Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

Մայիս 05,2011 00:00

«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի՝ շատ արդյունքի կբերի»:
Ավետարան ըստ Հովհաննու (12.21-26)

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀԿ-ի գործիչները խոսում են նախընտրական ցուցակներում գործարարների թվի շեշտակի նվազման մասին: Դրա մասին խոսեցին նախ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ վերջերս խոսեցին նաեւ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու ՀՀԿ փոխնախագահ Ռ. Զոհրաբյանը: Բոլորն էլ ՀՀԿ ղեկավար մարմնի՝ գործադիրի անդամներ: Ի՞նչ նպատակ ունի այս գործընթացը սկսելը:
Մեկ նախադասությամբ նշենք, որ քաղաքական, պետական գործիչների եւ գործարարների միջեւ կա ինքնագիտակցության մեծ տարբերություն: Երկու շատ առանձին բնագավառների մարդիկ ունեն մտածողության, հոգեբանության, գործելակերպի, մոտեցումների, սկզբունքների շեշտակի տարբերություն, յուրահատկությունների առանձնացում: Եվ սա շատ կարեւոր ու հիմնական գործոն կարող է դիտվել:
Պետք է նշել, որ այն երկրներում, որոնք աչքի են ընկնում իրենց կայացած քաղաքական մակարդակով, գործարարները ներգրավված չեն քաղաքական, պետական ոլորտներում: Նրանց մասնակցությունը սահմանափակվում է անհատ քաղաքական գործչի կամ որեւէ կուսակցության ընտրարշավը ֆինանսավորելուն աջակցություն ցուցաբերելով, քանզի քաղաքական անհատի կամ կուսակցության ունեցած տնտեսական եւ գործարար ծրագրերից է կախված, թե որ բիզնեսը եւ տնտեսությունը երկրում ինչպես կզարգանան, ինչ ուղիով:
Գործարարների՝ Ազգային ժողով մուտք գործելով, քաղաքական հարթություն բարձրանալով, կարող է խախտվել քաղաքականություն եւ բիզնես սահմանագիծը, ինչը պետության համար վտանգավոր է: Քաղաքական մարմնի խնդիրն է դասակարգերի համաչափ ու բնականոն զարգացումը: Մինչդեռ, երբ գործարարը սկսում է քաղաքականությամբ զբաղվել, վերոգրյալ դրույթները կարող են խաթարվել, քանզի նա երբեք չի կարող անտեսել իր բիզնես-շահերը, եթե նույնիսկ իր շահերին հակառակվելը տվյալ պահին բխում է հասարակության մի կամ մի քանի հատվածների՝ մեծ կամ փոքր էական չէ, իրավացի պահանջներից: Քաղաքական դաշտում, կառավարման համակարգում բիզնես-ներկայացուցիչների լայնորեն ներկայացված լինելը կարող է բերել քաղաքական հատվածի եւ գործարարների հակասությանը եւ առաջացնել օլիգարխիկ կառավարման սիստեմ, ինչը շատ բացասական երեւույթ է, որի մասին, որպես վատթար իշխող համակարգ, դեռեւս խոսել է Արիստոտելը:
Անդրադառնանք մեր իրականությանը: Հայրենի գործարարները, սա նշենք, աշխատասեր եւ ստեղծող մարդիկ են, որոնք իրենց բազմամյա գործունեության ընթացքում աշխատատեղեր են ստեղծել, հարկեր վճարել, բարեգործություններ կատարել, եւ այս մասով պետք է արժանին մատուցել այս մարդկանց, գնահատել նրանց կատարած աշխատանքը: Ինչ վերաբերում է Ազգային ժողովին, ապա այստեղ բիզնես-ներկայացուցիչները, չհաշված մի քանի բացառություններ, աչքի չընկան քաղաքական եւ օրենսդիր ակտիվ գործունեությամբ: Միգուցե 2003 եւ 2007թթ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում գործարարների հայտնվելը ԱԺ-ում, այդ ժամանակահատվածի համար, հաշվի առնելով քաղաքական մթնոլորտը՝ անհրաժեշտություն էր, ինչ-որ մի տեղ արդարացված, սակայն այսօր քաղաքական պահանջները հակառակն են թելադրում:
Միայն քաղաքական եւ գործարար աշխարհի միջեւ եղած սահմանագիծը գծելով կհասնենք լուրջ արդյունքների՝ երկու բնագավառներում էլ: Ամեն մեկը պիտի զբաղվի իր գործով, որը նախընտրում է, որն ստացված է: Դա է յուրաքանչյուր աշխատանքի հաջողության գրավականը: Այստեղ պետք է խոսել երկու կարեւոր հանգամանքի մասին: Այն, որ քաղաքական եւ գործարար աշխարհների միջեւ ջրբաժան անցկացնելը լայնորեն կխթանի մեր քաղաքական մշակույթի զարգացումը, եւ որ այս կարեւոր նախաձեռնության դրոշակակիրը ՀՀԿ-ն է: Քաղաքական մշակույթի կայացումը եւ չընդհատվող զարգացումը բանալին է բոլոր բնագավառների եւ ոլորտների առաջընթացի: Ֆիդել Կաստրոն մի առիթով ասել է. «Մոլորակի վրա ապրող միլիարդավոր մարդկանց կյանքը կախված է մի քանի մարդու կայացրած որոշումներից»: Սա փաստ է: Այսինքն՝ քաղաքական լիդերները եւ համակարգերը ուղղորդող դեր են խաղում եւ ինչքան քաղաքական մշակույթը զարգացած լինի, ինչքան այն ավանդական բովանդակություն ձեռք բերի, այդքան լիդերները, համակարգերը կլինեն հետաքրքիր, նրանց գործունեության արդյունքը կնպաստի պետության հզորացմանը:
Սա նաեւ իր դրական դերը կխաղա գործարար ոլորտի զարգացման համար, քանզի ինչպես քաղաքական ասպարեզի համար է կարեւոր, այնպես էլ՝ բիզնեսի: Գործարարությունը ավելի կկենտրոնանա իր ծրագրերի շուրջ ու կհետեւի միայն իր գործերին: Արդեն ասվեց, որ այս նախաձեռնության հեղինակը ՀՀԿ-ն է: Կուսակցության բարեփոխումների ծրագրում այս կետը ծանրակշիռ, կարեւոր տեղ է զբաղեցնում, այդ իսկ պատճառով էլ դրա մասին հաճախակի Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են: 1999թ. ՀՀԿ-ն երկրի ամենաազդեցիկ կուսակցությունն է, որը, այդ իսկ թվականից, ստանձնեց հայրենի կառավարությունը գլխավորելու պարտականությունը, իսկ 2008թ. կուսակցության ղեկավարը ընտրվեց ՀՀ նախագահ: Հանրապետական կուսակցության առանձնահատկություններից է ինքնաքննադատությամբ հանդես գալը: Կուսակցությունն արդեն 12 տարուց ավելի ստանձնելով պետության կառավարումը, միշտ ասում է, որ պատասխանատու է թե տեղ գտած բացթողումներին, թե իրական զարգացումներին: Սա առողջ մոտեցում է, որը հնարավորություն է տալիս խուսափելու լճացումից, վերաիմաստավորելու անցած ուղին, կատարած քայլերը, խուսափելու սխալներից, ավելի ճիշտ ու արագ զարգանալու եւ զարգացնելու: Եվ այս կոնտեքստում է, որ գործարարներին նախընտրական ցուցակներում չընդգրկելը հասունացավ ՀՀԿ-ում:
Հիմա կարող է խոսեն, որ Հանրապետականը իշխող կուսակցություն է եւ, բնականաբար, նա էլ պետք է խոսի այդ մասին: Սակայն պետք է առաջնային տեղ հատկացնել քաղաքական կամքին, որը դրսեւորում է կուսակցությունը: Հասարակությունը պետք է հասկանա, որ այս քայլը արվում է ոչ թե նեղ անձնային կամ զուտ կուսակցական շահերից ելնելով, այլ պետության քաղաքական մակարդակը բարձրացնելու համար, օրենսդիր մարմնի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար:
Իմ կարծիքով, այս մոտեցումը կարելի է համարել Հանրապետական կուսակցության ցավոտ բարեփոխումների ցանկից: Կլինեն գործարար-պատգամավորներ, որոնք, միգուցե, ներքուստ նորից կուզենան լինել նախընտրական ցուցակներում, հայտնվել պառլամենտում, եւ կուսակցության մոտեցումն այս հարցի շուրջ կարող է այդքան էլ իրենց սրտով չի: Սակայն կարեւորը պետական մտածելակերպի դրսեւորումն է, գիտակցումի իշխելը ցանկությունների նկատմամբ: Պետք է նշել, որ արդեն իսկ գործարարներից մի քանի հոգի հայտարարել են, որ չեն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, որ իրենք իրենց չեն տեսնում ապագա Ազգային ժողովում: Սա ողջունելի քայլ է: Այդ մարդիկ իրենց խոսքով նպաստում են այս ծրագրի զարգացմանը, օրինակ ծառայում բիզնեսի մյուս ներկայացուցիչների համար: Սա՝ վերը նշված գիտակցումի ապացույցն է: Եվ այն, որ բոլոր կողմերն էլ հասկանալով քաղաքական մշակույթի զարգացման անհրաժեշտությունը՝ որին ուղղված է այս կետի իրականացումը, անցնցում գալիս են ընդհանուր հայտարարի, խոսում է բարձր բանականության եւ այս ծրագրի կարեւորությունն ու լրջությունը ընդունելու մասին: Այս քայլով Հանրապետական կուսակցութունը հանդես է գալիս որպես քաղաքական մշակույթի ձեւավորման եւ զարգացման գաղափարախոս ու առաջատար: Նման ծրագրերի իրականացումը կխթանի թե՛ քաղաքական, թե՛ բիզնես ոլորտներում պրոֆեսիոնալների ավելացմանը, որը կբերի բարելավված ու հետաքրքիր աշխատանքի իրագործմանը: Եվ այս ամենը կազդի նաեւ մյուս բնագավառներում ավելի կանոնակարգված ու էֆեկտիվ աշխատանքի իրագործմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել