Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը չի կատարում իր գործառույթը

Հուլիս 15,2011 00:00

Ըստ ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի, դա են փաստում միասնական քննությունների արդյունքները

\"\"Զարուհի Մկրտչյանը բժշկուհի էր ուզում դառնալ, բայց հայրը՝ Սերժիկը, նրան առաջարկեց Պոլիտեխնիկի քիմիականը: Աղջիկը բուհն ավարտեց կարմիր դիպլոմով: «Մտածում էի՝ քիմիան զարգանալու տեղ ունի: Էն ժամանակ քիմիական ինստիտուտ կար, բայց քանդեցին, ծախեցին»,- ասաց Ս. Մկրտչյանը: Նա հիմա էլ եկել է աղջկան սատարելու, ով քիմիայի քննություն է հանձնում եւ որոշել է ընդունվել Բժշկական համալսարան: Նախորդ՝ կենսաբանության քննությունից 19.75 է ստացել, այս քննությունից էլ բարձր միավորներ հավաքելու մեծ հույսեր ունեն:

Երեկ վերջին միասնական՝ քիմիայի քննությունն էր: 182 գրանցված դիմորդներից բացակա էր 15-ը: Դիմորդներից Թադեւոսյան Արշավիրը որոշել է ռեկորդ սահմանել: Քննության մեկնարկից 15 րոպե դեռ չանցած՝ դուրս է եկել: «Մի 13-14 բալ կհավաքեմ, մենակ «ա» տարբերակն եմ գրել, էդ բավարար ա: Որ «բ»-ից գրեի, պիտի 3 ժամ նստեի, մեզ պետք ա 8 բալ,- ասում է Արշավիրը,- ուզում եմ ռազմաբժշկական ընդունվեմ»:

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ցավալի է համարում, որ դիմորդների մեծ մասին հետաքրքրում է միայն անցողիկ միավորներ հավաքելը: Նրանցից շատերը իմիջիայլոց են գործերը տվել՝ եզրակացնում է նա:

Միասնական քննությունների անցկացման վերջին օրն է, պարոն Խաչատրյանը հոգնածություն է զգում, բայց ավելացնում է. «Պարտքի, նաեւ՝ պատասխանատվության զգացում ունեմ: Շատ կուզեի, որ ոչ միայն պասիվ գնահատողի դերում լինեինք, այլեւ որեւէ կերպ անդրադառնայինք կրթության որակի բարձրացմանը»: Վաղվանից սկսվում են բուհական քննությունները, այս տարի էլ է ԳԹԿ-ն պատասխանատու քննության անցկացման գործում: Իննա Բադալյանը ցանկանում է ընդունվել Գյուղակադեմիա՝ «բույսերի մշակման սելեկցիայի եւ գենետիկայի» բաժին, ասում է՝ իր նախասիրությամբ է ընտրել: Կենսաբանությունից հավաքել է 16.5 միավոր:

Քիմիայի քննական կենտրոնի ղեկավար Էդուարդ Սանթրոսյանը նշում է, որ իրավիճակի բացահայտումը հնարավորություն է տալիս որոշակի շտկումներ եւ առաջարկություններ անել հանրակրթության զարգացման վերաբերյալ: Իսկ համապարփակ վերլուծություն կարվի վերջին 2-3 տարվա ընթացքում, ու պատկերն ավելի ռեալ կդառնա: «Այս տարի դիմորդները միասնական քննություն հանձնեցին, պարզ է, որ նրանց գերակշիռ մասը չէր պարապել: Նրանք նախորդ տարիների շրջանավարտներ էին, ովքեր, օգտվելով այս տարվա շրջանավարտ չունենալու փաստից, դիմեցին բուհեր: Հումանիտար առարկաներից դիմորդները կարողանում են քիչ թե շատ միավորներ հավաքել, իսկ բնագիտականից կատարյալ ձախողում ապրեցին… Փաստն այն է, որ կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները չեն տանում այնտեղ, որտեղ մե՛նք ենք ուզում: Բժշկից, ինժեներից, բոլորից գումարը կտրում-տալիս են դպրոցին, բայց այն իր հիմնական գործառույթը չի իրականացնում»,-փաստում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել