Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեց/ութից» մինչեւ Ֆրանկ Սինատրա

Փետրվար 16,2011 00:00

Բանավեճ՝ մերօրյա երգարվեստի մասին

Կոմպոզիտոր Սասուն Պասկեւիչյանը ժամանակակից էստրադան չի հավանում, սակայն անորակ երաժշտության համար ոչ ոքի չի մեղադրում: Երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանն էլ առանձնակի համակրանք չունի ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ: Օրինակ, նա չի թաքցնում իր հակակրանքը արվեստագետ Արթուր Մեսչյանի հանդեպ:

Երեկ «Ուրբաթ» ակումբում ավագ եւ կրտսեր սերնդի ներկայացուցիչները բանավիճեցին հայկական էստրադային ներկա վիճակի, մատուցվող երաժշտության որակի մասին:

Ս. Պասկեւիչյանն իր վրդովմունքը հայտնեց մատուցվող երաժշտության, տեսահոլովակների եւ վոկալիստների մասին: Ըստ նրա, այն, ինչ լսում ենք՝ հասարակության պահանջը չէ. «Հետաքրքիր ժողովուրդ ենք, եւ վատն ենք վերցնում, եւ լավը: 80-ականներին, երբ գնացի Հայաստանից, ամեն ինչ այսքան խեղաթյուրված չէր: Այնպիսի՜ երգեր ունեինք: Երգահանները գրում էին արվեստի գործ ստեղծելու համար, հենց այնպես ոչ ոք չէր ստեղծագործում: 2004-ին, երբ վերադարձա Հայաստան, արդեն ոտքից գլուխ երգարվեստը փոխվել էր, ու գնալով էլ ավելի է փոխվում, դառնում միօրինակ…»:

Վ. Պետրոսյանը միօրինակության մասին ասաց. «Միօրինակություն չկա, ուղղակի կան էտապներ, երբ ակտուալ են կոնկրետ ռիթմիկայով երգերը: Նույն Ամերիկայում փոփ երաժշտությունը հիմա կարծես մի քանի նոտաների վրա լինի: Սրանում ոչ ոք մեղավոր չէ, եւ դա չի նշանակում, որ երգահանները լավ երգեր չեն գրում կամ միմյանց կրկնօրինակում են»:

Ս. Պասկեւիչյանը անհանգստացած է դաշտում գերիշխող 6/8-ով. «Բոլորը գնում են 6/8-ի ետեւից: Կարծես բոլորի նպատակը լինի ռաբիս երգելը… Վերջերս հարսանիքի էի հրավիրված. խելագար ամբոխը պարում էր, ուշադրությունս կենտրոնացրի երգին եւ հաշվեցի՝ ուղիղ 140 անգամ երգիչը կրկնեց՝ ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին… Այսօրվա երգը արհեստ է եւ ոչ թե արվեստ»:

Ավագ կոլեգայի այն խոսքին, թե ամեն հայկական երգի մեջ կա հայի մի մաս, Վ. Պետրոսյանը «ընդարձակվեց». «Ամերիկյան «The Pussycat Dolls» խումբը վերջերս ձայնագրել է արաբական մի երգ, այն էլ այն երկրում, որն ունի Ֆրանկ Սինատրա, չհաշված մուսուլմանական երկրի հետ նրանց խնդիրները: Ոչ ոք նրանց չի քարկոծում, չի մեղադրում, որովհետեւ ժամանակակից երաժշտությունից հասկացողը գիտակցում է, որ աշխարհում դա է հրատապ, նորաձեւ: Այո, իմ երաժշտության մեջ կան արաբական էլեմենտներ եւ ես այդ միքսը դեռ երկար ժամանակ շարունակելու եմ: Դեռ երկար շատերը ստիպված կլինեն փակել ականջները: Ինքս դասական երաժիշտ եմ, բայց «Ինչպես ուռին եւ բարդին, ամեն մարդ իրա դարդին» երգն իմ ամենասիրելի երգերից է: Կամ ես մեծ սիրահար եմ ադրբեջանական երաժշտության, եւ ո՞վ կարող է ինձ ասել՝ մի սիրիր: Նույն հաջողությամբ ես չեմ ընդունում եւ չեմ լսում Արթուր Մեսչյան: Նա մի կաղապարված անձնավորություն է՝ իր կիթառով, բայց իրեն թույլ է տալիս ժամանակակից երգիչների եւ երգարվեստի մասին կարծիք արտահայտել: Նա քամահրանքով ասում է՝ ո՞վ է Արման Հովհաննիսյանը, ի՞նչ է երգում: Նույն ձեւով էլ ես կարտահայտվեմ՝ ո՞վ է նա եւ ի՞նչ է երգում ընդհանրապես»:

Ս. Պասկեւիչյանը, սակայն, թույլ չտվեց Վահրամին շարունակել՝ պնդելով, որ ե՛ւ Արթուր Մեսչյանը, ե՛ւ Ռուբեն Հախվերդյանը բարձրակարգ արվեստագետներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել