Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է

Հոկտեմբեր 08,2011 00:00

Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունը հասարակական խնդիր է: Հայաստանի կանանց 69 տոկոսը բռնության է ենթարկվում ընտանիքում, հատկապես ամուսինների կողմից: Այդ մասին երեկվա ասուլիսում հայտնել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները: Կազմակերպության վիճակագրության համաձայն, այդ կանանց ընդամենը 29 տոկոսն է փորձում թեկուզ ինչ-որ կերպ փոխել իրավիճակը: «Խնդիրը շարունակական բնույթի է, քանի որ ապաստանի բացակայության, ինչպես նաեւ ֆինանսական կախվածության, հասարակական կարծիքի հանդեպ վախի եւ ամուսինների կողմից վրեժխնդրության մտավախության պատճառով նախընտրում են լռել այդ մասին»,- նշել է «Հասարակությունն առանց բռնության» կազմակերպության անդամ Աննա Նիկողոսյանը: Նրա ասելով, ընտանեկան բռնության զոհերին օգնություն պետք է ցույց տան ոչ միայն առանձին կազմակերպություններ, այլեւ իշխանությունների ներկայացուցիչները՝ ԶԼՄ-ների ներգրավմամբ: «Խնդրի նկատմամբ գրագետ մոտեցման դեպքում հայ կանայք, հնարավոր է, հասկանան, որ բռնության դեմ անհրաժեշտ է պայքարել, այլ ոչ թե հանդուրժել այն»,- ասել է նա:
ԲԼՈԳԵՐՆԵՐՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԽՆԴԻՐ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Երեկ Մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենամյա «ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը: Այս տարի, ի թիվս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, ցուցահանդեսին մասնակցում էին նաեւ բլոգերները: Նրանք պետք է երիտասարդներին սովորեցին, թե ինչպես են բլոգ բացում, այնտեղ գրառումներ անում եւ այլն: Ցուցահանդեսում նրանց համար հատուկ տեղ հատկացնելու գաղափարը «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանն» է, որի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի ներկայացմամբ, դրա պատճառն այն է, որ այսօր մեդիան էական դեր է կատարում բոլոր ոլորտների զարգացման գործում. «Դրա համար խնդրեցինք, որ բլոգերներն էլ գան ու ներկայացնեն իրենց աշխատանքը»: Մեր հարցին՝ բլոգերներն է՞լ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների նման ցուցահանդեսին մասնակցելու համար գումար վճարելու, Կ. Վարդանյանը պատասխանեց. «Բլոգերները անվճար են մասնակցում, նրանք հասարակական մարդիկ են, մենք նրանց վրա գումար չենք աշխատում»:
Չնայած ցուցահանդեսը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի էր, որտեղ անպակաս պետք է լիներ ինտերնետը, սակայն ռադիո «Վանի» բլոգում գրվել էր, որ «ԴիջիԹեք» էքսպոյում ինտերնետը բացակայում էր, եւ շատ բլոգերներ դրանից հիասթափված՝ հեռացել են ցուցահանդեսից, բայց հետո անլար ինտերնետին միանալու հնարավորություն ստեղծվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել