Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԿՐՈՒՄ ԼԻՆԻ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ

Օգոստոս 13,2011 00:00

Ասում է ՀԱԿ-ի հետ երկխոսության կոալիցիայի  աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը

– Անցած օրերի ընթացքում լսելով օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ միջադեպի մասնակից երկու կողմերին՝ ի վերջո, ի՞նչ եզրակացության եք եկել կատարվածի վերաբերյալ:
– Դժվար է դատել, թե իրականում ինչ է կատարվել: Ընդամենը կարող եմ ասել, որ, լսելով ՀՀ ոստիկանապետի խոսքը եւ տեսնելով այն տեսագրությունը, որը կատարվել էր ոստիկանության բաժնում՝ ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ ի սկզբանե միջադեպի նախաձեռնությունը եղել է երիտասարդներինը, ոստիկանները նախապես որեւէ շփում չեն ունեցել նրանց հետ: Ընդգծում եմ՝ ունեմ շատ հիմնավոր կասկած, որ ՀՀ ոստիկանապետի ասածը մոտ է ճշմարտությանը:
– ՀԱԿ-ի հայտարարությունից եւ իր համակիր մամուլի միջոցով փոխանցվող ուղերձներից արդեն իսկ ակնհայտ է, թե այս միջադեպը կարող է պատճառ դառնալ, որ դադարեցվի երկխոսությունը, քանի որ դրա նախապայման էր համարվել քաղբանտարկյալներ չլինելը, իսկ այդ 7 երիտասարդների կալանելը կհամարվի քաղաքական հետապնդումների վերսկսում:
– Ես համարում եմ, որ շատ վտանգավոր մոտեցում է արդարացնել ու փորձել պաշտպանել ցանկացած արարք՝ ելնելով զուտ արարքը կատարած անձի քաղաքական հայացքներից: Արդյոք մենք ուզո՞ւմ ենք ունենալ երկիր, որտեղ ոստիկան չլինի եւ յուրաքանչյուրը վարվի այն կանոնով, որն ինքը համարում է ճիշտ: Ստեղծված իրավիճակը, որը ՀՀ ոստիկանապետը բնորոշեց իբրեւ «ոստիկանաորս»՝ ցավոք, մեծապես համապատասխանում է իրականությանը, եւ կարծում եմ՝ դա կարող է երկիրը տանել դեպի քաոս: Ինձ համար երկխոսությունը կարեւոր է, բայց շատ ավելի կարեւոր է, որ երկրում լինի պատշաճ կարգուկանոն: Չեմ ասում, թե մեր ոստիկանությունն արհեստավարժ է: Չեմ ասում, թե մեր ոստիկանությունը լավագույնն է կամ այն ոստիկանությունն է, որ կուզենայի տեսնել մեր երկրում: Բայց դա ամենեւին չի նշանակում, թե ոստիկանի նկատմամբ կարելի է դրսեւորել այդպիսի վարքագիծ: Չի նշանակում, թե կարելի է միջամտել նրա պարտականությունների կատարմանը: Եվ դա ամենեւին չի նշանակում, թե ոստիկանի նկատմամբ պետք է հարձակում գործել եւ նրան պատճառել մարմնական վնասվածք, անգամ եթե դիտարկողը համարում է, թե ոստիկանը թերի կամ սխալ է կատարում իր պարտականությունները:
– Բայց դա նաեւ չպիտի նշանակի այն փաստերը, որոնք արձանագրվել են այս միջադեպի ընթացքում: Ակնհայտ է, որ այդ երիտասարդների վրա կան բռնության հետքեր, պնդում են, թե նրանց զրկել են պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունից, հայտնի է, որ նրանց բերման ենթարկելուց հետո տեւական ժամանակ զրկել են իրավական օգնություն ստանալու իրավունքից եւ բռնություն են կիրառել անգամ փաստաբանների նկատմամբ:
– Մենք բոլորս կարծես փորձում ենք վերջնական եզրահանգումներ անել այս կամ այն հայտարարության հիման վրա: Ես այդ պատճառով ասացի, որ հիմնավոր կասկած ունեմ կատարված արարքի վերաբերյալ, բայց դա ամենեւին չի նշանակում, թե մյուս բոլոր ներկայացվող հարցադրումները՝ լինի դա բռնություն գործադրելը կամ բուժօգնություն չցուցաբերելը, չպետք է դառնան քննության առարկա: Ի դեպ՝ ուժ գործադրելը օրենքով թույլատրված է, եթե մարդը դիմադրություն է ցույց տալիս կամ, եթե նրան բերման են ենթարկում ու հրաժարվում է կամովին ենթարկվել պահանջին: Եղելությունը պարզելու համար անհրաժեշտ է քննություն, եւ ես ամենեւին չեմ ժխտում դրա անհրաժեշտությունը, բայց դրա համար ցանկացած երկրում գոյություն ունեն պատշաճ ընթացակարգեր:
– Այնուամենայնիվ, հնարավոր է, որ շուտով հայտնի լինի ՀԱԿ որոշումը՝ երկխոսությունը դադարեցնելու մասին: Ինչպիսի՞ն կլինի Ձեր արձագանքը, եթե ՀԱԿ-ն իրոք կայացնի նման որոշում:
– Երկխոսություն հանուն երկխոսության չի լինում: Երկխոսությունն իհարկե ունի շատ կարեւոր նպատակներ՝ ստեղծել հանդուրժողականության պատշաճ մթնոլորտ երկրի առաջընթացի, զարգացման համար, պատշաճ մթնոլորտ հերթական ընտրություններում, հետընտրական շրջանում: Բայց այս նպատակներն որքան էլ կարեւոր լինեն՝ չեն կարող համարվել այնքա՜ն կարեւոր, որ երկիրը գնա հասարակական կարգ ու կանոնի պահպանման ձախողման: Եվ եթե մյուս կողմը սա օգտագործի որպես պատրվակ՝ դուրս գալու երկխոսությունից, նշանակում է, իրականում մենք դեռեւս հասունացած չէինք այս երկխոսության համար: Ի դեպ, ասելով «մենք»՝ նկատի ունեմ մեր հասարակությանը, քաղաքական ուժերին: Դա կնշանակի, որ մենք դեռեւս չենք կարողացել ստեղծել այն միջավայրը, երբ կարող ենք իրար հետ քաղաքակիրթ երկխոսել: Դա շատ վատ է, քանի որ ինչ-որ մի պահ երկրում պետք է կայանա երկխոսություն: Եվ շատ ցավալի կլինի, եթե իսկապես սա փորձ արվի օգտագործել իբրեւ պատրվակ՝ ես հատուկ նշում եմ «պատրվակ» եւ ոչ թե «պատճառ» բառը: Քաղաքականության մեջ լինում են այդպիսի երեւույթներ, երբ պատրվակներ են փնտրում քաղաքական միավորներ շահելու համար: Հավանաբար սա կլինի այդ դեպքերից մեկը:
– Սակայն ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ կատարվածը դիտարկել է «որպես իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը: Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին եւ նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը»: Արդյոք իշխանությունը պատրաստե՞լ է իր պատասխանը ՀԱԿ-ի 87 էջանոց հիմնավորումներին:
– Նախ, կարծում եմ, այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված է անձանց, որոնք զուրկ են վերլուծության անգամ միջին կարողություններից, քանի որ այդ 87 էջանոց փաստաթղթում ամենեւին չկա որեւէ նոր բան, որը չի հնչել հանրահավաքներում, հրապարակային ելույթներում եւ այլն:
Երկրորդը՝ անկախ նրանից, թե ՀԱԿ-ը կշարունակի երկխոսությունը կամ ոչ՝ մենք մեր պատասխանը, որը նախապատրաստվում է՝ ներկայացնելու ենք հանրությանը: ՀԱԿ-ի հարցադրումները հնչել են հրապարակայնորեն, եւ մենք դրանց պետք է արձագանքենք հրապարակայնորեն: Ի վերջո, այս երկխոսությունը մեր սեփական գործընթացը չէ՝ սա հանրային գործընթաց է, այլ խնդիր է, որ դա իրականացվում է որոշակի ձեւաչափով: Բայց դրա արդյունքները պետք է լինեն հանրային սեփականության առարկա:
– Եղել են տեղեկություններ, որ պատրաստվում է նաեւ կոալիցիայի առաջարկած օրակարգով՝ «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում» մի փաստաթուղթ: Ուսումնասիրելով այն ամենը, ինչ հրապարակվել է դրա բովանդակության վերաբերյալ՝ հարգել ընտրական գործընթացի մասնակիցների եւ ընտրողների իրավունքները, չխանգարել կամ չխափանել նախընտրական քարոզարշավը եւ այլն՝ չգտա եւ որեւէ դրույթ, որն արդեն իսկ կանոնակարգված չէ մեր օրենսդրությամբ: Ուրեմն՝ ի՞նչ խնդիր եք փորձում լուծել օրակարգային այս հարցի միջոցով:
– Ընդհանրապես՝ նման կանոններ վերջին երկու տասնամյակի ընթացքում մշակվել են այն երկրներում, որտեղ մինչ ընտրությունների գործընթացը սկսելն առկա էին շատ լուրջ հակասություններ քաղաքական դաշտի դերակատարների միջեւ: Անշուշտ, վարքագծի նման կանոնները շատ հաճախ կրկնում են հանրահայտ նորմերը, որոնք ամրագրված են միջազգային փաստաթղթերում եւ օրենքներում: Բայց այստեղ ամենակարեւորն այն է, որ քաղաքական գործընթացի մասնակիցները կամավո՛ր են ստանձնում այդ կանոնները եւ պարտավորվում միջոցներ ձեռնարկել անգամ իրենց համակիրների կողմից կանոնների պահպանման ուղղությամբ: Եվ փաստ է, որ բազմաթիվ երկրներում դա էական ու նշանակալից ազդեցություն ունեցավ ընտրական պատշաճ գործընթաց անցկացնելու համար: Այդ երեւույթը տեղի է ունեցել նաեւ հարեւան Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ մասնակից 9 կուսակցությունները, որոնց հայացքները շատ հաճախ միմյանց ուղղակիորեն հակասող էին եւ առկա էր քաղաքական թեժ լարվածություն՝ ընդունեցին վարքագծի նման կանոններ:
Վարքագծի կանոնների նախագիծը, որը մենք պատրաստում ենք՝ նախագիծ է զուտ քննարկման համար, քանի որ նման կանոնները պետք է ձեւավորվեն քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ միասին: Ենթադրում եմ, որ այս կանոնների քննարկման առումով անպայման իրենց խոսքը պետք է ասեն ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները, քանի որ շատ կարեւորում եմ նրանց կարծիքը՝ վարքագծի նման կանոնների մշակման ժամանակ:
Երկրորդ կարեւոր գործոնը, որն էապես բարձրացնում է հանրային վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ եւ որը նախատեսվում է նման կանոններում՝ քաղաքական գործընթացի մասնակիցների միջեւ մշտական շփումն է: Նմանատիպ երկխոսություն, որ հիմա ծավալվել է իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ՝ պիտի լինի հիմնական բոլոր դերակատարների միջեւ: Եվ կանոնները ստորագրող քաղաքական գործընթացի մասնակիցները ստանձնում են պարտականություն միմյանց հետ շփվելու եւ փորձելու հարցերը լուծել շփումների միջոցով: Շփումները շատ հաճախ բացակայում են լարված իրավիճակներում:
– Այս փաստաթուղթը քննարկման համար ներկայացնելու եք նաեւ ՀՅԴ-ին, «Ժառանգությանը» եւ արտախորհրդարանական հնարավոր բոլոր ուժերի՞ն:
– Այո՛:
– Բայց եթե այդ կանոնների քննարկմանը ներգրավված չլինի ընդդիմադիր ամենաարմատական դերակատարը՝ որքա՞ն կլինի դրա օգտակար գործողության գործակիցը:
– Սա այն դեպքն է, երբ կասեմ՝ շատ ափսոս: Բայց դա ամենեւին չի նշանակում, թե մենք չենք փորձելու ստեղծել պատշաճ մթնոլորտ առնվազն մյուս բոլոր մասնակիցների միջեւ, որոնք ցավում են մեր երկրի ապագայի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել