստությամբ է ընդունվում»: Մեր այն հարցին՝ բուհերի դասախոսները պատրա՞ստ են, օրինակ, կարիերայի կառավարում, գիտական էթիկա, գործարար գրագրություն եւ այլ նմանատիպ առարկաներ դասավանդել, տիկին Գրիգորյանը պատասխանեց. «Բուհերը հիմնականում պատրաստ են, այլ է իրավիճակը գիտական կազմակերպություններում, նրանց ասպիրանտների կրթությունը գուցե սկզբնական շրջանում պայմանագրային հիմունքներով կազմակերպվեն բուհերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել