
«Ինտերֆաքսի» մատուցմամբ, Հյուսիսային եւ Հարավային Օսիաների միավորումը Ռուսաստանի կազմում Բիբիլովի նախընտրական ծրագրի առանցքային կետն է, որը նա հրապարակեց Ցխինվալիում: «Օսական ճեղքում. միասնություն, կարգուկանոն, զարգացում»: Սրանք են առաջիկա 10 տարիներին Հանրապետության զարգացման համար նախագահի թեկնածուի ներկայացրած հիմնական ուղղությունները: Բիբիլովի ասելով, այս երեք բաղկացուցիչներն են Հարավային Օսիայի վերածննդի գրավականը:
Միասնություն ասելով, թեկնածուն, նախեւառաջ նկատի ունի օս երկու ժողովուրդների միասնությունը եւ նրանց ամբողջականությունը գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ: Նա նաեւ հավելել է, թե միայն Ռուսաստանի հետ սերտ գործընկերության դեպքում է, որ «մենք կարող ենք հաջողության հույս ունենալ»: Ընդսմին, քաղաքական գործիչը շեշտել է, որ դա չի նշանակում, թե Հարավային Օսիան հենց հիմա պետք Ռուսաստանի կազմ մտնի: «Հյուսիսային Օսիայի հետ մեր միավորումը մեր վաղեմի երազանքն է, որից մենք երբեք չենք հրաժարվում: Բայց մինչ այդ` մենք պետք է հասնենք Հյուսիսային Օսիայի եւ ընդհանուր առմամբ նաեւ Ռուսաստանի մակարդակին»,- շեշտել է Բիբիլովը:
Նախագահի ընտրությունները Հարավային Օսիայում տեղի են ունենալու նոյեմբերի 13-ին: ԶԼՄ-ներում Ռուսաստանի կազմ Հարավային Օսիայի մտնելու մասին խոսակցություններն ակտիվացան այն բանից հետո, երբ օգոստոսի սկզբին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Սելիգեր-2011» երիտասարդական համաժողովում հայտարարեց, թե Հարավային Օսիան կարող է միանալ ՌԴ-ի, Բելոռուսի եւ Ղազախստանի ձեւավորած Մաքսային միությանը, իսկ ապագան «կախված կլինի հենց օս ժողովրդից»:


















































