Լրահոս
Օրվա լրահոսը

Որմնագորգ, նարգիզներ եւ քանոն

Մարտ 03,2011 00:00

Գարունը՝ «ՀայԱրտ»-ում

Գարնան առաջին օրը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը անակնկալ մատուցեց արվեստասեր հասարակությանը: Այս անգամ ցուցասրահի պատերը զարդարել էին ոչ թե գարնան պատկերներով գեղանկարներ, այլ՝ որմնագորգեր: Ցուցահանդեսը կրում էր «Գարնանամուտ» խորագիրը:
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի խոսքով՝ ցուցահանդեսը յուրահատուկ է որմնագորգերի ներկայացմամբ. «Այս անգամ որոշեցինք անդրադառնալ գոբելեններին, քանի որ առանձին ցուցահանդես որպես այդպիսին՝ արվեստի այս ճյուղին նվիրված, համարյա չի լինում: Այսինքն՝ դժվար տեսնեք կամ լսեք, որ ինչ-որ մի տեղ բոլոր գոբելենագործները միասին ցուցադրվել են»: «ՀայԱրտում» ներկայացված էր ավելի քան 30 գոբելենագործի շուրջ 70 աշխատանք:
Տիկին Շառոյանը նշեց, որ գոբելեն բառը հայկական չէ՝ որմնագորգն ավելի բարեհունչ է. «Այս արվեստը շատ գեղեցիկ է եւ դրան զուգահեռ՝ բավական բարդ: Սա կերպարվեստի եւ թելերի արվեստի միասնություն է, որովհետեւ բոլոր նկարիչները նախ նկարել են, հետո վրան թելով աշխատել»:
Ինչո՞ւ հենց գարնան առաջին օրը բացվեց նման ցուցահանդես: Ռ. Շառոյանն ասաց. «Որմնագորգերի գույների, ամեն աշխատանքի մեջ գարնան մի մասնիկ կա: Մեր խնդիրը չի եղել պարզաբանել, թե հայ իրականության մեջ առաջին անգամ ե՞րբ եւ ինչպե՞ս է որմնագորգը ստեղծվել, ուղղակի ցանկացել ենք այս արվեստը հնչեցնել նոր ժամանակների՝ երրորդ հազարամյակի մեջ: Նմանատիպ միջոցառումները ծառայում են նաեւ հին արվեստների տարածմանն ու քարոզմանը»:
Ցուցահանդեսի մասնակից Հասմիկ Ղազարյանը եւս կարեւորեց որմնագորգին նվիրված ցուցահանդեսը. «Չնայած երբեք որմնագորգի արվեստանոցներ չենք ունեցել, բայց այս արվեստը մեզ մոտ մեծ զարգացում է ապրել»: Հ. Ղազարյանը, ով մեկ աշխատանքով էր ներկայացել, նշեց, որ իր աշխատանքի կողքին ցուցադրված են իր ուսանողների հրաշալի եւ որակով արված որմնագորգերը նույնպես:
Երեկոն ուղեկցվեց ցուցահանդեսին համահունչ երաժշտությամբ: Հանդես եկան քանոնահարներ Անժելա Աթաբեկյանն ու նրա սան Ծովինար Հովհաննիսյանը: «ՀայԱրտի» ամեն այցելու այդ օրն իբրեւ անցաթուղթ մեկական նարգիզ ստացավ, որ խորհրդանշում էր գարնան գալուստը: Ի դեպ, անցյալ տարի էլ գարնանային ցուցահանդեսից բոլորը հեռացան մեկական վարդով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել