Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՉԻ ԴՊՐՈՑ ՉԵ՞Ս ԳԱՑԵ»

Հուլիս 13,2011 00:00

\"\"Դիմորդների հարազատները զարմանում են, երբ ԳԹԿ աշխատակիցները զլանում են օգնել քննություն հանձնողներին

Երեկ 330 դիմորդ միասնական քննությունների երկրորդ փուլի «շրջանակներում» քննություն հանձնեց կենսաբանություն, ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից: Կենսաբանություն առարկայի քննությանը մասնակցելու համար ԳԹԿ դիմում-հայտ է ներկայացրել 252 դիմորդ, աշխարհագրությանը՝ 24, ընդհանուր պատմության՝ 56: Ընդհանուր հաշվով 3 առարկաներից քննության չէր ներկայացել 29 դիմորդ:
Դիմորդները քննություն էին հանձնում Երեւանում ձեւավորված միակ քննակենտրոնում՝ ԵՊՀ-ում, որն էլ իր հերթին բաղկացած է 3 քննասենյակներից:
Քննությանը ներկայացած դիմորդներից մեկը ԳԹԿ ներկայացուցիչների համար խոչընդոտ ստեղծեց: Երբ կարգը թելադրող ԳԹԿ աշխատակիցը ուղղություն էր տալիս դիմորդներին՝ ինչպես լրացնել ձեւաթղթիկը, որ հատվածում գրել անուն- ազգանունը, որպեսզի կտրվի եւ ծրարվի տվյալ հատվածը, կենսաբանության քննություն հանձնող դիմորդներից մեկը համառությամբ չէր համաձայնում տալ իր ձեւաթղթի անուն-ազգանվան հատվածը ծրարելու: Նա հուզված բացատրում էր ԳԹԿ աշխատակիցներին, որ այդպես չեն իմանա, թե որ թեստն է իր գրածը լինելու, կխառնեն, կշփոթեն… ԳԹԿ աշխատակիցները մեծ դժվարությամբ հանգստացրին նրան ու բացատրեցին, որ համակարգչի միջոցով է ճանաչվում թեստի հեղինակը:
Ռուսաստանից ժամանած մեկ դիմորդ քննություններին մասնակցելու հայտ ներկայացնելիս խնդրել էր, որպեսզի իր համար ռուսերեն թարգմանվի կենսաբանության թեստը: Քննության մեկնարկին, երբ բաժանվեցին թեստերը, նույն դիմորդը մոտեցավ հանձնաժողովին եւ պահանջեց, որպեսզի իրեն տրամադրեն նաեւ թեստի հայերեն տարբերակը, ինչը խիստ զայրացրեց հանձնաժողովին: Քննակենտրոնի ղեկավար Արմեն Փաշայանը մերժեց դիմորդին, պատճառաբանելով, որ ամեն դիմորդի համար նախատեսված է մեկ հարցաթերթիկ:
Քննության մեկնարկից 15 րոպե չանցած, զինվորական հագուստով՝ ժամանակավոր զինծառայության մեջ գտնվող Արշավիր Թադեւոսյանը դուրս եկավ կենսաբանության քննասենյակից: Հարցին՝ ինչո՞ւ է այդքան վաղ դուրս եկել, նա զարմացած պատասխանեց. «Ավարտեցի»: Արշավիրի խոսքով, քննասենյակում երկար նստելու կարիք չկար. «10 րոպեում պատասխանեցի բոլոր հարցերին: Ինձ համար բարդ չէին: Ես արդեն երկրորդ տարին է՝ դիմորդ եմ, նույնքան ժամանակ էլ պարապել եմ»: Ինչպես պարզեցինք, Արշավիրը Վ. Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանի կուրսանտ էր:
Անդրանիկ Մալխասյանը քննությունից դուրս եկավ հուզված: Նա եւս քննություն էր հանձնել կենսաբանություն առարկայից: Անդրանիկը մտածում էր, թե տապալվելու է այս քննությունից ու բժիկ դառնալու երազանքը հօդս է ցնդելու. «Բժշկությունը շատ եմ սիրում, բայց կենսաբանություն այդպես էլ չկարողացա սիրել, ոչ մի կապ չունեմ այդ առարկայի հետ: Գիտեմ՝ վատ է լինելու, վատ եմ գրել…»:
Երեկ հանդիպեցինք նաեւ Գայանե Հակոբյանի ընտանիքին, ում քանիցս անդրադարձել էինք. նրանք պետք է ընդմիշտ մեկնեին երկրից, եթե դուստրը քննություններից «կտրվեր»: Պարզեցինք՝ տիկին Գայանեի աղջիկը օտար լեզվից էլ է դրական գնահատական ստացել եւ ԵՊՀ միջազգային հարաբերություններ բաժնում արդեն ապահովել իր տեղը:
Երեկ շատ անհանգիստ էր դիմորդ Անուշ Ղարաբաղցյանի տատիկը: 62-ամյա Սաթիկ տատիկին ԳԹԿ աշխատակիցները նույնիսկ թույլ էին տվել «անթույլատրելի հատվածում» նստել եւ սպասել իր թոռնիկին, ով դիմում է Երեւանի պետական բժշկական համալսարան:
Քննություններին զուգահեռ, շարունակվում են նաեւ բողոքարկումները: Ինչպես հայտնեցին ԳԹԿ-ից, բողոքարկումները հիմնականում լինում են միավորներ խնդրելու տեսքով:
ԳԹԿ օպերատոր Արա Սեդրակյանը «Առավոտի» հետ զրույցում նեղսրտեց. «Բոլորին թվում է՝ եթե ԳԹԿ ներկայացուցիչ ես, հնարավորություններդ շատ են, պարտադիր պետք է օգնես: Քննությունների առաջին փուլի ընթացքում Գավառում ձեւավորված քննակենտրոնում ֆիզիկայի քննության ժամանակ մի տատիկ մոտեցավ ինձ, թե՝ կերթաս, երեխիս կօգնես: Ասացի, բայց ես մասնագետ չեմ, չեմ կարող: Զարմացած հարցրեց՝ ինչի դու դպրոց չե՞ս գացե…: Բացատրեցի, որ դպրոց «գացեր եմ», բայց դա կապ չունի: Եթե իր թոռնիկն էլ է «գացե», ուրեմն կգրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել