Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ-ԿՈՐԾԱՆԻՉ ԻՆՔՆԱԹԻՌԸ

Հունվար 12,2011 00:00

\"\"Չինաստանը առաջին անգամ փորձարկել է սեփական արտադրության անտեսանելի-կործանիչ ինքնաթիռը: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին հաղորդել է Չինաստանի առաջնորդ Խու Ցզինտայոն: Ինքնաթիռի փորձարկման մասին առաջին պաշտոնական հաստատումը եղել էր դեռ այն ժամանակ, երբ չինական մի քանի վեբ-կայքեր հրապարակել էին դրանց մասին պատմող 15 րոպեանոց տեսահոլովակներ, որոնցում ցուցադրված էր նոր՝ «J-20» անունը կրող, իսկ Չինաստանում որպես «Ցզյան-20» անունով հայտնի կործանիչի փորձնական թռիչքը: Չինաստանը հույս ունի, որ նոր ինքնաթիռը չինական սպառազինությունների շարքը կհամալրի 2017-2019թթ.: Չինաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, թե խոսել է Խու Ցզինտայոյի հետ եւ վերջինս հավաստիացրել է, թե այդ փորձարկումը «նվիրված» չէր Չինաստան կատարած իր այցին, այլ նախատեսված է եղել շատ ավելի վաղ:

Անտեսանելի ինքնաթիռի առաջին լուսանկարները հայտնվել էին դեռ հունվարի առաջին օրերին, բայց ամերիկացի զինվորականները կասկած էին հայտնել, թե Չինաստանն ի վիճակի է մոտ ապագայում զինվել այդքան արդիական ինքնաթիռով: Մինչեւ հիմա միակ երկիրը, որը տիրապետում էր անտեսանելի կործանիչ արտադրելու տեխնոլոգիային, համարվում էր Միացյալ Նահանգները, թեեւ Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են աշխատել այդպիսի ռազմական ինքնաթիռներ ստեղծելու ուղղությամբ:

Ի դեպ, ամերիկացի նախարարի չինաստանյան այցն ընթանում է չինական բանակի ակտիվ արդիականացման վերաբերյալ ԱՄՆ-ի անհանգստության ֆոնին: 1999-2009թթ.-ներին, որոնք բնութագրվում են որպես Չինաստանի տնտեսական աճի տարիներ, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է չորս անգամ: 2010թ.-ին այն կազմել է 78 մլրդ դոլար: Առայժմ ամերիկյան ռազմական բյուջեն համարվում է աշխարհում ամենամեծը եւ կազմում է շուրջ 700 մլրդ դոլար, իսկ Չինաստանը, որը 2011-ին կարող է ավելացնել իր ռազմական ծախսերը, աշխարհում երկրորդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել