Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսացած կղզի Հայաստանը

Ապրիլ 26,2011 00:00

Ըստ թուրք գործիչների, հայ-թուրքական սահմանի բացումից կշահի միայն Հայաստանը

«Տնտեսական գործոնը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լավացնելու միակ առաջմղիչ ուժը չէ: Գիտեմ, որ ասածս այնքան էլ լավ չի հնչում, բայց մեր վերջնական որոշում կայացնողների, կառավարության անդամների կարծիքով, Հայաստանը փոքր երկիր է՝ բնակչության փոքր թվով: Հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիայի տնտեսության համար առանձնակի նշանակություն ունենալ չի կարող: Հնարավոր է, որ միայն սահմանամերձ շրջաններում ապրողները որոշ չափով օգտվեն բաց սահմանից»,- երեկ Ստամբուլի քաղաքականության կենտրոնում մի քանի հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թուրքական տնտեսական եւ սոցիալական ուսուցման հիմնադրամի օտարերկրյա քաղաքականության ծրագրի ղեկավար Սաբիհա Սենյուսել Գունդօգարը: Նրա կարծիքով, Հայաստանը եւ Թուրքիան մեծ հնարավորություններ ունեն համագործակցելու զբոսաշրջության ոլորտում, թուրք բիզնեսմենները կարող են ներդրումներ անել Հայաստանում եւ այդ կերպ էլ վարվում են. «Երբ գալիս ենք Հայաստան, տեսնում ենք շատ թուրքական խանութներ, բրենդներ: Դա եւս մեկ անգամ փաստում է, որ թուրք բիզնեսմենները շատ ակտիվ են այս տարածաշրջանում»: Օտարերկրյա քաղաքականության ծրագրի ասիստենտ Այբարս Գորգուլուի խոսքով, իրենք մեծ աշխատանք են տանում հայ-թուրքական սահմանի բացմանը աջակցելու համար: Մինչ այդ արդեն լայն համագործակցություն են սկսել հայ գործընկերների հետ եւ ձգտում են բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ փորձում հասնել երկու երկրների միջեւ հասարակությունների մերձեցմանը. «Հայաստանը եւ հայկական հարցը մեծ տաբու է Թուրքիայում, հիմա մենք փորձում ենք հաղթահարել այդ խնդիրը: Հայաստանն այնքան էլ հետաքրքիր երկիր չէ ներդրումների եւ բիզնեսի համար, բայց Թուրքիայի արեւելյան հատվածի հետ շփումն ավելի շահավետ կլինի: Թուրքիան ավելի շատ կախված է Վրաստանից, իսկ Հայաստանը մեկուսացված կղզի է, եւ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար շահավետ կլինի»:
Հայ-թուրքական երկխոսության հետ կապված՝ թուրք հասարակության շրջանում նկատված փոփոխությունների մասին տիկին Սաբիհան դժվարացավ պատասխանել: Ավելի ուշ կարծիք հայտնեց, թե հայ հասարակությունն ավելի հուսահատ վիճակում է. «Հայերն ուզում են սահմանները բաց տեսնել վաղը, Ցեղասպանությունը ճանաչված՝ մեկ տարում եւ այլն: Թուրքիան սահուն կերպով, ժամանակ շահելով եւ դրանից բավականություն ստանալով, Աղթամարով սկսելով՝ առաջնորդվում է՝ քաղաքակիրթ հասարակություն ունենալու միտումով»: Ինչպես մեկ շաբաթվա ընթացքում մեզ հետ հանդիպած բոլոր թուրք գործիչները, Ս. Գունդօգարն էլ չմոռացավ շեշտել, թե Հայաստանի հարցը երբեք Թուրքիայում առաջնահերթ չի եղել եւ այդպիսին չի էլ պատրաստվում լինել: Նախորդ շաբաթ էլ Թուրքիայի Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (GPOT) տնօրեն, թուրք փորձագետ Մենսուր Ակգյունը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, թե Հայաստանը Թուրքիայի համար ընդամենը փոքր ձուկ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել