Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղափոխվեցինք 2-րդ խումբ

Հուլիս 01,2011 00:00

\"\"Հայաստանը դուրս է եկել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից եւ տեղափոխել 2-րդ խումբ: Այլ խոսքով՝ Հայաստանն այլեւս չի դիտարկվում որպես թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկիր:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրեց նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը մարդկանց թրաֆիքինգի մասին 2010 թ. տարեկան զեկույցում արձանագրելով, որ թեեւ այս հանցատեսակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը լիարժեք բավարար չեն, սակայն քրեական հետապնդման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներում նկատվում է առաջընթաց եւ որ Հայաստանի կառավարությունը շարունակել է ապահովել, որ թրաֆիքինգ իրականացնելու համար դատապարտվածները համարժեք պատիժ ստանան եւ այդ պատիժը կիրառվի: «2010թ. կառավարությունը հետաքննել է սեռական թրաֆիքինգի 15 գործ, իսկ աշխատանքային թրաֆիքինգի գործեր չեն քննվել (2009 թ. քննվել է սեռական թրաֆիքինգի՝ 9, իսկ աշխատանքային թրաֆիքինգի՝ 6 գործ): 2010 թ. ընթացքում Հայաստանի դատարաններում սեռական թրաֆիքինգի մեղադրանքով ներկայացվել է 4 նոր գործ՝ ընդդեմ 6 հոգու, իսկ աշխատանքային թրաֆիքինգի մեղադրանքով գործեր չեն եղել: Դատարաններում լսվել են նաեւ նախորդ տարում հարուցված գործեր՝ ընդդեմ 9 մեղադրյալների: 2010թ. թրաֆիքինգի իրականացման համար դատապարտվել է 5 հոգի, որից 4-ը՝ սեռական թրաֆիքինգի, իսկ 1-ը՝ աշխատանքային թրաֆիքինգի համար, մինչդեռ 2009թ. դատապարտումների թիվը կազմում էր 11: Դատապարտված 5 անձանց նշանակվել է պատիժ՝ 3-9 տարվա ազատազրկում. ոչ մեկի նկատմամբ պայմանական ազատազրկում չի կիրառվել եւ թրաֆիքինգի համար դատապարտված ոչ մի անձ 2010 թ. ընթացքում վաղաժամկետ ազատ չի արձակվել: Հայաստանի կառավարությունը պահպանել է գործընկերությունը հակաթրաֆիքինգային հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների հետ՝ իրականացնելու հակաթրաֆիքինգային ուսուցում հարյուրավոր պաշտոնյաների, այդ թվում՝ ոստիկանների, սահմանապահների եւ դատական համակարգի ներկայացուցիչների համար»,- արձանագրված է ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում:

Նշենք, որ ԱՄՆ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ 2011թ. հունիսի 13-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ փաստել էր, որ Հայաստանն իրոք լուրջ քայլեր է կատարել եւ կատարում թրաֆիքինգի դեմ պայքարում, որի արդյունքում էլ դուրս է եկել հատուկ վերահսկողության երկրների ցանկից, իսկ ավելի վաղ՝ գարնանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ արձանագրելով վերջին տարիներին թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ դատական կարգով հետապնդումների մասով առաջընթացը. «2005-2006թթ. համեմատությամբ, երբ թրաֆիքինգ իրականացնողները հազվադեպ էին դատապարտվում, վերջին մի քանի տարիներին եւ ոչ մի թրաֆիքինգ իրականացնող չի խուսափել խիստ եւ համարժեք պատժից, ընդ որում՝ որոշները դատապարտվել են ընդհուպ մինչեւ 13 տարվա ազատազրկման»:

Դատախազությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում թրաֆիքինգի դեմ պայքարում քրեական հետապնդման որդեգրված քաղաքականությանը տրված դրական գնահատականի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել