Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ

Հունվար 22,2011 00:00

\"\"ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն էլ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պես հայտարարեց, որ իրավական փաստաթղթերում գոյություն չունի «քաղբանտարկյալ» եզրույթը:

«Այցիս հիմնական նպատակներից էր պարզելը, թե 2008-ի մարտի դեպքերից հետո ծագած հարցերի առնչությամբ ինչ է տեղի ունեցել,- երեկ իր քառօրյա այցի եզրափակիչ ասուլիսում հայտարարեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:- Ցուցակիս երկու հարց էլ ավելացվեց՝ մեկը՝ կապված բանակում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ինձ հասած տեղեկությունների հետ. մարտական գործողությունների հետ չկապված, սակայն բանակի ներսում զինվորական եւ սպայական անձնակազմի վատ եւ անմարդկային դրսեւորումների առնչությամբ: Օրակարգի 3-րդ հարցն էլ դուք էիք՝ ԶԼՄ-ները, եւ բազմակարծություն, բազմազանություն ապահովելու հարցը, լրատվամիջոցների միջոցով հասարակությունում առկա բոլոր ձայները լսելու խնդիրը»:
Նախ՝ խորը մտահոգություն հայտնեց այն կապակցությամբ, որ 2008-ի մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները չեն պարզվել. «Այդ գործերի չբացահայտումը լուրջ ձախողում է: Եվ հանգամանքների բացահայտված չլինելը, ըստ էության՝ համարժեք է անպատժելիության»
Թոմաս Համմարբերգը հիշատակեց, որ համաներումից հետո էլ բանտերում դեռեւս մնում են մարդիկ, որոնք կալանավորվել էին 2008-ի մարտյան դեպքերի առնչությամբ. «Այդ գործերը ես քննարկել եմ իշխանությունների հետ եւ միջնորդել, որ նրանք ազատ արձակվեն»: Հստակ չդարձավ, թե ինչ է եղել իշխանության արձագանքը. «Պատասխաններ չկան, բայց տպավորությունս այն է, որ իրենք մտածում են դրա մասին»: Ավելի ուշ մասնավորապես Սասուն Միքայելյանի մասին ասաց. «Նա սրտի խնդիրներ ունի։ Մաղթում եմ եւ կուզենայի, որ նա ազատ արձակվի»:
Նկատենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ո՛չ Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի, ո՛չ մնացածների վերաբերյալ դարձյալ չօգտագործեց «քաղբանտարկյալ» եզրույթը: Իսկ «Ազատություն» ռ/կ-ի հիշեցմանը, որ այդ մարդիկ իրենց քաղբանտարկյալ են համարում՝ արձագանքեց, իր բնորոշմամբ, մինի դասախոսությամբ. «Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում գոյություն չունի «քաղաքական բանտարկյալ «եզրույթը: Խնդիրն այն է, որ այնքան էլ միանշանակ ու հստակ չէ, թե ինչին կվերաբերեր այդ եզրույթը: Արդյոք այդ հասկացությունը կնկարագրե՞ր այն շարժառիթը, որով մարդը բանտարկվել է՝ իր իրականացրած որոշակի գործունեության համար, թե՞ արդյոք դա կնկարագրեր նրան ազատազրկելու մասին որոշում կայացրածների շարժառիթները: Առօրյա բանավեճի մեջ եզրույթն այնպես է օգտագործվում, որ վկայում է լուրջ խնդրի առկայության մասին: Մարդու իրավունքների առումով՝ սա երկու կարեւոր սկզբունքների վկայություն է: Առաջինը՝ արդար դատաքննության յուրաքանչյուրի իրավունքը, եւ երկրորդը՝ անկախ քաղաքական համոզմունքներից ու դիրքորոշումներից, օրենքի առջեւ հավասարության սկզբունքը: Խնդրո առարկա բանտարկյալների դեպքում՝ թե՛ դատավարությունների մասին ԵԱՀԿ-ի զեկույցում, թե՛ իմ աշխատանքներում մատնանշվել է, որ նրանց դատավարություններում լիարժեք արդարություն ապահովելու հարցում եղել են հիմնախնդիրներ, նաեւ չի պահպանվել օրենքի առջեւ հավասարության սկզբունքը»: Թոմաս Համմարբերգը հավելեց. «Ես հավատում եմ, որ նշված երկու կարեւոր սկզբունքների այդ խախտումներն ունեցել են քաղաքական աստառ: Այսպիսով, ես կարծում եմ, որ այս մարդիկ չպետք է պահվեն բանտերում, քանի որ նրանց նկատմամբ կայացված դատավճիռներն ունեցել են քաղաքական նկատառումներ: Ինքս չեմ օգտագործում «քաղբանտարկյալ» եզրը, քանի որ մարդու իրավունքների միջազգային իրավական փաստաթղթերում դրան չի արվում որեւէ հղում»:
«Առաջին լրատվական» կայքի թղթակիցն այս ամենից հետո նկատառում հայտնեց, թե պրն Համմարբերգը մեղմացրել է իր նախկին դիրքորոշումը, քանի որ նախկինում խոսել էր իրականացվող «քաղաքական վենդետա»-ի մասին: Պատասխանը հետեւյալն էր. «Ես դեմ չեմ քննադատությանը: Բայց այս դեպքում, եթե նայեք, թե տարբեր առիթներով ինչ եմ ասել քաղաքական ազատազրկումների մասին՝ կտեսնեք, որ ես շատ հետեւողական եմ եղել»: Եվ դարձյալ հղում անելով իր վերոհիշյալ փոքրիկ դասախոսությանը՝ կարեւորեց միջազգային չափանիշները եւ բնորոշումները տարբերակելը. «Քանի որ վտանգ կա, թե որեւէ մեկը, ով կգործի հանցանք եւ կասի, թե գիտեք, ես քաղաքական շարժառիթներ եմ ունեցել՝ կարժանանա ավելի մեղմ վերաբերմունքի, քան մեկ այլ անձ, ով նույն հանցանքն է գործել, սակայն չի ասում, թե այն գործել է քաղաքական շարժառիթներով: Մարդ բռնաբարող քաղաքական գործիչը որեւէ առումով ավելի լավը չէ, քան այլ բռնաբարիչները»:
Նկատի առնելով մարտի 1-ի զոհերի չբացահայտումն անպատժելիության հավասարազոր լինելու վերաբերյալ նրա գնահատականը՝ «Ա1+»-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե արդյոք սա կարո՞ղ է հիմք հանդիսանալ ԵԽ-ի կողմից Հայաստանի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառելու համար: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պատասխանեց, թե այս հարցն իր մանդատի շրջանակներում չէ. «Ես իրավասու չեմ առաջարկել կամ չառաջարկել պատժամիջոցներ։ Բայց կառավարությունների մասին միջազգային ատյաններում ընթացող քննարկումներին դիտորդիս կարգավիճակով՝ կարող եմ ասել. չեմ կարծում, թե դիտարկվում են լուրջ պատժամիջոցներ կամ դրանց հնարավորությունը: ԵԽԽՎ-ն իր քննարկումներում որպես տարբերակ դիտարկել է Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը: Սակայն հակափաստարկը հետեւյալն էր՝ ինչո՞ւ խորհրդարանական պատվիրակությանը պատժել մի բանի համար, որի պատասխանատուն է կառավարությունը, եւ արդյոք նման պատիժ կիրառելը համահունչ կլինե՞ր ԵԽ այն մոտեցմանը, որ պետք է տարանջատված լինեն գործադիր եւ օրենսդիր իշխանության թեւերը: Տեղեկացված գուշակությունս կլիներ, որ ԵԽԽՎ-ում չի լինի նմանատիպ քննարկում: Բայց դա չի նշանակում, որ այստեղի խնդիրներին չի լինի արձագանք»:
Ասուլիսում պրն Համմարբերգը խոստացավ, որ լինելու է այս այցի վերաբերյալ զեկույց՝ որոշակի առաջարկություններով եւ հանձնարարականներով. «Այն նախ կներկայացվի կառավարությանը, հետո կհրապարակվի»: «Առավոտը», սակայն, հիշեցրեց, որ Հայաստան իր վերջին այցի եզրափակիչ ասուլիսում՝ 2008-ի նոյեմբերի 22-ին, դարձյալ խոստացել էր զեկույց ներկայացնել, որտեղ, ըստ իրեն, ստիպված էր լինելու քննադատորեն արտահայտվել «զարգացումների, կամ ավելի ստույգ՝ դրանց բացակայության մասին», եւ «միակ դրական առաջընթացը վերաբերելու է Փաստահավաք խմբի ձեւավորմանը»: Սակայն զեկույց այդպես էլ չեղավ, ինչն էլ գուցե հաղթաթուղթ դարձավ իշխանության համար՝ գրեթե անփոփոխ թողնել վիճակը: Մտավախությանը, թե գուցե այս անգամ էլ կրկնվի նույնը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն այսպես արձագանքեց. «Կլինի՛ զեկույց»: Եվ հայտնեց, որ 2008-ի նոյեմբերի իր այցի վերաբերյալ զեկույցը հանգամանալից ներկայացրել էր ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին՝ պայմանավորվելով, որ նրանք այն հաշվի կառնեն իրենց աշխատանքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել