Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժանի ենք նրան, ինչ ունենք»

Փետրվար 10,2011 00:00

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը եւ նրա գործընկերները՝ ԶԼՄ-ների այսօրվա վիճակի մասին:

«Խորհրդային տարիներին մամուլի ազատություն չկար, բայց խոսքն արժեք ուներ. այսօր ազատություն ունենք, սակայն արդեն խոսքն արժեք չունի»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած երեկվա «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» քննարկմանը այս տեսակետը հայտնեց ԼՂՀ-ում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:
Հայկական մամուլի ազատության խնդիրը բոլոր նախագահների եւ իշխանությունների ժամանակ էլ եղել է: Կարծիքներ հնչեցին, որ ազատ խոսքը ոտնահարվեց  մասնավորապես վերջին շրջանում, երբ Հայաստանում հեռուստատեսային ոլորտի թվայնացման ֆոնի վրա հեռուստաընկերությունների թիվը կտրուկ նվազեց:
Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գայանե Հարությունյանի ձեւակերպմամբ՝ դժվար է անկախ մամուլ պահելը. «Մեր օրինակից ելնելով եմ այս կարծիքն արտահայտում, քանի որ մենք ի սկզբանե որոշել էինք լինել անկախ: Երբ մյուս հեռուստաընկերությունները հասկանան, որ կարելի է պայքարել ու չենթարկվել, կմիանան մեզ: Մենք չենթարկվեցինք, դրա համար էլ զրկվեցինք լիցենզիայից: Եթե չես ուզում ենթարկվել, քեզ չեն կարող ստիպելով դրդել այդ քայլին: Մենք չենք կարող որեւէ բան փոխել հեռուստաընկերությունում՝ այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել ողջ երկիրը: Մեր քաղաքական վիճակը պետք է լավանա: Իշխանությունը չպետք է վերարտադրվի, ընդդիմությունն էլ,  չես հասկանում՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ ինչ, ԶԼՄ-ներում ամեն ինչ այնքան լղոզված է, որ նույնիսկ ընդդիմադիր թերթերից գլուխ չես հանում…»:
Գ. Բաղդասարյանը գտնում է, որ տեղեկատվական դաշտը չի կարող սպասել, մինչեւ երկիրը կայունանա. «Այս գործում կարեւոր է հասարակական սեկտորի մասնակցությունն ու որպես ելք՝ պետք է երկուսի կայացումը միաժամանակ լինի»:
Ըստ նրա.  «Վերահսկվելու արդյունքում հեռուստաընկերությունները կորցրել են իրենց նկատմամբ լսարանի վստահությունը, իսկ տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցներում գոնե որոշակի բազմազանություն կա: Սակայն այստեղ էլ կա խնդիր. թերթերը կախված չեն ընթերցողից, մինչդեռ այդպես պետք է լինի: Գումար կա՝ տպում ենք, չկա՝ չենք տպում: Բացի այդ՝ լրագրողը չի որոշում՝ ինչ գրել, ինչի մասին… Խնդիրն այն է, որ լրատվությունը չի դարձել բիզնես, ոչ մի թերթ ֆինանսի ինքնածածկում չունի: Հայաստանի նման երկրում չկա անկախ մամուլի ինստիտուտ: Երբ կունենանք բազմազանություն՝ հասարակական, քաղաքական դաշտերում, կլինի իրական մրցակցություն ու կձեւավորվի անկախ մամուլի դաշտը»:
«Epress» ինտերնետային պարբերականի համահիմնադիր Արմեն Մելիքբեկյանը հավելեց, որ վերահսկողություն իրականացվում է նաեւ ինտերնետային պարբերականներում. «Դրա մեղավորը լրագրողներն են, որոնք իրե՛նք չեն որոշում՝  ինչպես աշխատել, այլ՝ ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ»: Գ. Բաղդասարյանը համաձայնեց, որ ինտերնետային մամուլն էլ է վերահսկվում. «Հայաստանում ինտերնետը փակելու կամ սահմանափակելու փորձեր նկատվում է, բայց Եգիպտոսի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ինտերնետը շատ կարեւոր է հասարակության կյանքում»: Ա. Մելիքբեկյանի խոսքով, «չնայած ինտերնետը չի գրավի հեռուստատեսության տեղը, սակայն ինտերնետային հեռուստաընկերությունները, ինչպիսին է «Ա1+»-ը, օրական 10000 այցելուների քանակով կարող է մամուլում որոշակի փոփոխություն մտցնել՝ այլընտրանքային հեռուստատեսության տեսքով»:
Գ. Բաղդասարյանի խոսքով, լրատվամիջոցներն ինչ-որ տեղ արժանի են նրան, ինչ հիմա ունեն. «Ինձ այսօր դուր չեն գալիս ձայնագրիչով աղջիկները, որոնց համար ձայնագրիչը հագուստի կամ աքսեսուարի մի մաս է: Մենք այս ամենի պրոդուկտներն ենք, որի պատճառը միայն պրոֆեսիոնալիզմի լուրջ խնդիրն է»: Վերջում էլ նա հավելեց, որ, ի տարբերություն Հայաստանի, ԼՂՀ-ում խոսքի նկատմամբ զգայունությունը մնացել է ու չի սպառվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել