Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԱՐՏԱՀՈՍՔ

Մայիս 10,2011 00:00

Թունավոր ջրերի հեռացման թափուկատարի ոչ բոլոր հատվածներն են փակ,
բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վստահ են, որ իրենց դիտավորյալ վատություն են արել:

\"\" \"\"
\"\"

Կիրակի օրը՝ մայիսի 8-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող թափուկատարի Շղարշիկ ծայրամասային թաղամասի (որը գյուղանման բանավան է հիշեցնում) մատույցներով անցնող հատվածից արտադրական ջրեր են արտահոսել դեպի բանավան: Շղարշիկի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանի պատմելով՝ ինքը առավոտյան ժամը 6-ի սահմաններում խտանյութի ծանր հոտից արթնացել է եւ տեսել, որ իրենց տան հարեւանությամբ արտադրական ջրեր են հոսում: «Բախտս բերել է, որ մի քիչ շուտ եմ նկատել եւ գնացել եմ անցք բացել, որ էդ ջրերը հավաքվեն մեծ փոսի մեջ, թե չէ էդ  կոնցենտրատը կգար դեպի մեր բակը, էնտեղից կլցվեր գյուղի ձորը, կխառնվեր գյուղի խմելու ջրի աղբյուրին, մարդիկ կխմեին ու կթունավորվեին», – ասում է բնակիչը, ում տունը գտնվելով թափուկատարի ներքեւում, ամենաշատն է տուժում ցանկացած նմանատիպ արտահոսքերից:
Այս արտահոսքը առաջին դեպքը չէր: 2010 թվականի մարտի 20-31-ը «Առավոտում» հինգ հրապարակում եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ թափոնատարի վիճակի մասին. հասարակական կազմակերպությունները պնդում էին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող, Շղարշիկ բանավանով անցնող, տեղ-տեղ քայքայված թափոնատարից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների շրջանում: Բնապահպանության նախարարությունը պնդում էր, որ թափոնատարը կայուն վիճակում է, արտահոսք չկա: Այս հեռակա բանավեճից երկու ամիս անց, այնուհանդերձ, բետոնապատվեցին թափոնատարի քայքայված որոշ հատվածները:
Անցած տարվա արտահոսքից էլ առաջինն ու ամենաշատը տուժեց հենց Վլադիմիր Մկրտչյանը: Արտադրական ջրերը խառնվել էին ձորով հոսող առվին, որից եւ սնվում էր Վլադիմիրի ձկների ջրավազանը, եւ այդտեղ եղած 3000 իշխան տեսակի ձկները սատկել էին: «Առաջին անգամ 3 տարի առաջ է կոնցենտրատը թափուկատարից  լցվել իմ բաղերը՝ ծառերի տակ, որից հետո 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուններս մտել են քայքայված, բաց վիճակում գտնվող էդ թափուկատարն ու սատկել, դրա դիմաց 150 հազար դրամ փոխհատուցում են տվել ընդամենը: Իսկ անցած տարի 3 միլիոն դրամ վարկ էի վերցրել ձկնաբուծության համար, բայց էդ արտադրական ջրերի՝ ջրավազան լցվելու պատճառով ձկներս սատկեցին: Մինչեւ էսօր վարկ եմ փակում, չեմ էլ հասցնում, նույնիսկ դատի էին տվել վարկս չվճարելու համար: Էդ դեպքից հետո հորս առողջական վիճակը վատթարացավ: Էսօր կրկին էդ ջրերը  լցվել են մեր տան հարեւանությամբ գտնվող փոսը, որը ձկների ավազանի համար էի նախատեսել, բայց գումար չլինելու պատճառով այդպես էլ դատարկ էր մնացել: Մենք էլ մեր հերթին ենք շնչում էդ ջրերի հոտը, մեր ինքնազգացողության վրա էլ է ազդում»,- ավելացնում է Վլադիմիրը:
Վլադիմիրի մայրը՝ տիկին Երանիկն էլ նկատեց, որ թափուկատարը իրենց համար իսկական գլխացավանք է դարձել, ամեն տարի մի վնաս տալիս է իրենց, բայց ամենամեծ ու ամենացավոտ վնասը՝ ամուսնու առողջական վիճակի վատթարացումն էր:
Վլադիմիրի ահազանգին արձագանքած խմբի հետ մենք տեղում էինք կիրակի առավոտյան՝ ժամը 10.30-ին: Արտադրական ջրերի հոսքը դեռ շարունակվում էր, փոսը գնալով լցվում, իսկ որոշ ժամանակ անց ջրի հոտից բոլորիս գլուխը սկսեց ցավել: Մեզանից հետո Շղարշիկ այցելեցին նաեւ ոլորտի պատասխանատուները:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափուկատարի տեղամասի պետ Ռաֆիկ Սարգսյանը հայտնաբերեց արտահոսքի պատճառը. թափուկատարում տախտակներ էին լցված, ինչն էլ խանգարում էր արտադրական ջրերի կանոնավոր հոսքին՝ դառնալով արտահոսքի պատճառ: Պարոն Սարգսյանը ձեռքի տակ եղած իրերով գործի անցավ եւ միայն ժամը 13.30-ին՝ մոտ 7 ժամ տեւած արտահոսքից հետո կարողացավ կանխել թունավոր ջրերի հոսքը դեպի Շղարշիկ: Դեպքի վայր ժամանած կոմբինատի պատասխանատուները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք համոզված են. տեղի ունեցածը միտումնավոր ու դիտավորյալ քայլ է: «Փորձել են մեզ վատություն անել, գիտակցաբար է արված էս ամենը, մենք տեղյակ ենք պահում ոստիկանությանը, որպեսզի հետաքրքրվեն, գործ հարուցեն այս խնդրով ու բացահայտեն մեղավորին: Այս մարդկանց տան հարեւանությամբ արտադրական ջրերով լցված ջրափոսն անպայման դատարկելու ենք ու հարկ եղած բոլոր համապատասխան քայլերը ձեռնարկենք»,- տեղեկացրին ԶՊՄԿ-ի ներկայացուցիչները:
Մինչեւ իրավապահ մարմինները կբացահայտեն՝ միտումնավո՞ր են լցվել այդ տախտակները թափուկատար, թե՞ հնարավոր է, որ այդտեղ շինարարություն անելուց հետո տախտակներն անփութության արդյունքում են մնացել, մեկ հարց դեռ բաց է մնում. ինչո՞ւ տվյալ թափուկատարը հավուր պատշաճի բետոնապատված ու պատնեշված չէ, ինչո՞ւ բաց հատվածներ գոյություն ունեն, որ «ուզող-չուզողն» էլ կարողանա ցանկացած ժամանակ ինչ-որ իր նետել, վատություն անել:
Կրկին հիշեցնենք, որ անցած տարվա մարտին բարձրացված աղմուկին ի պատասխան, պատկան կառույցները հայտարարում էին, թե ոչ մի արտահոսք էլ չկա: Սա այն դեպքում, երբ պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը Շղարշիկում ուսումնասիրություններ անելուց հետո եզրակացրել էր. «թափոնատարից դուրս է գալիս կասկածելի ծագում եւ բաղադրություն ունեցող ջուր եւ խառնվում հարակից ձորով հոսող գետին եւ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին»:
Կիրակի օրվա արտահոսքը ֆիքսել է նաեւ բանապահպանական պետական տեսչությունը: Ըստ ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ լաբորատոր ուսումնասիրություններ կարվեն եւ կհաշվարկվեն հասցված վնասի չափերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել