Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային եսի առեղծվածը

Հոկտեմբեր 25,2011 13:08

Նորա Բադալյանի «Լեդի Մակբեթը»

Այսօր Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում, Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում, կկայանա «Լեդի Մակբեթ» մոնոներկայացման պրեմիերան: Բեմադրիչը Հրաչյա Ղազարյանն է, դերակատարը՝ Նորա Բադալյանը, ինստալյացիան եւս նրանն է: «Առավոտի» հետ զրույցում դերասանուհին ներկայացրեց մոնոներկայացման կոնցեպտը եւ իր խաղը. դերասան, որը փնտրում է իր կերպարը՝ Արքա, Վհուկ, Բանքո, Մակդուֆ, Մակբեթ, Մարդասպան, Լեդի Մակբեթ… Կերպարնե՛րն են ընտրում դերասանին:

 Իսկ ինչո՞ւ հենց Լեդի Մակբեթ, եւ ինչո՞վ է իր Լեդի Մակբեթը տարբերվելու արդեն եղած 1000-ավորներից:
«1998 թվականին հեռացա Փոսի թատրոնից, ավելի շուտ՝ կոլեկտիվ հասկացությունից: Ինձ մոտ ստեղծագործական սթրեսային վիճակ էր՝ ինֆորմացիայի կուտակում, բայց նաեւ թատրոնի ճգնաժամ: 1997-ից արդեն ստեղծագործում եմ մենակ՝ ժամանակակից արվեստում: Սկսեցի վիդեո-արթից, հետո փերֆորմանս արեցի, ավելացավ ինստալյացիան, երաժշտությունը, ֆոտոն… Որպեսզի ասելիքդ հարուստ լինի, պետք է արվեստի բոլոր տեսակներին դիմես: Կարճ ասած՝ բեղմնավոր ստեղծագործական շրջան ունեցա, ընդհուպ Վենետիկի Բիենալեին մասնակցեցի՝ վիդեո-արթով, անհատական ցուցահանդեսներ եղան Շվեյցարիայում եւ այլուր: Վերջին գործս կոչվում էր «Եսի որոնումներ»: Կարգախոսն էլ այն էր, որ եթե կարող ես երազել, ուրեմն կարող ես նաեւ իրագործել: Այսինքն՝ մարդը կարող է ամեն ինչի հասնել, եթե ցանկանում է, ուղղակի խնդիրն այն է, թե ինչ գնով է դա անում: Մարդը պատասխանատու է ամեն ինչի համար, որովհետեւ ամեն բան ի վերջո վերադառնում է քեզ»,- ասում է դերասանուհին: Նա պատմեց, որ անցյալ տարի պատահաբար հանդիպել է Փոսի թատրոնի հիմնադիր Հրաչյա Ղազարյանին, ում աշխատաոճը եւ բեմադրության հանդեպ մոտեցումը իրեն միշտ էլ դուր են եկել: Ն. Բադալյանը պատմել է ռեժիսորին իր հաջողությունների մասին ու ասել, որ շատ է կարոտել բեմը: Հետո Հ. Ղազարյանի հետ միասին որոշել են մոնոներկայացում բեմադրել: Ինչո՞ւ մոնոներկայացում, որովհետեւ, դերասանուհու խոսքով. «Չգիտեմ մեկին, ում հետ կուզենայի խաղալ… Չեմ տեսնում այն մարդուն, ով կարող է արվեստի հանդեպ իմ մոտեցումներում համախոհ լինել»: Երկար ժամանակ միասին պիես են ընտրել, վերջում կանգ են առել Շեքսպիրի «Մակբեթի» վրա: Ի դեպ, 90-ականների վերջին Հ. Ղազարյանը մտադրվել էր «Մակբեթ» բեմադրել Փոսի թատրոնում, երկու ամիս փորձեր էին ընթացել, հետո ե՛ւ ինքը, ե՛ւ Ն. Բադալյանը հեռացել էին թատրոնից:
«Ինչ վերաբերում է այս մոնոներկայացմանը, շեշտը սկզբում Լեդի Մակբեթի վրա էր, բայց երբ դու շփվում ես շեքսպիրյան տեքստի հետ, հասկանում ես, որ սեռից պետք է դուրս գալ: Մարդը՝ արական թե իգական սեռի, նույն ցանկութուններն ունի»,- ասում է Ն. Բադալյանը, ում հերոսը մեկ ամբողջական կերպար է դարձել՝ մեկ Մակբեթ է, մեկ՝ Վհուկ, մեկ՝ Բանքո եւ այլն: Երբեմն այն Սարդ է հիշեցնում, որը ցանց է հյուսում ու հարմար պահի կործանում իր որսին: Մոնոներկայացման մեջ խորհուրդ ունեն ասեղները, թելերը, վերմակը: Հատկապես վերջինը ունիվերսալ խորհրդանիշ է:
«Լեդի Մակբեթի» ավարտն անորոշ է, վերջնական չե՛ս կարող ասել՝ պատժվո՞ւմ են ամեն գնով, դիակների վրայով անցնելու ճանապարհով իշխանության ձգտող մարդիկ: Դա թողնված է հանդիսատեսի երեւակայությանն ու արժեհամակարգին:
Ն. Բադալյանը մեզ հետ զրույցում հիացմունքով անդրադարձավ նյութի լեզվին. «Մեծագույն հաճույք է Շեքսպիրի տեքստի հետ աշխատելը, այն նաեւ մեծ պատասխանատվություն է պահանջում: Սկզբում վախի զգացողություն ունեի՝ հանկարծ որեւէ բառ չմոռանամ: Շեքսպիրը Բախի երաժշտության նման է, եթե որեւէ տեղ սխալվում ես, պետք է ամեն ինչ սկզբից նվագես»:
Իսկ մտավախություն չունի՞, որ չափից շատ սիմվոլները դժվար ընկալելի կդարձնեն հանդիսատեսին ուղղված massage-ը: Ն. Բադալյանը նշեց, որ գլխավոր փորձին ներկա հանդիսատեսի կողմից մոնոներկայացումը հրաշալի է ընդունվել, եւ ինչ-որ առումով «այդ մասով» կասկածները փարատվել են: Նաեւ հավելեց. «Այս ներկայացումը ակցիա է՝ դրված է սահմանի վրա, կարող է շա՛տ հավանեն, կարող է ընդհանրապես դուր չգա: Ի վերջո, մեր հերոսների արարքները ոմանց համար ընդունելի են, ոմանց համար՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31