Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆՅՈՎՐ»

Սեպտեմբեր 06,2011 00:00

Ըստ WikiLeaks-ի, դրանցից մեկը, որը ձեռնարկել էր ՀՀ առաջին նախագահը, առաջացրել էր ԱՄՆ դեսպանի դժգոհությունը:

\"\" \"\"

Հայ ազգային կոնգրեսի 2008թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդգծված հակաարեւմտյան եւ հակաամերիկյան ելույթը դեռ երեք տարի առաջ լրջորեն մտահոգել է ԱՄՆ իշխանություններին: Դրա մասին է վկայում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի՝ Պետդեպին հասցեագրված  կոնֆիդենցիալ նամակը, որը հրապարակել է WikiLeaks-ը: Տիկին դեսպանի նամակը թվագրված է 2008թ. հոկտեմբերի 27-ով: Բայց նախ՝ հիշեցնենք Տեր-Պետրոսյանի ելույթի այն դրույթները, որոնք մտահոգել էին դեսպանին. «Երես թեքելով Ռուսաստանից եւ լիովին ապավինելով Արեւմուտքին՝ հանձինս ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում ՀՀ արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ ԼՂ հակամարտության միակողմանի կարգավորումը», եւ որ «ԼՂ հարցի միակողմանի լուծումը Արեւմուտքի կողմից, այն էլ Թուրքիայի ամենագործուն մասնակցությամբ», «կարող է հանգեցնել ազգային աղետի»։
Գաղտնազերծված փաստաթուղթը վերաբերում է այս հանրահավաքից օրեր անց տեղի ունեցած Յովանովիչ-Դավիթ Շահնազարյան հանդիպման բովանդակությանը: Ըստ փաստաթղթի, «վկայությունն առ այն, որ ԱՄՆ-ն դժգոհ է այդ ելույթից, դեսպանը նախընտրել էր հոկտեմբերի 20-ին՝ երկուշաբթի օրը, նախապես նշանակված հանդիպումը նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ՝ առանց բացատրությունների, չեղյալ համարել՝ նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի անհաջող ելույթը ԱՄՆ-ի դեմ: Մեսիջն ակնհայտորեն տեղ էր հասել, քանի որ Շահնազարյանը նույն օրը դիմեց մեզ՝ պնդելով դեսպանի հետ հանդիպելու խնդրանքը»:
Հանդիպման ժամանակ, որը կայացել էր հոկտեմբերի 21-ին, դեսպանը Շահնազարյանին ասել էր, որ չնայած նախապես արված զգուշացումներին, ամերիկյան կողմը խորապես հիասթափված է Տեր-Պետրոսյանի ելույթի բովանդակության եւ շեշտադրումների առնչությամբ: Յովանովիչը ափսոսանք է հայտնել այդ «քաղաքական օպորտունիզմի դրսեւորման» առնչությամբ, նաեւ ընդգծել էր, որ «Ֆրիդը Հայաստանը լքելուց առաջ ծանոթացել էր Տեր-Պետրոսյանի ելույթի բովանդակությանը եւ լրջորեն դժգոհ էր: Երբ Ֆրիդը հանդիպել էր Շահնազարյանի եւ Տեր-Պետրոսյանի ալյանսի առանցքային այլ դեմքերի հետ, նա կարծիք էր հայտնել, որ Տեր-Պետրոսյանը պետք է գործի Հայաստանի ազգային շահերից, եթե անգամ դա պահանջի մի կողմ դնել «քաղաքական պարտիզանությունը»: Տեր-Պետրոսյանն ընտրել էր հակառակ ուղին»:
«Հակասություններ շարքերում» վերտառությամբ դեսպանը գրել է. «Շահնազարյանը պնդում է, որ նա բանավիճել է Տեր-Պետրոսյանի հետ՝ հոկտեմբերի 17-ի ելույթի շեշտադրության առնչությամբ՝ մասնավորապես Միացյալ Նահանգներին ուղղված մեղադրանքների առնչությամբ: Դեսպանն ընդգծված հիշեցրել է, որ Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի հարցում միջնորդական դերակատարության համատեքստում ԱՄՆ-ին մեղադրել է «կրկնակի անբարոյականության» մեջ: Շահնազարյանը համաձայնեց, որ դա անարդար հռետորաբանություն էր, եւ ասաց, որ Տեր-Պետրոսյանը միշտ համոզված է եղել, որ այդպիսի կոշտ արտահայտությունները «անհրաժեշտ են Շարժումը միավորված պահելու համար»՝ հատկապես, երբ ոչ պոպուլյար (իրենց տեսանկյունից) հայտարարությունն արվում է հանրահավաքների ավարտին»: Ըստ Յովանովիչի, «Շահնազարյանը կրկնեց հոկտեմբերի 14-ին հայտնած իր կարծիքը, բայց այս անգամ ավելի առաջ գնաց՝ բացահայտելով Տեր-Պետրոսյանի հանրային հայտարարությունների էությունը: Նա համաձայնեց Թուրքիայի եւ ԼՂ հարցերում առաջընթացի հասնելու հնարավորության հարցում, եւ որ դա Հայաստանի ազգային շահերից է բխում: Նա ասաց. «Եթե դուք ասեք ինձ, որ Սերժ Սարգսյանը կարող է լուծել ԼՂ հակամարտությունը եւ Թուրքիայի հետ խնդիրը եւ Հայաստանից դուրս բերել ռուսական զորքերը, ես կլինեմ նրա թիվ մեկ աջակիցը»: Նա կասկածում էր, որ Սարգսյանը կարող է հասնել դրան: Նա պնդեց, որ խոսել է ԼՂ պատերազմին մասնակցած «հրամանատարների» հետ, որոնք մեծ անհանգստություն են հայտնել ԼՂ հարցի բանակցություններում կառավարության դիրքորոշման առնչությամբ: Շահնազարյանը մտահոգություններ հայտնեց ԼՂ բանակցություններում կոնկրետ երկու հարցերի վերաբերյալ, որոնց առնչությամբ նա համարում էր, որ ՀՀ գործող վարչակազմը կարող է շատ ավելի զիջումներ անել. առաջին՝ առաջիկայում վերադարձնել Ադրբեջանի փախստականներին ԼՂ շրջակա (մյուս զավթված) տարածքները, երկրորդ՝ գնալ որեւէ փոխզիջման ՀՀ-ն ԼՂ-ի հետ կապող Լաչինի միջանցքի վերահսկողության համատեքստում»:
Հանդիպման ժամանակ դեսպանը հաստատել է ԱՄՆ հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ վարվող բանակցային գործընթացին, վճռականությունը՝ օգնել կողմերին բանակցությունների ճանապարհով լուծման հասնելուն: Նա շեշտել է, որ գործընթացն առաջ է գնում, եւ այն պիտի շարունակվի: Ըստ փաստաթղթի, Յովանովիչն ասել է, որ ԱՄՆ-ն հասկանում է քաղաքական գործիչներին. «Յուրաքանչյուր երկիր ունի իր ներքաղաքական մանյովրները, եւ դա նորմալ է: Այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանի ելույթը՝ փաստերի աղավաղումներով, կարծես անցնում է հանրային ազնիվ բանավեճի սահմանները: Նա ասել է, թե ժամանակն է, որ Հայաստանում բոլոր խավերը համախմբվեն ազգային շահերի շուրջ: Շահնազարյանն ընդունեց այդ տեսակետը, բայց պնդեց, որ Հայ ազգային կոնգրեսի «որոշումը՝ դադարեցնել հանրային հանրահավաքները, կարող է ամրապնդել նախագահ Սարգսյանի դիրքերը ԼՂ բանակցություններում եւ տալ նրան բավարար մանեւրելու դաշտ: Նա պնդեց, որ չնայած հոկտեմբերի 17-ի ելույթի հռետորաբանությանը, Տեր-Պետրոսյանի հիմնական տեսակետը Արեւմուտքի եւ ԼՂ-ի ու Թուրքիայի վերաբերյալ չի փոխվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել