Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական հնարք

Փետրվար 02,2011 00:00

Մեկնաբանում են մասնագետները

Թուրքիայի Մարդին քաղաքի փողոցներից մեկը վերանվանվել է հայազգի ճարտարապետ Սարգիս Լոլեի անունով, իսկ առաջիկայում նախատեսվում է հայազգի ճարտարապետի գերեզմանի վերականգնումը: Այս մասին երեկվա ասուլիսում հայտնեց ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացնում է թուրքագետը, փողոցի վերականգնումը իրականություն կդառնա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայնությամբ. «2010 թվականին Մարդին քաղաքում տեղի ունեցավ «Սաբանջի» հիմնադրամի կողմից ֆինանսավորված եւ հիմնադրամի ընտանիքին պատկանող Մարդինի քաղաքային թանգարանի բացումը: Թանգարանը տեղակայված է մի շենքում, որի ճարտարապետը հայազգի Սարգիս Լոլեն է: Այդ շենքը կառուցվել էր 19-րդ դարի վերջին՝ Սուլթան Աբդուլ Համիդի կարգադրությամբ եւ պատվերով: Այն եղել է հյուրանոց, հետո ծառայել է որպես զինանոց, ապա հարկային տեսչության շենք: Անցյալ տարի «Սաբանջի» հիմնադրամը գնել էր շենքը: Տեղեկություններ կան, որ թե քաղաքի բնակիչները եւ թե Մարդինի քաղաքապետ՝ Բեշիր Այանօղլուն քաղաքային թանգարանի բացման արարողությանը հրավիրված վարչապետին հպարտությամբ պատմել են, որ շենքի ճարտարապետը հայ է եւ ունի բազմաթիվ այլ շինություններ Դիարբեքիրում ու ողջ տարածաշրջանում: Քաղաքապետի խնդրանքով եւ «Սաբանջի» ընտանիքի միջամտությամբ փողոցը վերանվանվեց Սարգիս Լոլեի անունով: Այդ փողոցում արդեն գործում են նաեւ ֆոտոցուցահանդեսներ»:

Ըստ Ա. Հովհաննիսյանի, Լոլեի գերեզմանի վերականգնումը թուրքական հայտնի քաղաքականության արդյունք է. «Գերեզմանի վերականգնման հարցն ընդամենը դեռեւս նախաձեռնություն է, որն առաջադրվել է թուրքական կողմից: Լոլե ընտանիքը, ինչպես Պալյանները, հայտնի ճարտարապետների ընտանիք է եղել Թուրքիայում՝ 18-19-րդ դարում: Այժմ թուրքերը դիմել են Լոլե ընտանիքի սերունդներին, որոնք ապրում են Հալեպում եւ Լիբանանում՝ վերականգնելու իրենց նախահոր գերեզմանը»:

Պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանը թուրքական կողմի քայլը կոչեց «կեղծ բարերարություն», որը միջազգային հանրությանը շփոթեցնելու միտում ունի. «Այսպես ուզում են աշխարհին համոզել, թե իրենք բարիդրացիական տրամադրվածություն ունեն մեր հանդեպ, սակայն տակից շարունակվում են հայկական մշակութային կոթողների ջարդերը: Ովքե՞ր են այն ճիվաղները կամ սրիկաները, որոնց պատճառով ավերված կամ կիսավեր վիճակում են մեր հուշարձանները… Նախ այսպիսի հարցերի պատասխանը պետք է գտնենք, եւ երբ մի օր թուրքերը որոշեն բարերարություն անել մեր հանդեպ, նրանց դեմը դնենք, թե սա մերն է, եւ մեր ունեցածը մեզ վրա մի վաճառեք: Այս խնդիրը նախեւառաջ վերաբերում է Սփյուռքի եւ մշակույթի նախարարություններին, որոնք պետք է ճշգրտեն մեր դեմ իրականացվող մշակութային «բարերարությունները»: Դրանք արդեն սկսվել են եւ վերահսկելու կարիք կա, ինչը մեր օրերում բավական բարդ է թվում»: Ա. Հովհաննիսյանը շեշտում է, որ «բարերարությունը» Էրդողանը ոչ թե հայերի, այլ հենց թուրքերի համար է անում. «Դա պրագմատիկ քայլ է, որից թուրքական իշխանությունները քաղում են որոշակի դիվիդենդներ»:

Փողոց Լոլեի անվամբ կոչելու եւ գերեզմանը վերականգնելու թուրքական «բարերարությունն» Ա. Հովհաննիսյանը մեկնաբանեց որպես PR-ի հնարք՝ հօգուտ Էրդողանի: Նա նաեւ հավելեց, որ վերջին շրջանում Թուրքիայում նկատելի է նոր միտում, ըստ որի՝ Թուրքիան ներկայացվում է որպես բազմամշակութային քաղաքակրթության կենտրոն, եւ այդ շրջանակներում Ստամբուլում 2010 թվականին տեղի են ունեցել տարբեր ցուցահանդեսներ՝ նվիրված հայ ճարտարապետներին. «Սարգիս Լոլեի անունով փողոց անվանակոչելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ հատվածում, որը հիմնականում քրդաբնակ է, առկա չեն հակահայ տրամադրություններ: Թուրքիայի այդ՝ հարավարեւելյան հատվածում թուրքական իշխանությունները, ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների, առանձնահատուկ քաղաքականություն են իրականացնում։ Իսկ Մարդինի փողոցներից մեկը հայ ճարտարապետի անունով կոչելն ընդամենը խաղ է, նպատակը՝ լուծել եւս մեկ խնդիր, Թուրքիան ներկայացնելով որպես բազմակրոն, բազմամշակութային երկիր ու բոլոր քաղաքակրթությունների ժառանգորդ»,-ասաց պատմաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել