Լրահոս
Օրվա լրահոսը

Բորտուղեկցորդ՝ հոգեբան, բուժաշխատող եւ մամա…

Հուլիս 23,2011 00:00

«Արմավիայի» վերջերս նկարահանած եւ «Եվրոնյուզով» ցուցադրվող գովազդային հոլովակում, որում նկարահանվել է Ժերար Դեպարդյոն, այսպիսի
մի կադր կա. Դեպարդյոն քնած է «Արմավիայի» վերջին ձեռքբերման՝ «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռի մեջ, եւ բորտուղեկցորդուհին զգուշորեն
ծածկում է նրան: Քնի մեջ մեծ ֆրանսիացուն թվում է, թե դա իր մայրիկի հոգատար ձեռքն էր, եւ կիսաքուն շշնջում է՝ «merci, mama», իսկ երբ
սթափվում է եւ տեսնում, թե որտեղ է, ասում է՝ «merci, Armavia…»:

Ըստ «Արմավիայի» բորտուղեկցորդների խմբի ղեկավար Նունե Բեգլարյանի՝ իրենք բազմաթիվ շնորհակալական խոսքեր են ստացել իրենց ուղեւորներից, որոնցում շեշտվում է «Արմավիայի» ուղեկցորդուհիների հոգատար վերաբերմունքի մասին:
Օրերս «Արմավիայում» ավարտվեց բորտուղեկցորդների հերթական խմբի ընդունելությունը: Այս կապակցությամբ մեզ հետ զրույցում Նունե Բեգլարյանը տեղեկացրեց, որ նման ընդունելություններ լինում են տարին մեկ կամ երկու անգամ՝ կախված թռիչքների քանակից: «Դիմորդները շատ-շատ են լինում, եւ, ցավոք սրտի, շատերն են տխրում, քանի որ չենք կարող բոլորին ընդունել: Ուղեկցորդ լինելու համար միայն ցանկությունը բավական չէ, պետք է ե՛ւ ֆիզիկական տվյալները, ե՛ւ առողջությունը, ե՛ւ արտաքին տեսքը, ե՛ւ լեզուների իմացությունը պատշաճ մակարդակի վրա լինեն: Քանի որ «Արմավիայի» բոլոր թռիչքները միջազգային են, լեզուների տիրապետման մակարդակը առաջնային հարցերից է: Թյուր կարծիք կա, որ բորտուղեկցորդուհիները միայն թեյ եւ սուրճ մատուցելու համար են: Ամենեւին ոչ: Մեր ուղեկցորդները առաջին հերթին թռիչքների անվտանգության ապահովմամբ են զբաղվում, այդ իսկ պատճառով նրանք առնվազն երեք ամիս որակավորման կուրսերի են հաճախում, որի ընթացքում սովորում են հոգեբանություն, բժշկություն՝ առաջին օգնություն, այդ թվում՝ ծննդօգնություն, էթիկա, պատմություն… Չէ՞ որ Հայաստան թռչող օտարերկրացու համար Հայաստանը առաջինը ներկայացնում ենք մենք՝ «Արմավիայի» անձնակազմը, բորտուղեկցորդներս, եւ հենց մեզնից են նրանք ստանում առաջին տպավորությունը մեր երկրից: Դրա համար մեր ուղեկցորդները նաեւ հայոց պատմությանն են լավ տեղեկանում, որպեսզի կարողանան հիմնավորապես պատասխանել օտարերկրացիների հարցերին: Այս առումով կարծում եմ՝ «Արմավիան» իսկապես ազգային արժեք է, այնպես, ինչպես ազգային արժեք են մեր ազգի, մեր երկրի պատմության ընթացքում ձեւավորված, մեր ազգին բնութագրող ցանկացած երեւույթ եւ անգամ՝ բրենդ: Օրինակ՝ հայկական կոնյակը, հայկական ծիրանը, մեր պարերը, մեր երգերը, մեր եկեղեցիները, մեր հեքիաթները, մեր մշակույթի երախտավորները, մեր հերոսները, մեր ազգային ավիափոխադրողը եւ, ինչու ոչ՝ նաեւ «Արմավիայի» ինքնաթիռները, որոնցից յուրաքանչյուրը անուն ունի՝ «Հովհաննես Այվազովսկի», «Մարտիրոս Սարյան», «Արամ Խաչատուրյան» եւ այլն… Ուզում եմ ասել՝ չի կարելի, անընդունելի է երշիկի կամ հավկիթի հետ համեմատել ազգային ավիափոխադրողին, որը ներկայացնում է մեր երկիրը դրսում, որը, ինչպես մյուս երկրների ավիափոխադրողները՝ իրենց երկրների համար, համարվում է Հայաստանի օդային դեսպանը, քանի որ երկինք է բարձրացնում հայկական եռագույնը…»:
Մեր հարցին, թե քանի բորտուղեկցորդ ունի ներկայումս «Արմավիան», Ն. Բեգլարյանը պատասխանեց. «Ներկա պահին ունենք 115 ուղեկցորդ, նրանք բոլորն էլ անցնում են համապատասխան որակավորման դասընթացներ, համապատասխանում են միջազգային չափանիշներին: Ընդ որում, մեր ուղեկցորդուհիները ոչ միայն մեզ մոտ են վերապատրաստվում, այլեւ դրսում՝ Մոսկվայում, Վենետիկում… Երբ ուղեւորը մտնում է օդանավ, դա նրա առաջին առնչությունն է մեր երկրին, եւ մենք պիտի պատշաճորեն ներկայացնենք մեր երկիրը: Ուզում եմ մի դեպք պատմել, որը պատահեց վերջերս: Փարիզից գալիս էինք, մի ծեր կին մտավ օդանավ եւ ասաց՝ ես արդեն Հայաստանում եմ, նրա որդին ասաց՝ մամ ջան, սպասիր, մենք դեռ տեղ չենք հասել, ասաց՝ տղաս, ես արդեն Հայաստանում եմ, իսկ հինգ ժամից տանը կլինեմ: Մեր ազգի նվաճումն է, որ մենք, լինելով փոքր պետություն, ունենք եւ ողջ աշխարհին ներկայացնում ենք նման կայացած, ես կասեի՝ հզոր ավիաընկերություն: Ունենալով համեմատաբար փոքր ավիապարկ՝ «Արմավիան» հավասար դիրքերում է հսկա ընկերությունների հետ՝ AirFranc, KLM, bmi եւ այլն: Այսօր մենք AirFranc-ի հետ ունենք «Code share» պայմանագիր, եւ ասեմ, որ ոչ բոլոր ավիաընկերություններին է հաջողվում նման պայմանագրեր ունենալ: Երկու տարին մեկ մեր ընկերությունը անցնում է եվրոպական աուդիտորական ստուգումներ IOSA-ի կողմից, եւ ամեն անգամ հաջողությամբ ստանում ենք սերտիֆիկատը»: Մեր դիտարկմանը, որ երբեմն ուղեւորները դժգոհում են, որ օդանավերի նստարանները ճղված են, անկարգ եւ աղմկոտ ուղեւորներ են պատահում թռիչքներում, Նունե Բեգլարյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ մենք անթերի ենք, մենք զարգացող ընկերություն ենք, եւ, բնականաբար, կան թերություններ: Մենք երբեք չենք դժգոհում, երբ մեր իրական թերության մասին խոսում կամ քննադատում են, բայց դա չի նշանակում, որ կարելի է «Արմավիան» համեմատել երշիկի կամ հավկիթի հետ: Ինչ վերաբերում է ճղված նստարաններին, ասեմ, որ բնականաբար, դա ոչ թե ինքնաթիռի անձնակազմի, այլ ուղեւորների «ձեռքի գործն է»: Բայց նման բաները միշտ շտկվում են, որովհետեւ մեր օդանավերը Եվրոպայում ստուգումներ են անցնում եւ պիտի համապատասխանեն բոլոր չափանիշներին: Ավիաընկերության սեփականատերը տարեկան հսկայական գումարներ է ծախսում՝ եւ օդաչուներ պատրաստելու, եւ նոր տեխնիկա ձեռք բերելու, եւ սպասարկումը լավացնելու, եւ օդանավերը արդիականացնելու համար: Պարբերաբար նորոգվում են ինքնաթիռները: Անկարգ ուղեւորների քանակն էլ կարծես քչացել է»:
Ուղեկցորդները ավիաուսումնական կենտրոնում երեք ամիս սովորելուց հետո, ըստ բորտուղեկցորդների խմբի ղեկավարի, որոշ ժամանակ էլ գործնական պարապմունքներ են անում, ծանոթանում օդանավերի կառուցվածքին, որոշակի փորձառություն ձեռք բերում, ապա նոր թռիչքի իրավունք ստանում. «Մեզ մոտ աշխատանքի անցնելու ցանկություն են հայտնում նաեւ օտարերկրացիները՝ ներկա պահին CV-ներ եմ ստացել Չեխիայից, Հոլանդիայից, Հունգարիայից, Իտալիայից… Բայց մենք, ճիշտն ասած, նախընտրում ենք մեր հայուհիներին, որովհետեւ նրանք երկրի դեմքը պետք է ներկայացնեն: Մեկ շաբաթ առաջ էլ ստացանք շատ գեղեցիկ նոր համազգեստ՝ հերթական ամառային հավաքածուից: Մեր համազգեստները հաճախակի փոխվում են, ունենում ենք ամառային եւ ձմեռային հավաքածուներ, որպեսզի մեր տեսքը համապատասխանի ավիաընկերությանը: Յուրաքանչյուր ինքնաթիռ սպասարկում է 2-5 ուղեկցորդ՝ կախված ուղեւորների քանակից: Ընդունելության ժամանակ տարիքային սահմանափակում ունենք՝ մինչեւ 30 տարեկան, բայց արդեն աշխատանքի մեջ նման սահմանափակում չենք դնում, եւ այսօր ունենք շատ փորձառու ուղեկցորդուհիներ, որոնք կաշխատեն այնքան, որքան իրենց առողջությունը թույլ կտա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել