Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատժելիության մթնոլորտ

Սեպտեմբեր 08,2011 00:00

Այդպես են, համենայնդեպս, ընկալվում բանակում մահացության եւ դաժան վերաբերմունքի դեպքերը:

Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի նախաձեռնությամբ լրագրողների համար փակ աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել պատգամավորների, ՀՀ ՊՆ  տարբեր ծառայությունների ղեկավարների, ՀՀ ՄԻՊ  գրասենյակի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, մի շարք իրավապաշտպանների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են բանակում առկա  մտահոգիչ խնդիրներն ու դրանց վերաբերող կանխարգելիչ միջոցառումների ընթացքը: Այդ հանդիպմանը մոտ մեկ ժամ մասնակցած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Առավոտի» հետ զրույցում նախ շեշտեց այդպիսի հանդիպումների անհրաժեշտությունը՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել Հրայր Կարապետյանի նախաձեռնությամբ՝ արձագանքելով հասարակական այն ընդվզմանը, որ վերջին օրերին նկատելի է բանակում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Պատգամավորի՝ հանդիպումից ստացած տպավորությամբ՝ «ՊՆ-ն տարբերություն չի դնում փաստի եւ դրա հասարակական ընկալման միջեւ: ՊՆ-ն, ի դեպ՝ բավականին հիմնավորված, ասում է, որ բանակում միջադեպերի առումով  կա դրական միտում: Բայց հարցն այն է, որ ո՛չ համապատասխան տեղեկատվություն տալու, ո՛չ հաշվետու լինելու փաստերը ՊՆ-ն դեռեւս լավ չի գնահատել: Նա ասում է իր արածի մասին, իսկ հասարակությունը տեսնում է  չարածը»,- նշել է տիկին Ալավերդյանը:
Ալավերդյանն ասաց, թե ՊՆ երկու ներկայացուցիչների ելույթում եղել է նաեւ ինքնաքննադատություն, իսկ հ/կ-ների ներկայացուցիչների՝ մասնավորապես Ժաննա Ալեքսանյանի եւ Արթուր Սաքունցի ելույթներում կային այդ ընկալման հետ կապված հարցադրումներ: «Բոլոր դեպքերում մահացության եւ դաժան վերաբերմունքի դեպքերի հասարակական ընկալումն այն է, որ  պատժելիության սկզբունքը համապատասխան եւ համարժեք դրսեւորում չունի, ինչը նաեւ իմ անձնական գնահատականն է՝ որպես «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի ներկայացուցչի եւ որպես քաղաքացու: Չգիտեմ, թե ինչով ավարտվեց հանդիպումը, բայց շատ կուզեի, որ նման հանդիպումները կապված չլինեին էքստրեմալ դեպքերի հետ, եւ գործնականում փորձ արվի ապահովել ՊՆ-ում գործող երկու հասարակական խմբերի հաշվետու լինելն ու տեղեկությունը՝ մահացության այն դեպքերի մասին, որոնք կապված չեն սահմանի վրա տիրող իրավիճակի հետ: Ե՛վ Գեւորգ Կոստանյանը՝ որպես զինդատախազ, ե՛ւ ՊՆ  ներկայացուցիչները հավաստիացրին, որ պատրաստակամ են 2011-ին արդեն ինֆորմացիոն ոչ անհրաժեշտ գաղտնիության վարագույրը բացել, եւ Կոստանյանն էլ խոստացավ, որ  անցած տարիներին էլ կուտակված արյունոտ հարցականների տակ մնացած գործերի՝ ոչ պատշաճ կամ  ոչ արդար քննությունները վերանայվեն եւ վերաքննվեն: Իսկ հասարակությունը ոչ թե պիտի լսի եւ հավատա, այլ համագործակցի բանակի հետ»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Տիկին Ալավերդյանի դիտարկումները բանակում տեղի ունեցող երեւույթների վերաբերյալ կարդացեք վաղվա համարում:
Հանդիպման մասնակցած իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե նման քննարկման անցկացումը վկայում է, որ հասարակական կազմակերպությունների հնչեցրած ահազանգն ունեցել է իր ազդեցությունը. «Այս հանդիպումը ցույց տվեց, որ իրապես պաշտպանության նախարարությունը փորձում է ինչ-որ բան անել, բայց մենք ասացինք, որ դա մեզ չի բավարարում»: Իրավապաշտպանը չի կարծում, թե այդ հանդիպումը կարող է էական փոփոխություն մտցնել բանակում առկա խնդիրների վերաբերյալ իրենց կամ ՊՆ դիրքորոշումներում, եւ հավելել է, թե ՊՆ ներկայացուցիչների պահվածքը ավելի շատ պահպանողական, ինչ-որ տեղ նաեւ պաշտպանական բնույթ ուներ. «Եվ, իհարկե, այն միտումը, որ պետք չէ Զինված ուժերի մասին միայն վատը խոսել, ցավոք սրտի, չհաղթահարվեց: Ճիշտ է, դրա մասին բարձրաձայն չէր ներկայացվում, բայց նման միտում, ըստ էության, գոյություն ուներ՝ չխոսել, միայն լավ խոսել կամ ընդհանրապես ոչինչ չասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել