Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔՈՒՄ ՄԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ»

Մարտ 16,2011 00:00

\"\"Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ դա այն է, որ «ընդդիմության շարքերում մարդիկ կան, ովքեր հասկանում են,  թե ինչ է պետությունը, եւ հանուն ժամանակավոր քաղաքական շահերի չեն վտանգի այն»:

– ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը վերջերս Պետհամալսարանում բավականին հետաքրքիր հայտարարություններ արեց, ինչին չուշացավ իշխանական դաշտի արձագանքը: Ինչպե՞ս եք գնահատում տիկին Յովանովիչի հայտարարությունը՝ ընդհանրապես, եւ այդ առիթով հնչած իշխանական մեկնաբանությունները՝ մասնավորապես:

– Մարի Յովանովիչի՝ համալսարանում ունեցած ելույթը միայն ողջունել կարելի է: Այդ ելույթում խոսք է գնում քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին: Սեփական երկրի նկատմամբ քաղաքացու ունեցած պատասխանատվության մասին: Քաղաքական ազատությունների անհրաժեշտության մասին: Պարզ, հասկանալի ու անհրաժեշտ բաների մասին է խոսվում: Ասվում էր, որ միայն ժողովրդավարական պետությունը կարող է ԱՄՆ-ի համար գործընկեր լինել: Ես ուրախ եմ, որ ԱՄՆ դեսպանի բերանով Երեւանում նման մտքեր հնչեցին, որովհետեւ վերջին շրջանում տպավորություն էր ստեղծվում, թե ԱՄՆ-ը նահանջում է իր սկզբունքներից՝ հրապարակավ իբր աջակցելով ոչ լեգիտիմ իշխանություններին: Անհասկանալի էր նրանց ցուցաբերած աջակցությունը երկրում ժողովրդի աջակցությունը չվայելող Սերժ Սարգսյանին: Չնայած որ ժամանակին ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես եկավ անաչառ ու ճշգրիտ զեկույցով Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդող զարգացումների վերաբերյալ, նրանք փորձեցին Սարգսյանին աջակցել, որպեսզի նրա միջոցով լուծեն այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին հայ-թուրքականն է, չգիտակցելով, որ միայն լեգիտիմության հսկայական պաշար ունեցող նախագահը կարող է ձեռնամուխ լինել նման բարդագույն խնդրի լուծմանը: Ըստ էության, հանուն հայ-թուրքական՝ ի սկզբանե տապալման դատապարտված գործարքի երկրի սահմաններից դուրս լեգիտիմացվեց Սերժ Սարգսյանը: Եթե չլիներ արտաքին աշխարհի, այդ թվում եւ ԱՄՆ աջակցությունը հայաստանյան ոչ լեգիտիմ իշխանություններին, մեր երկրում այսօր բոլորովին այլ իրավիճակ էր լինելու: Նաեւ նրանց աջակցության արդյունքում է, որ ՀՀ իշխանություններն իրենց ամուր ու անպատիժ են զգում քաղաքական հետապնդումներ իրականացնելիս, նաեւ նրանց աջակցության արդյունքում է, որ քաղբանտարկյալները դեռ բանտերում են, ու երկրում շարունակվում են սահմանափակվել քաղաքական ազատությունները:

Ես չեմ ասում, թե Եվրոպան, ԱՄՆ-ը կամ ԱՄՆ դեսպանը պետք է մեր փոխարեն պայքարեն մեր երկրում ժողովրդավարության հաստատման համար: Բոլորովին: Դա մեր գործն է, դա մենք ենք պարտավոր անել եւ կանենք: Ես ասում եմ, որ նրանք իրենց խնդիրները լուծելիս ժողովրդավարական արժեքները չպետք է զոհաբերեն կասկածելի դիվանագիտական շահերին՝ լինի դա հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան հակամարտություն, թե տարածաշրջանով անցնող նավթամուղ: Ասում եմ, որ մարդու իրավունքները չպետք է դարձվեն առեւտրի առարկա: Իր այս ելույթում դեսպանը փաստորեն վերահաստատում է ժողովրդավարական արժեքներին ԱՄՆ հավատարմությունը, որպես առաջնահերթություն նշում է Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական ազատությունների ու քաղաքացիական հասարակության կայացման անհրաժեշտությունը, ինչը միայն ողջունել կարելի է:

– Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ռեւերանսներ արեց ընդդիմությանը. կարելի՞ է այս ամենը որակել իբրեւ նախագահի պատասխանը ՀԱԿ-ի հնչեցրած 15 կետից բաղկացած պահանջագրին:

– Սա, իհարկե, ՀԱԿ հանրահավաքում հնչած պահանջների յուրօրինակ արձագանք է, բայց չեմ կարծում, թե արժե այս ամենը չափից ավելի լուրջ ընդունել: Սերժ Սարգսյանի խոսքում մի ճշմարտություն կար: Նա ճիշտ է, երբ ասում է, որ ընդդիմության շարքերում մարդիկ կան, ովքեր հասկանում են, թե ինչ է պետությունը, եւ հանուն ժամանակավոր քաղաքական շահերի չեն վտանգի այն: Բայց բացարձակապես սխալ է, երբ նույնը վերագրում է նաեւ իշխանությանը՝ առաջին հերթին, իհարկե, սեփական անձը նկատի ունենալով: Եթե նա պետությունն ու պետականությունը գնահատող լիներ, ապա հանուն սեփական իշխանության չէր տանի երկիրը նման ցնցումների, մարտի մեկից կձերբազատվեր՝ բացահայտելով այն, քաղբանտարկյալներին ազատ կարձակեր, ոստիկանությունը չէր վերածի սեփական քաղաքական ու անձնական շահերին սպասարկող կառույցի, չէր սարսափի խոսքի ազատությունից, լեգիտիմ նախագահ դառնալու ակնկալիքով կգնար նոր ընտրությունների: Կյանքը ցույց է տալիս, որ նրա համար գերխնդիրը ցանկացած գնով սեփական իշխանության երկարաձգումն է, եւ այս ռեւերանսները նույնպես ծառայում են այս խնդրի լուծմանը:

(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել