
Պետքարտուղարը միաժամանակ շեշտել է, որ, այդուհանդերձ, աֆղանական եւ պակիստանյան իշխանությունների հետ ԱՄՆ-ի հարաբերություններում որոշակի լուրջ խնդիրներ դեռ կան: «Մեր աֆղանցի եւ պակիստանցի գործընկերների հետ աշխատելը միշտ չէ, որ հեշտ է, բայց նրանց հետ հարաբերությունները բխում են Ամերիկայի ազգային անվտանգության շահերից: Նրանցից հրաժարվելը կարող է վնասել այդ շահերին»,- ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
ԱՄՆ-ի եւ Պակիստանի հարաբերությունները բարդ փուլ էին մտել այն բանից հետո, երբ ամերիկյան զինվորականները այս տարվա մայիսին Պակիստանում հայտնաբերել եւ սպանել էին «աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ», «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենին: Ամերիկյան իշխանությունները տարակուսանք էին հայտնել՝ ինչպե՞ս կարող էր Պակիստանի կառավարությունը տեղյակ չլինել, որ բին Լադենը թաքնվում է այդ երկրի մայրաքաղաքից ոչ հեռու: Պակիստանի իշխանություններն էլ իրենց հերթին էին տարակուսել՝ ո՞ր իրավունքով է ԱՄՆ-ն առանց իրենց գիտության անկախ պետության տարածքում հատուկ գործողություն իրականացրել:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Աֆղանստան հարաբերություններին, ապա դրանք ավելի հաջող ընթացք ունեն, թեեւ Միացյալ Նահանգները պարբերաբար այդ երկրի ուշադրությունը հրավիրում է լրջագույն խնդիրների եւ առաջին հերթին՝ իշխանությունների կոռումպացված լինելու վրա:


















































