Լրահոս
Օրվա լրահոսը

«7 ԴՈՒՍՏՐԵՐՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵ՛Ք»

Հոկտեմբեր 19,2011 00:00

Հարսանեկան հայտնի «7 որդով սեղան նստես» բարեմաղթանքը չփոխելու դեպքում երկրի ժողովրդագրական խնդիրներն ավելի կխորանան:

\"\"

Երբ մեր երկրում ծննդօգնությունը դարձավ անվճար, երեխայի համար տրվող նպաստը կտրուկ ավելացավ, բոլորը ուրախացան, ավելի շատ մարդիկ սկսեցին մտածել երեխա ունենալու մասին, բայց կյանքը ցույց տվեց, որ մի քանի հազար դրամով ծնելիությունը չես խթանի եւ ազգը չես բազմացնի, հատկապես, որ այդ նպաստով մարդիկ հասցնում էին գնել երեխայի հազիվ մի քանի ամսվա միայն տակդիրները: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում նույն համոզմունքը հայտնեց նաեւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքերով՝ «Նախկինում միջին հաշվով 2 կին ունենում էր 3 երեխա, հիմա էլ է այդպես: Ավելին՝ 2010-ի հունվար-հունիս ամիսների ծնունդների թիվը երբ համեմատում ենք 2011-ի նույն ամիսների հետ, նույնիսկ 1000 ծնունդ նվազել է: Ինչը վկայում է, որ միայն նպաստներով կամ մեկ-երկու գործողությամբ հնարավոր չէ լուծում տալ այս խնդրին, որովհետեւ սոցիալ-տնտեսական ոլորտից բացի, պետք է բարելավել բարոյահոգեբանական վիճակը: Վերջին հետազոտություններից մեկը կատարելիս, երբ փորձում էինք պարզել, թե հայկական ընտանիքների՝ 3-4 երեխա ունենալու մոդելը ինչու է փոխվել 1-2 երեխայի մոդելի, պարզվեց, որ որպես երեխա չունենալու առաջնային պատճառ ոչ թե սոցիալական կամ բնակարանային պայմաններն էին, ինչպես սպասում էինք, այլ մարդիկ պատասխանում էին, որ չեն տեսնում իրենց ապագան Հայաստանում»: Մեր տարածաշրջանում Հայաստանն այնպիսի լուրջ ժողովրդագրական խնդիրներ ունի՝ ցածր ծնելիություն, բարձր միգրացիա եւ ծերացում, որ այլեւս ավանդական լուծումներն անօգուտ են, ուստի հոկտեմբերի 19-21-ը ՄԱԿ-ի հրավերով Երեւան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող ժողովրդագիրներ՝ Անատոլի Վիշնեւսկին, Սերգեյ Շերբովը, Ալֆոնս Լ. Մակդոնալդը, Վալերի Երիզարովը, որոնք փորձելու են քննարկել ու ոչ ավանդական լուծումներ առաջարկել՝ իրավիճակը շտկելու համար: Ըստ Գ. Հայրապետյանի՝ «Պետք է հասկանանք, թե ինչքանով է մեր երկիրը ժողովրդագրության առումով մրցունակ դաշտում, որովհետեւ մեր հարեւանները որոշակի ծրագրերով գայթակղում են, ու մենք աշխատուժ եւ ծնունդներ ենք կորցնում: Օրինակ, Ռուսաստանը հայտարարեց, որ հեռավոր շրջաններում բարվոք պայմաններ է տրամադրում եւ աջակցում՝ բիզնես սկսելու համար, ՌԴ-ն այսպես իր ժողովրդագրությունն է բարելավում, եւ մտավախություն կա, որ առաջին հերթին հայերը կգնան: Ուկրաինայում 2-րդ երեխան ունենալիս բավականին խոշոր, գայթակղիչ գումար են տալիս, ես ընտանիք գիտեմ, որ այնտեղ է գնում, որ ունենա իր երկրորդ երեխային: Իսկ Հայաստանի տված նպաստներն այդ առումով գայթակղիչ չեն»:
Աշխարհում ծնելիությունը խթանելու ընդունված 2 տարբերակ կա: Մեկը ֆինանսական մեծ աջակցությունն է մայրերին, մյուսը՝ կնոջ սոցիալական դերը միայն մայրությամբ սահմանափակելը: Մեր հարցին՝ քանի որ նպաստները չեն գործում, հնարավո՞ր է նորից հայ կնոջ պարտականությունները սահմանափակեն խոհանոցով ու երեխա ունենալով՝ պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Իմ համոզմամբ՝ մեր հասարակական գիտակցությունն անցել է այն սահմանագիծը, որ հայ կնոջը նորից դիտարկենք միայն խոհանոցում: Ճիշտ հակառակը՝ կնոջ դերը պետք է բարձրացնել: Այսօր, օրինակ, կնոջ աշխատավարձը տղամարդու աշխատավարձից մոտ 50 տոկոսով պակաս է, մարդիկ տղա ունենալով՝ շատ են ուրախանում, որովհետեւ նրա հետ մեծ հույսեր են կապում, տղային կերակրող ձեռք են համարում, կնոջ դերը նվաստացած է, եթե կնոջը բարձր աշխատավարձ տան՝ մարդկանց գիտակցությունը կփոխվի: Հիմա աղջիկ երեխան ընտանիքներում հիմնականում ոչ ցանկալի է, կինը հասարակության մեջ ընկալվում է որպես քիչ ունակ՝ ընտանիք պահելու»: Սեռային առումով մեր երկրում խնդիրն իսկապես լուրջ է: Գարիկ Հայրապետյանի խոսքերով՝ նորմայում 100 աղջկա պետք է բաժին ընկնի 105 տղա, հաշվի առնելով, որ տղամարդիկ ավելի շուտ են մահանում, կնոջ կյանքի տեւողությունն ավելի մեծ է, սեռերը հավասարվում են, բայց Հայաստանում 10 տոկոսի շեղում կա՝ 100 աղջկա բաժին է ընկնում 115 տղա: Մեր դիտարկմանը, որ շատ տղա ունենալը բանակի համար է լավ՝ Գ. Հայրապետյանը պատասխանեց. «Շատ տղա ունենալը մեծ խնդիր է: Չինաստանում եւ Հնդկաստանում այդ նույն խնդիրը կա եւ այնքան խորացավ, որ Չինաստանում հիմա 25%-ով բարձրացել է կրիմինալը, կանանց թրաֆիքինգով են զբաղվում, ընտանիք կա, որտեղ 3-4 եղբայր ապրում են 1 կնոջ հետ: Իսկ Հնդկաստանում, տարբեր գնահատականներով, 40-60 մլն տղամարդ այսօր չի կարողանում գտնել իր զույգին»: Որպեսզի մեր երկրում էլ կնոջ դեֆիցիտ չլինի ու բազմատղամարդ ընտանիքներ չձեւավորվեն՝ համաժողովի ընթացքում մասնագետները պիտի տարբերակներ առաջարկեն, թե ինչպես ստիպեն մայրերին՝ աղջիկներին աբորտ չանել, 7 զավակով սեղան նստել ու ծերացած հասարակությանը երիտասարդացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել