Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹ ՀԱՐՑ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Մարտ 29,2011 00:00

\"\"1. 2008-09 թվականներ. հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները անընդհատ անկում էին ապրում եւ ակնհայտ էր, որ կտրուկ միջոցառումներ էին անհրաժեշտ իրավիճակը շտկելու համար, առավել եւս ցորենի մասով ինքնաբավությունը հայտարարվել էր ազգային անվտանգության առաջնահերթություն: Բայց կառավարությունն առաջին անգամ անդրադարձել է խնդրին միայն 2010թ.-ին: Գյուղնախարարության կողմից առաջարկված եռամյա ժամկետում (յուրաքանչյուր տարի 2000 տոննա) ցորենի անհրաժեշտ սերմափոխության գաղափարը չէր ընդունվում, չնայած ընդունման դեպքում այն շատ էական ազդեցություն կունենար 2010 թ.-ի ցորենի բերքի եւ հանրապետութունում ձեւավորվող ցորենի եւ ալյուրի գների վրա, եւ միայն 2010 թ.-ին հարցին տրվեց շատ մասնակի լուծում՝ Հայաստան ներկրվեց 500 տոննա սերմացու, այն էլ գյուղատնտեսության համար բյուջեում նախատեսված միջոցների հաշվին, միջոցներ, որոնք նախատեսված էին ցանքատարածությունների ավելացմանը նպաստելուն: Այսինքն՝ մի կարեւոր ծրագրից կտրվեց եւ տրվեց մեկ այլ կարեւոր, բայց շատ մասնակի ծրագրի, որի իրականացումը շոշափելի արդյունք տալ չէր կարող, այսինքն՝ տեղի ունեցավ միջոցների փոշիացում:
Հարց՝ ՀՀ վարչապետին.
– Ինչո՞ւ կառավարությունը հացահատիկի արտադրության բնագավառում անհրաժեշտ եւ համակարգված միջոցառումներ չէր իրականացնում 2008-09 թվականներին, չէ՞ որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը լուրջ ահազանգ էր, եւ պետք է, որ կատալիզացներ այդ գործընթացը:
2. Գնաճի զսպման առումով ՀՀ վարչապետը հեռուստալրագրողներին տված ասուլիսի ժամանակ առանձնացրեց 4 հիմնական ուղղություն, որ սովորաբար կիրառելի են դասական տնտեսություն ունեցող երկրների համար:
Դրանք են՝
1. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
2. Կառավարությունը իրականացնում է բյուջեի դեֆիցիտի կրճատում:
3. Համապատասխան մարմինը իր իրավասությունների սահմաններում ապահովում է հավասար մրցակցային դաշտի կայացումը:
4. Կառավարությունը կիրառում է գների վարչական կարգավորման կարճաժամկետ միջոցառումներ:
Անդրադառնալով վերը ասվածին՝ նախ փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունը դասական տնտեսություն ունեցող երկիր չէ, պահանջարկի ու առաջարկի ձեւավորման գլխավոր աղբյուրը չի ձեւավորվում երկրում արտադրվող ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված շահույթներից եւ եկամուտներից, ըստ էության պահանջարկն ու առաջարկը հիմնականում ձեւավորվում է արտերկրից ստացված տրանսֆերտների եւ դրանց շրջապտույտի հաշվին, այսինքն՝ ԿԲ-ի եւ կառավարության կողմից իրականացրած գնաճի զսպման մեթոդները, մեղմ ասած, էական արդյունք չէին կարող տալ, իսկ 3-րդ եւ 4-րդ կետերում նշված միջոցառումների ամբողջական իրականացման համար միայն վերջերս է օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերվել: Հընթացս տեղին է հիշեցնել, որ ցածր գնաճի ժամանակահատվածում 2003-2008 թվականներին ապրանքային շուկա էր մտնում հսկայական քանակությամբ անշարժ գույք, հող եւ պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություն, ընկերություններ, բաժնետոմսեր, որոնք կլանում էին փողի հսկայական զանգված, եւ դա էական ազդեցություն էր ունենում այդ տարիների գնաճային զսպումների եւ տնտեսական ակտիվության վրա:
 Հարց՝ ՀՀ վարչապետին.
– Հնարավոր չէ՞, արդյոք, արդյունավետ տնտեսական մեխանիզմների կիրառման միջոցով երկրի տնտեսական շուկա բերել անշարժ գույք (մասնավորեցված չաշխատող ձեռնարկություններ եւ չմշակվող հողեր), որը գնաճային զսպում կառաջացնի եւ միաժամանակ կաշխուժացնի տնտեսական կյանքը:
3. Վարչապետը վերը նշված ասուլիսի ժամանակ անդրադարձավ ազգային արտադրողի խրախուսման մեխանիզմներին: Օրենսդրությունը ենթադրում է, որ 300 մլն դրամից ավելի ներդրումային ծրագրերը, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից, ստանում են որոշ հարկային արտոնություն՝ ԱԱՀ-ի գծով սահմանի վրա: Նշենք, որ սահմանի վրա ԱԱՀ-ն հաշվարկելը եւ գանձելը զուրկ է որեւէ տնտեսագիտական հիմնավորումից, այն աղճատում է ԱԱՀ-ի գաղափարախոսությունը եւ կիրառվում է միայն որպես պետության կողմից իրականացվող ոչ արդյունավետ հարկային վարչարարության կոմպենսացիա:
Հարց՝ ՀՀ վարչապետին.
ա) Կառավարության կողմից բացառապես խոշոր ներդրումների ժամանակ, ասել է թե խոշոր բիզնեսին արտոնություններ տալը չի՞ հակասում, արդյոք, փոքր եւ միջին բիզնեսի խրախուսումը որպես առաջնահերթություն հռչակած կառավարության գաղափարախոսությանը:
բ) Արտոնություններ սահմանված չլինելու դեպքում այդ ներդրումները, արդյոք, չէի՞ն կատարվի:
գ) Ինչո՞ւ է պետք այդ ծրագրերի հաստատումը ՀՀ կառավարության կողմից:
Բավարար չէր օբյեկտիվ չափորոշիչների սահմանումը եւ դրա առկայության դեպքում արտոնությունների ավտոմատ տրամադրումը:
4. ՀՀ կառավարության գաղափարական գերակայություններից մեկը հավասար մրցակցային դաշտի ապահովումն է, ասել է թե՝ պետք է բացառվեն հակամրցակցային համաձայնությունները, այսինքն, եթե կոպիտ ասենք, կարագ վաճառողները չպետք է հավաքվեն եւ որոշեն կարագի գինը: Այնուհանդերձ, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 7 -րդ հոդվածը ենթադրում է, որ ԱՊՊԱ վաճառողները պետք է հավաքվեն ԿԲ-ի կողմից ստեղծված մի մարմնում՝ բյուրոյում եւ հակամրցակցային համաձայնությամբ որոշեն ԱՊՊԱ-ի գինը՝ համաձայնեցնելով ԿԲ-ի հետ: Այսինքն՝ ավտոսեփականատերերին օրենքի ուժով պարտադրված վճարում կատարելու պարագայում ավտոսեփականատերի օրինական շահերի պաշտպանություն չի իրականացվել:
Հարց՝ ՀՀ վարչապետին.
– Ինչո՞ւ ԱՊՊԱ-ի դեպքում օրենքի մակարդակով թույլատրվեցին հակամրցակցային համաձայնությունների կայացում եւ ինչո՞ւ չիրականացվեց ավտոսեփականատերերի շահերի պաշտպանություն:
5. Երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացման ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հայտարարվեց, որ պայքար է մղվելու օլիգապոլիաների դեմ: Այսօր եւ ես, եւ հասարակությունը կարող ենք արձանագրել, որ այդ «պայքարը» արդյունքներ չեն տալիս:
Հարց՝ ՀՀ վարչապետին.
Արդյոք, չի՞ դժվարացնում կամ ընդհանրապես բացառում օլիգապոլիաների դեմ պայքարի գործընթացը քաղաքական կոալիցիոն թիմում շատ ու շատ մեծ ու փոքր օլիգարխների առկայությունը եւ, արդյոք, Դուք Ձեզ համարո՞ւմ եք այդ գործընթացի պատասխանատուն, թե՞ կարծում եք, որ այդ պատասխանատվությունը կրելու բացառիկ իրավունքը քաղաքական թիմի ղեկավարինն է: Այսինքն՝ բարեփոխումների եւ ծրագրերի ոչ բավարար արդյունքները Ձեր անհաջողությո՞ւնն են, թե՞ Ձեր ջանքերը խոչընդոտվել են այլ ուժերի կողմից կամ Դուք բավականաչափ օժանդակություն չեք ստացել:
6.Երբ ներկայիս վարչապետը նոր էր ստանձնել իր պաշտոնը՝ հայտարարեց, որ երկրում կոռուպցիան վերացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի առաջին հինգ դեմքերը կաշառք չվերցնեն եւ կոռուպցիան ինքնըստինքյան կվերանա: Հավատացինք, ոգեւորվեցինք: Մտածում էինք, որ այդ հայտարարությունը մի կողմից ակնարկ է նախորդ իշխանավորների հասցեին եւ նաեւ համարձակ, բայց միեւնույն ժամանակ հաղթահարելու գիտակցումով մարտահրավեր է: Անցել է շուրջ չորս տարի, եւ բոլորիս համար պարզ է. կոռուպցիան մեր երկրում չի վերացել, ուստի երիցս
Հարց՝ ՀՀ վարչապետին.
– Խնդրում եմ նշել այն չորս անձանց, որոնք շարունակում են կաշառք վերցնել եւ խոչընդոտել Հայաստանի Հանրապետության զարգացումը:    
7. 2009-ին կառավարությունը անակնկալ կերպով պարզեց, որ, այնուհանդերձ, հակառակ վարչապետի պնդումների, երկիրը ընկղմվել է ճգնաժամի մեջ եւ այդ արհավիրքը մեր երկրին բոլորից շատն է վնաս պատճառելու: Այդ ժամանակ ՀՀ վարչապետը արդարացիորեն նկատեց եւ հայտարարեց, որ ճգնաժամը շանս է, որպեսզի երկիրը այն հաղթահարի եւ դուրս գա ավելի ուժեղացած եւ ավելի մրցունակ, քան առաջ էր: Մեր երկրի արձանագրած տնտեսական ցուցանիշների վերլուծությունից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի հաղթահարել ճգնաժամը եւ դրա հետեւանքներն ու մյուս երկրների հետ համեմատած ճգնաժամի հետեւանքները կհաղթահարի ավելի ուշ եւ դուրս կգա ճգնաժամից ամենեւին ոչ ուժեղացած: Միակ ձեռքբերումը, որը անհասկանալի պատճառներով ՀՀ կառավարությունը վերագրում էր իրեն՝ դա սոցիալական բունտի բացակայությունն է:
Հարց՝ ՀՀ վարչապետին.
– Ո՞վ է կրում ճգնաժամի եւ դրա հետեւանքների հաղթահարման անհաջողություների քաղաքական պատասխանատվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել