Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ՝ «Ա1+»-Ի ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ

Հուլիս 20,2011 00:00

Թոմաս Համմարբերգի մեկնաբանությունից հետո ԵԽ նախարարների կոմիտեի հրապարակված զեկույցը եւս մի ապացույց է, թե իշխանություններն ինչպես են փորձել ժամանակ ձգձգել «Ա1+»-ի գործով վճիռը չկատարելու համար:

\"\"

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ տարածել է «Եվրոպական դատարանի վճիռները չեն կարող անտեսվել» մեկնաբանությունը, որում մասնավորապես ասված է. «Դատարանի վճիռների դանդաղ կատարումը խնդիր է մի շարք դեպքերում: Վճիռների կատարման վերահսկողության վերաբերյալ իր վերջին տարեկան զեկույցում Նախարարների կոմիտեն մասնավորապես նշում է, որ 2009 թվականի համեմատ՝ 2010 թվականին 50%-ով ավելացել են այն ընթացիկ գործերը, որոնք չեն կատարվել 2 տարվա ընթացքում այն բանից հետո, երբ վճիռը դարձել է վերջնական: Ներկայումս սպասվում է ավելի քան 9 հազար գործերի կատարումը»:
Թոմաս Համմարբերգի մեկնաբանությանը կից հրապարակվել է ԵԽ նախարարների կոմիտեի 2011թ. ապրիլին թողարկված այդ տարեկան զեկույցը՝ ՄԻԵԴ վճիռների 2010 թվականի կատարման վերաբերյալ: Հայաստանին այդ զեկույցում (բացի վիճակագրական տեղեկատվությունից) անդրադարձ կա 3 գործերով՝ երկուսը վերաբերում են անարդար դատաքննությանը: Մեկը քաղաքացիական իրավունքների մասին է «Նիկողոսյանը եւ Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որտեղ հայտատուն դատավարությանը մասնակցելու ծանուցումը ստացել է դատի ավարտից հետո, ուստի չի կարողացել մասնակցել դրան, իսկ մյուսը՝ քրեական մեղադրանքի՝ «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որտեղ սպանության մեջ մեղադրվող հայտատուն ապացուցել էր, թե ցուցմունքները ստացվել են բռնության եւ սպառնալիքների հետեւանքով:
Սակայն ԵԽ նախարարների կոմիտեի զեկույցում ամենամանրամասն անդրադարձը «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի», այսինքն՝ «Ա1+»-ի գործին է, որը տեղադրված է «հեռարձակման իրավունք» ենթաբաժնում եւ բնութագրված է իբրեւ «ապօրինի միջամտություն հայտատու ընկերության խոսքի ազատության իրավունքին՝ ՀՌԱՀ-ի 2002-2003 թվականների 7 տարբեր մրցույթներում հեռարձակման արտոնագիր տրամադրելու մերժումների միջոցով»: Այստեղ ներկայացված են այն պատճառաբանությունները, որոնք ԵԽ նախարարների կոմիտեին ներկայացրել էր իշխանությունը՝ արդարանալով, թե ինչու չի վերացնում «Ա1+»-ի իրավունքի խախտումը, «Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, թե այս գործում անհատական միջոցառումները սերտորեն կապակցված են ընդհանուր միջոցառումների խնդրին եւ նոր մրցույթի հայտը չի բավարարի ՄԻԵԴ վճռի պայմաններին, եթե նախապես չփոփոխվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը»:
Զեկույցում անդրադարձ չկա մրցութային վերջին գործընթացին, միայն նշված է, որ ԵԽ նախարարների կոմիտեն 2010 թվականի հունիսին «ընդգծել էր այս մրցույթի անցկացման կարեւորությունը վճիռը կատարելու տեսանկյունից, եւ ի գիտություն էր ընդունել իշխանության դիրքորոշումը, ըստ որի՝ մինչ սպասվելիք գործընթացը՝ ոչ մի միջոցառում հնարավոր չէ ձեռնարկել հօգուտ հայտատու ընկերության, քանի որ որեւէ այլ միջոց, քան արդյունավետ եւ թափանցիկ մրցույթի անցկացումը, կհանգեցնի իրավիճակի, երբ երրորդ կողմի իրավունքները կխախտվեն»: Իրավական լեզվից թարգմանած՝ սա նշանակում է, թե չենք կարող «Ա1+»-ին առանց մրցույթի կապուղի տալ, քանի որ դրանք զբաղեցված են այլ հեռուստաընկերությունների կողմից: Ոչ այնքան հիմնավոր պատճառաբանություն է, քանի որ ՄԻԵԴ վճռից հետո եղավ դեպք, երբ հայտնվեց ազատ կապուղի, սակայն Ռոբերտ Քոչարյանին մտավորականների (որոնց անուններն այդպես էլ կարծես չհրապարակվեցին) ինչ-որ նամակի հիման վրա այդ կապուղին առանց որեւէ մրցույթի տրամադրվեց «Կուլտուրա» հեռուստաալիքին:
Զեկույցում հիշատակված է, որ «Ա1+»-ը դեռեւս փորձում է վերաքննել այս գործը՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա, բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան, եւ 2010թ. օգոստոսին դեռ որոշում չէր կայացվել: Նաեւ կոչ կա ՀՀ իշխանություններին, որ մանրամասն տեղեկատվություն ներկայացնեն ազգային դատական մարմիններում այս հայցերի քննության մասին: Հիշեցնենք, որ ՍԴ-ն այդ որոշումը կայացրեց օրերս, սակայն մինչ այդ ԵԽ նախարարների կոմիտեն արդեն հասցրել էր կատարված համարել «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը:
«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որը ներկայացնում է «Ա1+»-ի շահերը՝ մեր զրույցի ընթացքում անդրադառնալով այս զեկույցին՝ ասաց. «Երբ 2008 թվականին հրապարակվեց ՄԻԵԴ վճիռը՝ մենք պնդում էինք, թե միայն ֆինանսական փոխհատուցում տրամադրելը թերի է, վճիռը չի կատարվել: Եվ պահանջում էինք, որ պայմաններ ստեղծվեն, որ «Ա1+»-ը մասնակցեր մրցույթի եւ վերականգներ իր խախտված իրավունքը: Սակայն իշխանությունները հրաժարվում էին՝ ասում, թե նման բան չկա: Մինչդեռ այդ ընթացքում օրենսդրական փոփոխություններ էին անում, մրցույթը հետաձգում ու հետո նոր հայտարարեցին: Եվ հիմա տեսնում ենք, թե ԵԽ նախարարների կոմիտեի հետ ինչ գրագրություն, ինչ պահանջներ են եղել, որոնք առաջին իսկ օրվանից մենք էինք առաջադրում»:
Անդրադառնալով այն փաստին, որ ԵԽ նախարարների կոմիտեն արդեն փակված համարեց «Ա1+»-ի գործով ՄԻԵԴ վճռի կատարման էջը՝ «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահն ասաց. «Փակված է համարել այնքանով, որքանով իրենց ներկայացրել են, թե ՀՌԱՀ-ը կայացրել է պատճառաբանված որոշում՝ գրել, տվել են: Բայց մենք չենք ընդունում այդ պատճառաբանությունը, քանի որ ձեւական բնույթ է կրել հայտարարված այդ մրցույթը, եւ ներկայացնում ենք մեր ապացույցները՝ ցույց տալով «Մելտեքսի» եւ իր մրցակցի առնչությամբ ՀՌԱՀ 8 անդամների թերացումները»: Խոսեց ՀՌԱՀ-ի պատասխանատվության մասին, որ Հայաստանը պարտվեց ՄԻԵԴ-ում, ու պետբյուջեից վճարվեց առայժմ ամենամեծ տուգանքը. «Փողը տվեցին՝ վե՞րջ, մրցույթ հայտարարեցին՝ վե՞րջ: Թե հետո այդ մրցույթում ինչպես ընթացան գործընթացները եւ դրանց պատճառով ՄԻԵԴ-ը 2-րդ անգամ կանդրադառնա Հայաստանին՝ խնդիր չկա, այդ մարդիկ նորից կմնա՞ն իրենց աշխատելաոճով»:
Տիգրան Տեր-Եսայանը վստահություն հայտնեց, որ Եվրոպայի Խորհուրդը գնահատական կտա նաեւ 2010 թվականի մրցույթին, երբ կավարտվի Հայաստանի ներպետական դատարաններում դրա արդյունքների վիճարկման գործընթացը. «Խոսքը ՀՌԱՀ թիվ 96 Ա որոշման մասին է՝ «Արմնյուզ» ընկերությանը հաղթող ճանաչելու մասին: Նրանք այժմ էլ հետեւում են գործընթացին, եւ իրենց տրամադրության ներքո է ինչպես այդ որոշումը, այնպես էլ դատարան ներկայացրած մեր հայցերը: Ինձ թվում է՝ մի փոքր ուշացումով կանդրադառնան նաեւ այս չարաբաստիկ գործընթացի այս նոր էջին»:
Հ. Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում են 2003-2004 թվականներին ընդդիմության ակտիվիստներին վարչական կալանքի ենթարկելու կամ քրեական մեղադրանքներով դատապարտելու վերաբերյալ 5 գործեր, որոնց ընթացքի վերաբերյալ Տիգրան Տեր-Եսայանի ներկայացրած տեղեկատվությունը կհրապարակենք մեր առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել