Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺԵԼ ԵՆ, ՏՈՒԺՈՒՄ ԵՆ

Հուլիս 20,2011 00:00

Համայնքային եւ պետական հանձնաժողովները վնաս արձանագրել են, դատարանները մերժում են գյուղացիների հայցերը:

\"\"

Ջրօգտագործողների «Սեւ ջուր-Ախթամար» ընկերությունն ու Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն արդեն երեք տարի է՝ լեզու չեն գտնում իրար հետ: Երբ 2008 թ. մայիս-օգոստոս ամիսներին ոռոգման ջրի անբավարար մատակարարման պատճառով գյուղացիներից շատերի մշակադաշտերը չորացան եւ դարձան անպտուղ, հողի եղեգնուտցի մշակները մեղավորներ փնտրեցին հենց ջրամատակարար ծառայությունում:
Չնայած նրան, որ շատերը ջրի վարձը կանոնավոր մուծել, անդորրագրերն էլ պահանջել-ստացել էին, այդուհանդերձ՝ ջուր չստացան: Գյուղացիների ասելով՝ ՋՕԸ-ի կամայականությունն իրենց նյութական ահռելի վնաս հասցրեց:
Եղեգնուտցիների բողոքն իր վրա սեւեռեց մի քանի համայնքային եւ պետական հանձնաժողովների ուշադրությունը: Առաջինը գյուղապետարանի ձեւավորած հանձնաժողովն էր, որը հաստատեց մշակադաշտերի անջրդի լինելու փաստը: Դրան հաջորդեցին Արմավիրի մարզպետարանի եւ ՀՀ փորձագիտական հանձնախմբերը՝ կրկին հաստատելով մշակադաշտերի չորացած լինելու փաստը:
Փորձագիտական հանձնաժողովը նույնիսկ գնահատել էր երեք գյուղացիների՝ Ալբերտ Դավթյանի, Սամվել Հարությունյանի եւ Կարապետ Կարապետյանի մշակադաշտերին հասցված ֆինանսական վնասի չափերը: Ըստ այդմ՝ Ալբերտ Դավթյանին հասցվել է 2,270 միլիոն դրամի վնաս, իսկ արցախյան պատերազմի մասնակից Սամվել Հարությունյանին՝ 4,5 միլիոն դրամի: «Երեք հեկտար հողը վարձակալել եմ, թե էլ ինչ ծախսեր եմ արել՝ չեմ հաշվում: Հույս ունեի, որ ստացած եկամուտով ոչ միայն ծախսերս կփակեի, այլեւ եկամուտ կստանայի: Բայց ջուր չտվեցին, ամեն ինչ չորացավ»,- ասաց նախկին ազատամարտիկը: Ամբավարար ջրամատակարարումը չի շրջանցել նաեւ 11 երեխաների հայր Կարապետ Կարապետյանին ու նրան էլ է վնասել: «Սեւ ջուր-Ախթամար» ՋՕԸ-ն, ըստ հանձնաժողովի կազմած ակտի՝ 3,4 միլիոն դրամի վնաս էլ բազմազավակ ընտանիքին է հասցրել:
Վնասի փոխհատուցման պահանջով երեք եղեգնուտցիները հարցը տեղափոխել են իրավական հարթություն:
Ի տարբերությում ՋՕԸ-սպառող ավանդական վեճերի, երբ հայցվոր կողմը սովորաբար ջրամատակարարներն են լինում, այս դեպքում ՋՕԸ-ի դեմ դատական հայց ներկայացնողները բնակիչներն են: «Մեզանում չկար նախադեպ, որ սպառողը բողոքեր ՋՕԸ-ի դեմ: Թեեւ ուզում եմ հավատալ արդարադատության անաչառությանը, բայց ինչ-որ տեղ զգում եմ, որ տանուլ ենք տալու: ՋՕԸ-ի աշխատանքներից այնքան բողոքավորներ ու տուժածներ կան, որ եթե մեր դեպքում դատարանը հօգուտ մեզ վճիռ կայացնի, ջրօգտագործողներից դժգոհ հողագործները հերթով կդիմեն դատարան»,- կարծիք հայտնեց Կարապետ Կարապետյանը:
Թեեւ եղեգնուտցիներից շատերն են տուժել անբավարար ջրամատակարարումից, բայց արդարադատությանն են դիմել նրանք, ովքեր ջրամատակարարների հետ պայմանագրային պարտավորություններում անթերի են եղել, ժամանակին մուծել են ջրի վարձն ու պահպանել անդորրագրերը: «Մարզպետարան՝ բողոքելու շատերը եկան. մոտ 30 հոգի, բայց դատարան՝ մենք երեքով դիմեցինք, որովհետեւ փաստացի վկայություններ միայն մենք ունենք»,- ասաց Կարապետ Կարապետյանը:
Արդեն երեք տարի է՝ եռյակի հայցը դատական բոլոր ատյաններում մերժվում է: Նախորդ երկու ատյանների վճիռները բողոքարկած Կարապետ Կարապետյանի հայցն էլ օրերս վերաքննիչ դատարանը մերժեց: «Եթե 10 000 դրամ որեւէ մեկից հափշտակած լինեի, ճաղավանդակներից այն կողմ կհայտնվեի, բայց որ ինձ միլիոնների վնաս են տվել, դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվում»,- դատարանին ասել էր բազմազավակ ընտանիքի հայրը:
Իսկ դատական բոլոր ատյաններն անցած Սամվել Հարությունյանն այնքան էր հիասթափվել հայրենի արդարադատությունից, որ արտահայտվելու ցանկությունն էլ էր մարել: Մի կերպ գոյատեւող նրա ընտանիքն արդեն երեք տարի է՝ մեջքը շտկել չի կարողանում:
Անդրդվելի է, սակայն, երրորդ տուժողը՝ Ալբերտ Դավթյանը: Երկու տարի առաջ, երբ դատական երեք ատյաններն իր հայցը մերժեցին, բողոքի ուղղությունը փոխեց Եվրոպա: «Դիմել եմ Եվրոդատարան, սպասում եմ պատասխանի»,- ասաց եղեգնուտցի հողագործը: Նրա կտրոնի վրա «Սեւ ջուր-Ախթամար» ՋՕԸ-ի նախկին աշխատակից՝ ջրբաշխ Վարազդատ Վարդանյանը, որն այս դեպքերի հետ կապված աշխատանքից ազատվել եւ արտագնա աշխատանքի է մեկնել, գրել էր՝ «Ջուր չկա, դաշտը չորացել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել