Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐ ԵՎ ԱՆՍՊԱՌ ՏԵՂԵՐ

Մայիս 05,2011 00:00

Այս տարվա դիմորդների թիվը շուրջ 17 անգամ պակաս է՝ նրանց համար բուհերում հատկացված տեղերի թվից

Երեկ կայացած ասուլիսի ընթացքում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների եւ կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանն անդրադարձավ այս տարվա միասնական պետական քննությունների հետ կապված մանրամասներին: Այս տարի, ՀՀ պետական բուհերից բացի, մասնավոր բուհերի ընդունելությունը եւս կկազմակերպվի միասնական համակարգով: Այդ պատճառով Հանրապետական ընդունող հանձնաժողովի 25 հոգուց բաղկացած անձնակազմը կհամալրվի եւս 2-ով, որոնք կներկայացնեն ոչ պետական բուհերը: Հայտերի ընդունման գործընթացի արդյունքում գրանցվել է 1209 դիմորդ: Նրանցից 609-ը հայտագրվել է հայոց լեզու եւ գրականություն, 544-ը՝ մաթեմատիկա, 365-ը՝ անգլերեն առարկաներից քննություն հանձնելու համար: Ըստ Կ. Նասիբյանի՝ իրենց զարմացրել է ֆիզիկա հանձնողների մեծ թիվը՝ 294: Դիմորդների թվով առաջատար է Երեւանը՝ 320 դիմորդ, որին հաջորդում է Շիրակի մարզը՝ 143 դիմորդով: Վայոց ձորի մարզն էլ զարմացրել է դիմորդների մեծ հոսքով՝ 66, քանի որ, ըստ Կ. Նասիբյանի՝ նախորդ տարիներին այս մարզը աչքի չի ընկել դիմորդների մեծ քանակով: Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ այսօրվանից մինչեւ հունիսի 1-ը դիմորդների գործերը կընդունվեն բուհերում: Իսկ այս տարվա գարնան զորակոչից զորացրվածների, արտերկրի ուսումնական հաստատություններում սովորող, ներքին եւ արտաքին սփյուռքի մեր հայրենակիցների համար բուհերում գործերը կընդունվեն մինչեւ հուլիսի 10-ը: Ըստ ԳԹԿ ուսումնասիրությունների՝ այս տարվա դիմորդների միջին տարիքը 19 է, կա նաեւ 46 տարեկան մի դիմորդ, իսկ 2000 թվականից վաղ դպրոցն ավարտած դիմորդների թիվը շուրջ 60 է: Կան չկողմնորոշված դիմորդներ, որոնք ցանկություն են հայտնել քննություն հանձնել հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու, հայոց պատմություն, անգլերեն, մաթեմատիկա, ընդհանուր պատմություն առարկաներից եւ հայտնի չէ՝ ի վերջո ի՞նչ մասնագիտությամբ են ցանկանում սովորել: Իսկ տարածված լուրերին, թե այս տարվա քննությունները լինելու են չափից ավելի հեշտ, պարոն Նասիբյանն այսպես արձագանքեց. «Միասնական քննություն հանձնողների թիվն այնքան քիչ է, որ ՀՀ-ում ունենք ընդամենը 11 քննակենտրոն, 12-րդը ԼՂՀ-ում է: Այդ կենտրոններում հսկողություն են սահմանելու բացառապես ԳԹԿ ներկայացուցիչները՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ դրսից էինք ներուժ հրավիրում այդ գործում օգնելու համար, եւ նրանք երբեմն ունենում էին բացթողումներ»: Այս կապակցությամբ «Առավոտը» պարոն Նասիբյանից հետաքրքրվեց՝ չե՞ն վախենում, որ այս կերպ ԳԹԿ-ն վատամարդ կդառնա բուհերի համար, քանի որ նման հսկողության պարագայում գուցե շատ դիմորդներ դրականի շեմն էլ չհաղթահարեն, ինչի պատճառով բուհերը առանց այդ էլ դիմորդների սղությամբ աչքի ընկնող տարում պոտենցիալ ուսանող կկորցնեն: Կ. Նասիբյանը նկատեց. «Դա բուհերի ֆինանսական շահից չի բխում, բայց բխում է բովանդակային շահից»: Մյուս հարցին՝ եթե այս տարի էլ լինեն թյուրիմացություններ, ինչ-որ մեկը պատասխանատվության կենթարկվի՞, պարոն Նասիբյանը պատասխանեց. «Պատասխանատուն ԳԹԿ ղեկավարությունն է»: Շատերին հետաքրքրող հարցի վերաբերյալ՝ իջնելո՞ւ է դրականի շեմը, Կ. Նասիբյանը պարզաբանեց. «Դրականի շեմը կրկին լինելու է 7.5-ը: Սակայն թե անվճար, թե վճարովի տեղերն այնքան շատ են, որ դրական միավորներով դիմորդները կարող են բուհ ընդունվել: Օրինակ՝ մինչ այժմ հայտագրվել է 1209 դիմորդ, սակայն անվճար տեղերի թիվը 2428 է, վճարովիները՝ 18500: Սակայն անվճարի համար մրցույթ լինելու է»: Տեղեկացնենք, որ նախորդ տարի սերտիֆիկատ ստացած դիմորդները կարող են իրենց միավորները բարձրացնելու նպատակով կրկին մասնակցել միասնական քննություններին, սակայն եթե որեւէ առարկայից ստանան «անբավարար», այլեւս նախորդ տարվա սերտիֆիկատը չի կարող փրկել: Էքստեռննիկների՝ քննություններին մասնակցելու մասին էլ Կ. Նասիբյանը նշեց. «Մինչեւ այժմ նմանատիպ դիմորդ չի գրանցվել: Այս տարի էքստեռն քննություններն անցկացվելու են Երեւանում, հնարավոր է էքստեռննիկները մասնակցեն միասնական քննությունների 2-րդ՝ հուլիսյան փուլին: Սակայն ԿԳ նախարարի հրամանով քննություն կարող են տալ այն դիմորդները, որոնք 3 տարի առաջ ավարտել են 9-րդ դասարանը: Նրանց թիվը մոտ 120-130 է»:
«Առավոտը» Կ. Նասիբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են շտեմարանների հետ կապված աշխատանքները, քանի որ հայտնի է, որ ԿԳ նախարարը միտված է մյուս տարի ընդունելության քննությունները կրկին անցկացնել շտեմարաններով: Բաժնի պետը պատասխանեց. «Մերը կոչվում է բազա, սակայն անունը դրեցին շտեմարան: Դեռ նախորդ տարվանից հավաքում ենք առաջադրանքներ, ինչն այնքան էլ հեշտ չէ: ԿԳՆ-ն դպրոցներին է դիմել, որ ներկայացնեն թեստեր, սակայն դրանց մեծամասնությունը անորակ է: Գուցե գնանք կոմպրոմիսային տարբերակի, մեկ կամ երկու առարկայի քննություններն անցկացվեն շտեմարանով, հետո մնացածները»: «Առավոտի» դիտարկմանը՝ կրկին շտեմարանների անցնելով ԳԹԿ-ի այսքան տարիների արած գործը արդյո՞ք ջուրը չի լցվում, Կ. Նասիբյանն այսպես արձագանքեց. «Շտեմարանը վտանգներ ունի: Եթե այսօր կրկնուսույցներին ստիպում ենք դասագրքով պարապել, ապա շտեմարանի դեպքում դասագիրքը դնելու են մի կողմ՝ անցնելով կրկին շտեմարանի: Միակ առաջընթացն այն է, որ այս շտեմարանները պատասխաններ են ունենալու, սակայն մյուս կողմից՝ հիմա էլ մասնագետները պատասխանների կապակցությամբ են վիճելու»: Քանի որ շտեմարանների գաղափարի՝ շրջանառության մեջ դրվելու առաջին իսկ օրվանից ԳԹԿ-ն դեմ է եղել, պարոն Նասիբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն էր պատճառը, որ, միեւնույն է, ԿԳՆ-ն համառեց եւ իր ասածն առաջ տարավ: Նա պատասխանեց. «Նախարարությունն աշխատում է խուսափել քննությունների աղմուկից»: Նշենք, որ շտեմարանները տպագրվելու են Հայաստանում, ազատ վաճառվեն, իսկ քննական թեստերի առաջադրանքները լինելու են հենց շտեմարանում ընդգրկվածներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել