Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան հեղափոխություն

Փետրվար 02,2011 00:00

Արդյոք այն հնարավո՞ր է Հայաստանում

Թունիս, Եգիպտոս, Եմեն… որն է հաջորդ երկիրը, որը կարող է փոխվել ինֆորմացիոն արտահոսքի կամ սոցիալական ցանցերի շնորհիվ: «Վիկիլիկսը» քիչ էր, հիմա էլ Ֆեյսբուքն է սկսել իր հեղափոխական հաղթարշավը: Եթե տեղեկատվական արտահոսքը կամ համացանցային տեղեկատվության ազատությունը կարող են բերել իշխանափոխության այնպիսի երկրներում, որտեղ տասնյակ տարիներով հաստատված է եղել բռնատիրություն, նշանակում է, որ այդ նույն տեղեկատվական արտահոսքը կարող է էլ ավելի արդյունավետ աշխատել կիսաավտորիտար երկրների պարագայում, որտեղ իշխանությունները շատ ավելի թույլ են ու արտաքին ուժերից ավելի կախված, քան «մաքուր» բռնապետություններում: Սակայն, չգիտես ինչու, միջազգային հանրությունը նույնքան ոգեւորությամբ չի ընդունում այն շարժումները, որոնք ձեւավորվում են կիսաավտորիտար երկրներում, որքան «մաքուր» բռնատիրական երկրներում ձեւավորված շարժումները: Երեւի կիսաբռնատիրական երկրներում միջազգային հանրությունը «միամտաբար» չի կարողանում թացը չորից զատել:

Սակայն դա էլ է ժամանակի հարց ու եթե ժողովուրդը իրապես ցանկացավ փոփոխություն, որեւէ ուժ չի կարող զսպել ժողովրդի իղձերի իրականացումը, նույնիսկ միջազգային ուժերի ոչ բարենպաստ դասավորվածությունը: Ամեն ինչ կախված է միայն հասունացման աստիճանից, թե որքանով է հնարավոր քիչ փորձությունների գնով հասնել իշխանափոխության:

Ցավոք, Հայաստանում 2007 թվականից ձեւավորված համաժողովրդական շարժումը իշխանությունների կողմից (բանակի ապօրինի օգտագործման միջոցով) ճնշվեց, ու ամենասարսափելին այն էր, որ այդ ընթացքում ունեցանք զոհեր: Այսօր շարժման սկզբից մոտ չորս տարի անց, հիմնականում շարժման հաստատակամության շնորհիվ, Հայաստանում ունենք այլ իրավիճակ, ու այդ իրավիճակը թելադրում է այլ մոտեցումներ: Արդեն ոչ ոք պատրանքներ չունի, որ իշխանությունները «բարի կամքից» դրդված կամ պետական շահը գիտակցելով, առանց բռնություն կիրառելու կզիջեն իշխանությունը:

Լիովին բացահայտվել է նաեւ իշխանությունների կողմից տարածվող այն սին դատարկաբանությունը, որ իբր ընդդիմության՝ իշխանության գալու դեպքում Արցախը կհանձնվի, կամ ցեղասպանությունը կուրացվի, կամ օլիգարխները «կբոմժանան»: Այս երեք հիմնական «կետերով» էին իշխանությունները արդարացնում իրենց բոլոր բռնությունները, սակայն հիմա նույնիսկ «ոզնիներին» է պարզ, որ այդ ամենը այսօրվա իշխանություններից լավ ոչ մեկը չի էլ կարող անել: Փաստերը ակնհայտ են՝ հայաթափվող Արցախ, հայ-թուրքական պատմաբանների միջպետական հանձնաժողով, օլիգարխներից ոմանց (մեկի տված, ոմանց էլ չտված ապտակի համար) պաշտոնազրկում, իսկ հաջորդ քայլը՝ ունեզրկում:

Այս չորս տարիների ընթացքում արդեն հիմնականում բացահայտվել է հայաստանյան իշխանությունների կատարած մութ ու լուսավոր գործերը, ու չեմ կարծում, որ այս հարցում «Վիկիլիկսը» մեզ կարող է օգնել կամ էլ զարմացնել՝ լրացուցիչ տեղեկություններ հրապարակելով:

Սակայն մեր պարագայում սոցիալական կայքերը, մասնավորապես՝ Ֆեյսբուքը եւ Թուիթերը անհրաժեշտության դեպքում կարող են խթան հանդիսանալ մարդկանց արագ մոբիլիզացիայի համար: Հեռուստատեսության փակ լինելու պայմաններում, իսկ տպագիր մամուլի նեղ լսարան ունենալու պատճառով, մարդկանց արագ տեղեկացնելու ու արագ հրապարակներում հավաքելու միակ միջոցը մնում են սոցիալական ցանցերը, որոնց միջոցով հնարավոր է հազարավոր մարդկանց հավաքել փողոցում, մինչեւ իշխանությունները կփակեն ճանապարհները կամ կդիմեն սադրանքների:

Միգուցե ես շատ լավատես եմ, սակայն ինձ թվում է՝ ֆեյսբուքյան հաջորդ հեղափոխությունը տեղի է ունենալու հենց Հայաստանում, քանզի դրա համար առկա են բոլոր նախադրյալները: Լավատեսությունս գալիս է նաեւ նրանից, որ այսօր Ֆեյսբուքը ոչ միայն մարդկանց արագ մոբիլիզացնելու միջոց է, այլեւ գաղափարախոսական պայքարի թատերաբեմ, որտեղ կամ իշխանություններին պաշտպանողներ չկան, կամ էլ հատուկենտ իշխանության պաշտպանները վաղուց պարտվել են բոլոր հնարավոր ու անհնար բանավեճերում: Իսկ մնացածը կրկին ժամանակի խնդիր է, երբ իշխանությունների պարտությունն իրականություն կդառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել