Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱՎՈՐ ԿՐԹՕՋԱԽՆԵՐՆ ԷԼ ԵՆ «ԱՐՏԱՔԻՆ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ»

Փետրվար 10,2011 00:00

ԳԹԿ-ի հերթական «դեսանտը» Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ եւ «Ուսում» ոչ պետական դպրոցներում

\"\"
Արտաքին գնահատումների ժամանակ աշակերտներից մեկը այսպիսի
խնդրանք է կցել իր թեստին:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) շարունակում է հանրապետության դպրոցներում մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաներից արտաքին ընթացիկ գնահատումներ անցկացնել: «Առավոտի» հետ զրույցում ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին ընթացիկ գնահատումներ էին անցկացվել հանրապետության 91 ավագ դպրոցներում, սակայն ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով չէին հասցրել լինել մասնավոր դպրոցներում ու վարժարաններում: Երեկ «Առավոտը» ԳԹԿ ներկայացուցիչների հետ հետեւեց Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ եւ «Ուսում» ոչ պետական դպրոցներում 10-րդ դասարանցիների շրջանում մաթեմատիկա առարկայից անցկացվող արտաքին ընթացիկ գնահատման ընթացքին: «Դեռեւս վաղ է խոսել այս դպրոցներում ուսուցման որակի մասին, քանի որ առաջին տարին ենք գնահատումներ իրականացնում մասնավոր դպրոցներում: Նպատակ ունենք այդ դասարաններում արտաքին գնահատում անցկացնել եւս 2 տարի: 3 տարվա կտրվածքով արդեն կարող ենք պատկերացում կազմել ինչպես աշակերտի առաջադիմության, այնպես էլ դպրոցում նրա նկատմամբ տարված աշխատանքի վերաբերյալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գ. Խաչատրյանը եւ հույս հայտնեց, որ տարիներ շարունակ առաջատար համարվող ֆիզմաթ դպրոցում արդյունքները կլինեն գոհացուցիչ, ինչը, ըստ նրա, որակական նոր մակարդակի հասնելու ճանապարհին ուղենիշ կլինի մնացած ավագ դպրոցների համար:
ԳԹԿ տնօրենի խոսքով՝ թեստերի բովանդակությունը համապատասխանում է միջնակարգ դպրոցի ծրագրին եւ համարժեք է ավարտական թեստերին: Հարցին, թե որքանո՞վ է հաջողվում թեստի միջոցով ստուգել աշակերտի գիտելիքը, ԳԹԿ տնօրենը կարծում է. «Ի տարբերություն միասնական քննությունների, ընթացիկ թեստերում ներառում ենք ընդարձակ եւ կարճ պատասխան ունեցող վարժություններ: Կան առաջադրանքներ, որտեղ մանրամասն պետք է ներկայացնել խնդրի լուծման ամբողջ ընթացքը: Առայժմ մեքենայական ստուգում ենք անում, բայց հետագայում, կարծում եմ, իմաստ ունի ամբողջովին անցնել ընդարձակին, որովհետեւ երեխայի տրամաբանությունը եւ այլն, ստուգվում է միայն ընդարձակ պատասխանների միջոցով»:
ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ԳԹԿ-ն արդեն ունի ավագ դպրոցների աշակերտների տվյալները եւ շահագրգիռ է տեսնել նաեւ ոչ պետական դպրոցների պատկերը, որպեսզի հետագայում հնարավոր լինի համեմատել մասնավորի տվյալները նախարարության ենթակայության եւ ավագ դպրոցներից ստացված տվյալների հետ: «ԳԹԿ-ն վերցնում է նաեւ դասամատյանի գնահատականները՝ համեմատելու համար, թե որքանով է ճիշտ գնահատվել աշակերտը: Մեկ-երկու միավորի տարբերությունը՝ ոչինչ, բայց 3 նիշի տարբերությունը մտահոգիչ է: Որպես կանոն, դասամատյանի գնահատականը ավելի բարձր է լինում»,-  նշեց Կ. Նասիբյանը: Մեր զրուցակիցը հայտնեց. «Հնարավոր է, որ հետագայում ընթացիկ գնահատումները իրենց դերն ունենան նաեւ բուհերի ընդունելության ժամանակ: Չի բացառվում, որ ընթացիկ գնահատականներով շրջանավարտը հնարավորություն ունենա ընդունվել բուհ»: Նման առաջարկությամբ ԳԹԿ-ն արդեն հանդես է եկել, եւ հարցը շուտով կքննարկվի կառավարությունում: Կ. Նասիբյանի փոխանցմամբ, 2012 թվականից «Հանրակրթության մասին» օրենքով դպրոցները՝ Կրթության պետական տեսչության եւ ԳԹԿ-ի տվյալները հաշվի առնելով, վկայագիր կստանան, այսինքն կտրվի նրանց վարկանիշային գնահատականը:
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը կողմնակից է ԳԹԿ-ի կողմից անցկացվող արտաքին ընթացիկ ստուգումներին եւ գտնում է. «Ուսուցիչը սովորեցնողն է, բայց ստուգողը չպետք է նա լինի, այդ դեպքում աշակերտները կրթությանը ավելի պատասխանատվությամբ կվերաբերվեն: Կարծում եմ, որ մեր դպրոցի համար տարբերակները քիչ թե շատ հեշտ կլինեն, որովհետեւ իրենց մոտ մաթեմատիկան ավելի խորացված են ուսումնասիրում»: «Ուսում» ոչ պետական հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Թամարյանն էլ զրույցում նշեց. «Չնայած մեր դպրոցում դասարանները փոքրաթիվ են եւ հաճախակի ենք դաս հարցնում, բայց այս ստուգումները մեծ օգնություն են դպր ոցին: Երեխան գիտակցում է,
որ բոլոր դասերը պետք է սովորի, քանի որ ժամանակ առ ժամանակ արտաքին ստուգում պետք է լինի»: Մարզերի 24 եւ Երեւանի 65 ոչ պետական դպրոցներից ու վարժարաններից ստացված վերջնական վերլուծական արդյունքները պարզ կլինեն հաջորդ ամիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել