Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպել են Համմարբերգի ներկայացուցչին

Հունվար 22,2011 00:00

\"\"Բանակում զոհված զինվորների հարազատներին ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հարցով հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայացուցիչը:

Երեկ, վաղ առավոտյան, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ՀՀ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայացուցչի՝ Լուսինե Մարտիրոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են 2010-ին Տավուշի մարզի Մեհրաբներ եւ ԼՂՀ Հայկազովի զորամասերում զոհված զինծառայողներ Արտակ Նազարյանի եւ Վալերի Մուրադյանի (նրանց երկուսի դեպքում էլ պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է) ծնողները, նաեւ՝ 2007-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված եւ 2001-ին Վայքի զորամասերում զոհված զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի եւ Արայիկ Ավետիսյանի հարազատները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, այժմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով դատապարտված Գեւորգ Հայրապետյանի կինը՝ Քրիստինե Ապրեսյանը: Հանդիպմանը, որը տեւել է ավելի քան մեկ ժամ, մասնակցել է նաեւ փաստաբան Սեդա Սաֆարյանը, որն այս գործերով երեք տուժողների շահերի ներկայացուցիչն է:
Զինծառայողների հարազատները Համմարբերգի ներկայացուցչին փոխանցել են իրենց խնդիրները՝ ներկայացնելով իրենց որդիների մահվան գործերով տեղի ունեցած կամ շարունակվող նախաքննության մանրամասներն ու մատնանշելով, որ իրենց հարազատների մահվան գործերը չեն բացահայտվում, եւ իրական մեղավորները չեն պատժվում: Արտակ Նազարյանի մոր ասելով, հանդիպումից ինքը դրական տպավորություն է ստացել, եւ Համմարբերգի հետ որոշակի հույսեր են կապում. «Հետագա գործողությունների ակնկալիքներ ունենք բոլորս: Շատ կուզենայինք, որ այդ հանդիպումից հետո մեր որդիների սպանության գործը բացահայտվեր մինչեւ վերջ, եւ մեղավորները պատժվեին՝ ըստ իրենց գործած հանցանքի եւ ոչ թե ըստ քննիչների սարքած գործի»:
Տիգրան Օհանջանյանի հայրն էլ ասաց, թե ՀՀ-ում ընդունված օրենք է, որ բոլոր սպանություններից հետո բարձրացվում են զորամասի հրամանատարների, օրվա հերթապահների, պատասխանատուների պաշտոնները: «Դրա հիմնական պատճառն այն է, որ նրանք ամեն ինչից տեղյակ են, ու որպեսզի իրական բացահայտումներ չլինեն, այդ մարդկանց պաշտոնները բարձրացնում են նրանց լռեցնելու համար: Նույն բանը կատարվում է դատաբժշկական կենտրոններում: Դատաբժիշկները տալիս են բացարձակ կեղծ եզրակացություններ, այնուհետեւ մենք դատարաններում պահանջում ենք կրկնակի փորձաքննություններ, որի ընթացքում կատարվում է նորից այն նույն հիմարությունը՝ կեղծիքը, ինչ գրված է եղել փորձաքննությունների «բիզնես» կենտրոնի եզրակացության մեջ»,- «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասել է Տիգրան Օհանջանյանի հայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել