ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոն շախմատային հանճար, աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերին (Robert «Bobby» James Fischer) կասկածել է խորհրդային հետախուզության օգտին աշխատելու մեջ: Այս մասին գրում է ամերիկյան «Ֆիլադելֆիա Ինքուայրեր» (Philadelphia Inquirer) թերթը:
Վեջերս, այսպես կոչված, «Ֆիշերի անձնական գործից» գաղտնազերծվել են սենսացիոն տեղեկություններ պարունակող նոր փաստաթղթեր, որոնք հրապարակվել են առաջին անգամ:
Ռոբերտ Ֆիշերը՝ կանանց մասին. «Շախմատն ավելի լավ է»
Կարդացեք նաև
Գործակալների բազմաթիվ զեկույցներից հետեւում է, որ հենց 1958 թվականին ԽՍՀՄ այցելության ժամանակ ՊԱԿ-ը կարող էր գեղեցկատես թարգմանչուհու միջոցով անկողին տանելով՝ հավաքագրել Բոբի Ֆիշերին, ինչին, ըստ փաստաթղթերի, նպաստել է երկար տարիներ Լուբյանկայի համար աշխատած նրա մայրը՝ Ռեգինա Ֆիշերը:
Խորհրդային հետախուզության պահեստի գնդապետ Սեմյոն Լազարեւը, որ երկար ժամանակ թաքցնում էր Ռեգինա Վենդերի (Ֆիշեր) հետ իր ծանոթությունը, պատմել է, որ նա բացառիկ աղջիկ էր, գիտեր ութ լեզու եւ հետախուզության համար իսկական գանձ էր: Ռոբերտը ծնողներից ժառանգել է լեզվական այդ ընդունակությունը եւ ինքն էլ տիրապետել է հինգ լեզվի: Սակայն, գնդապետի բացահայտմամբ՝ Ռոբերտի հայրը եղել է ոչ թե գերմանացի կենսաֆիզիկոս Հանս-Գերհարդ Ֆիշերը, այլ նրա ընկերը՝ Հունգարիայից մաթեմատիկայի ուսուցիչ Պոլ Նեմենին՝ Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրը եւ Ամերիկայում ատոմային ռումբի ստեղծման ծրագրի մասնակիցներից մեկը: Իսկ ինչ վերաբերում է թարգմանչուհուն, գնդապետի հավաստմամբ, Բոբին այն ժամանակ աղջիկների վրա ընդհանրապես չէր նայում: Դրա փոխարեն նա թարգմանչուհուն գնահատում էր միայն այն բանի համար, որ այդ աղջիկը տիրապետում էր խաղատախտակի վրա միայնակ արքային ձիով եւ փղով մատ հայտարարելու տաղանդին:
Գաղափարը փողով չես վաճառի

Այնուամենայնիվ, Խորհրդային Միության համար ո՞րն է եղել Ռոբերտ Ֆիշերի առաքելությունը: Նա փողի կարիք չուներ: Հենց Ֆիշերի շնորհիվ աշխարհի թագի համար մրցամարտերի եւ ընդհանրապես շախմատային մրցաշարերի պարգեւագումարները բազմապատկվեցին: Նա միշտ ասում էր. «Ես կհասնեմ այն բանին, որ շախմատը պակաս չհարգեն, քան բռնցքամարտը: Մոհամեդ Ալին որքան էլ պահանջի, ես իմ հերթական մրցելույթի համար ավելին եմ ուզելու»: Այնպես որ, Ռոբերտ Ֆիշերը հաստատ կոպեկների համար չէր օգնում ԽՍՀՄ-ին:
Ընդդեմ Ամերիկայի արտաքին քաղաքականության

Երբ մի անգամ հարցրել են, թե ո՞վ է ժամանակի մեծագույն շախմատիստը՝ ի՞նքը, թե՞ Կասպարովը, Ֆիշերն առիթը բաց չի թողել՝ գովաբանելու Ռուսաստանի այն ժամանակվա նախագահին. «Ինչպե՞ս կարող եք ինձ համեմատել այդ խարդախի հետ: Ես նրան այլ կերպ անվանել չեմ ցանկանում: Նա, պարզապես, հանցագործ է: Գիտեմ, որ նա հիմա փորձում է քաղաքականությամբ զբաղվել, դեմ է ելել նախագահ Պուտինին: Եվ դա արդեն բավարար է, որպեսզի ոչ միայն հավանություն տրվի Պուտինի գործունեությանը, այլեւ նա լիակատար աջակցության արժանանա»:
Հատուկ ծառայությունների համբերության բաժակը լցրել են Բոբիի՝ Հարավսլավիան բոյկոտելու Ամերիկայի վարած քաղաքականությունը հրապարակային քննադատող ելույթները: Սակայն աշխարհի չեմպիոնի ամենասկանդալային հայտարարությունները եղել են սեպտեմբերի 11-ին Ամերիկայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որ նա ուղիղ եթերում հնչեցրել է ֆիլիպինյան «Radio Bombo» ռադիոկայանով՝ հիացմունք արտահայտելով ահաբեկիչների գործողությունից: «ԱՄՆ-ը եւ Իսրայելը տասնամյակներ շարունակ եղեռն են կազմակերպում Պաղեստինում: ԱՄՆ-ում դրա համար ոչ ոք արցունք չի թափում: Վերջերս ամերիկացիները 1500 մարդ ոչնչացրին Իրանում եւ շարունակում են անընդհատ սպանել: ԱՄՆ-ում խոսում են սեպտեմբերի 11-ի ողբերգության մասին, բայց ոչ ոք չի հիշում Հիրոսիման եւ Նագասակին: Այնտեղ անհամեմատ շատ մարդ է զոհվել, քան Նյու Յորքում», – հայտարարել է Բոբի Ֆիշերը:
Հանճարեղ հրեան՝ մոլի հակասեմական

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































