Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱԳԻՏԿԱՇԱՌՔՊՐՈՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

Հուլիս 14,2011 00:00

\"\"Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդարանում առաջին լսումներից ակնհայտ դարձավ՝ Չավուշօղլուի եւ ադրբեջանական նավթադոլարային ակտիվ միջամտությամբ ձեռնարկված այս «միջոցառումը» գնում է ոչ այն հունով, որն ակնկալում էին վերջիններս:

Հենց առաջին ու ամենակարեւոր ելույթում, որի իրավունքը վերապահված էր ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր պատասխանատու եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնին, կշեռքի նժարները հավասարակշռության բերվեցին, իսկ ենթատեքստով նույնիսկ ասվեց ավելին՝ հօգուտ հայկական կողմերի:
Մասնավորապես, Էշթոնը շեշտեց, որ թեեւ ստատուս-քվոն անընդունելի է, սակայն նույնքան անընդունելի է վերջինի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողություն կամ անուղղակի ազդեցություն բանակցությունների վրա՝ ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով: Նա եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ԵՄ-ն պետք է օժանդակի եւ մասնակցի բանակցային գործընթացին դրսից, հավելյալ ձեւով, այլ ոչ թե փոխարինի Ֆրանսիային Մինսկի խմբում, ինչպես կցանկանար Ադրբեջանը: Եվ, վերջապես, Էշթոնը կրկին խոսեց people-to-people ձեւաչափի եւ հասարակական սեկտորում ԵՄ հետ անուղղակի հարաբերությունների եւ օժանդակության մասին: Փաստացի նա հաստատեց վերջերս (EP թե EC) կողմից առաջ քաշված նախաձեռնությունը ԼՂ ժողովրդի եւ իշխանությունների հետ կոնտակտների հաստատման անհրաժեշտության վերաբերյալ:
Էշթոնի հավասարակշռված ելույթից զատ, իհարկե, սպասվում էին ավելի կողմնակալ, ես կասեի, «գնված» ելույթներ, որպիսիք, իհարկե, եղան, սակայն թե քիչ էին թվով եւ թե ցածր, իսկ երբեմն էլ ծիծաղաշարժ՝ իրենց բովանդակությամբ: Հետաքրքիր էր հետեւել, թե ինչպես հիմնական քննադատությունը կանխակալ ելույթներում ուղղված էր ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի հասցեին: Էստոնիա, Լատվիա, Ավստրիա, Լեհաստան՝ դասական հակառուսական ֆրոնտ, որը հաշվի առնելով էլ՝ դրանց բանախոսները, առաջնորդվելով «փողին մուննաթ» սկզբունքով, հակառուսականությանը հավելել էին պատվիրված դասական ազերական նախերգանք: Իսկ Հունգարիայի ներկայացուցիչն այնքան էր տարվել գրպանների պարունակությամբ, որ հուզմունքից նույնիսկ չէր կարող արտաբերել ազերիների կողմից գրված եւ իրեն տրված ձոնը «20 փերսենթի» մասին ու հասկանալ, թե Ղարաբաղը որ մեկն է: Այս մեկին, հավանաբար, ազերիները «ձեռք էին գցել» վերջին րոպեին: Կարծում եմ՝ եվրոպական լիբերալ «կոնդոմինիումի» նորահռչակ անդամ ՀԱԿ-ին պետք է որ հուզեր լիբերալների ներկայացուցչի ոչ այնքան լիբերալ մոտեցումը խնդրի վերաբերյալ: Իսկ Շվեդիայի ներկայացուցչի վրա «խորը նավթային հետք» էր թողել վերջինիս մանկությունը Բոսնիայում, այնքան խորը, որ վերջինիս ամնեզիան ցրելու համար Բուլղարիայի ներկայացուցիչ Դիմիտր Ստոյանովը հիշեցրեց, որ Բոսնիան առաջիններից է ճանաչել Կոսովոն:
Բարեբախտաբար, երկու տասնյակից ավելի ելույթներում նմանատիպ 5-6 կանխակալները չունեցան որեւէ կշիռ, քանի որ մնացածներում եղան առավել քան հետաքրքիր մոտեցումներ: Ավելին, այդ մտքերն արտահայտվել են Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ Սոցիալիստների կուսակցության անդամների կողմից, որոնք խոշորագույնն են Եվրոպայում եւ ԵԽ-ում: Մասնավորապես, Գերմանիայից Էլմար Բրոքն անհանգստություն հայտնեց տարածաշրջանում զինվելու աճի հետ, համոզմունք հայտնեց, որ սնայպերների դուրսբերումը պարտադիր է, եւ Վեց սկզբունքները պետք է ընդունվեն առանց վերապահումների, ինչի մասին մշտապես պնդում է հայկական կողմը (սնայպերները): Չարլզ Թաննոքը ՄԹ-ից նույնպես քննադատեց ադրբեջանական սպառազինությունների մրցավազքը եւ դրա արդյունքում գրանցվող հայկական կողմի կորուստները, ինչպես նաեւ շեշտեց, որ նրանք, ովքեր ծանոթ են տարածաշրջանին, գիտեն, որ ԼՂ ժողովուրդը երբեք չի ընդունելու ադրբեջանական գերիշխանությունը: Կիպրոսը եւ Բուլղարիան ներկայացնող Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները նույնպես անընդունելի համարեցին Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը եւ կարծիք հայտնեցին, որ խնդրի այսչափ սրումը հենց դրա արդյունքն է: Նաեւ շեշտեցին խնդրի կարգավորման անհրաժեշտությունը երեք հանրաճանաչ սկզբունքների հիման վրա: Բուլղարիայի ներկայացուցիչը, մասնավորապես, շեշտեց, որ Թուրքիան ավելի դրական ու կոնստրուկտիվ դեր պետք է խաղա, քան հիմա կա, իսկ Կիպրոսի ներկայացուցիչը հիշեցրեց ներկաներին, որ Հայաստանը դեռ blockade է արված Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Նմանատիպ հայամետ ելույթների շարքում ամենաընդգծվածը վերը հիշատակված բուլղարացի Դիմիտր Ստոյանովի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Դամիեն Աբադի ելույթներն էին, որտեղ, մասնավորապես, առաջինը իր ելույթում անդրադարձավ խնդրի պատմական հիմքերին՝ որակելով այն որպես 20-ականների բոլշեւիկյան կուսակցության կատարած սխալի հետեւանք, ինչպես նաեւ որակեց Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պարտադրված դիտավորյալ շրջափակումը՝ որպես ճնշման միջոց:
Հետաքրքրական էր հետեւել թարգմանչին, ով այնքան էր շփոթվել ճշմարտությունը լսելուց, որ չթարգմանեց այդ ամենը, այլ ուղղակի ներկայացրեց կցկտուր արտահայտություններ, որոնք ոչ մի կապ չունեին ասվածի հետ:
Սակայն ազագիտկաշառքպրոմի ներկայացուցիչները հավանաբար չգիտեն, որ ելույթները նաեւ սղագրվում ու հետագա թարգմանության են ենթարկվում: Կրկին անիմաստ վատնում: Ինչ վերաբերում է Աբադին, ապա նա հայտնեց, որ այցելել է տարածաշրջան եւ համոզված է, որ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը պետք է վերջ տրվի եւ որ առանց բանակցություններում ԼՂ ներկայացուցիչների մասնակցության՝ խաղաղություն ձեռք չի բերվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել